‘Գոհար Սիմոնյան. Համայն աշխարհի հայություն, բա ո՞նց չէ’

2775

Որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի առիթով Բաղրամյան 26-ում  կատվախոտի թուրմի պակաս չէր զգացվի, ակնհայտ էր: Որ «իշխանական» քարոզչամեքենան անմիջապե՛ս գործի կդներ տարբեր տրամաչափի և ազդեցության իր համհարզներին, մեկ վայրկյան անգամ չէինք կասկածում:

Բայց որ այդ անպատվաբեր դերակատարումն ընդամենը ժամեր անց հատկապես Դաշնակցությո՛ւնն իր վրա կվերցներ՝ Կիրո Մանոյանի անտաղանդ «կատարմամբ», սա արդեն չափազանց էր նույնիսկ իշխանական գրպանում հարմար տեղավորված և, փաստորեն, նույնիսկ ինքնապահպանման տարրական բնազդն էլ կորցրած ՀՅԴ-ի համար:

Ասում եմ՝ անտաղանդ, որովհետև այն, ինչ Կիրո Մանոյանն է որպես փաստարկ  ներկայացնում ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքում, դպրոցական երեխան անգամ մեկ րոպեում կջախջախեր: Չխոսենք արդեն դրանում «գերդոզայավորված» չարության և ընտրված «հարազատ բառամթերքի» մասին…

Այնպես որ, Կիրո Մանոյանի չունեցած փաստարկներին անդրադառնալու անհրաժեշտություն բոլորովին չկա՝ նույն նեյնիմն է, նույն «թրքամետության բացահայտման» հին ցնորամտությամբ:

Բայց այդ դեպքում ինչո՞ւ եմ հիշատակում նրան, կամ ՀՅԴ-ին՝ կհարցնեք:

Շատ պարզ պատճառով և ընդամենը՝ մե՛կ նրբերանգի ընդգծմամբ:

Բանն այն է, որ ի թիվս մի շարք կարևորագույն հարցադրումների, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում կասկածի տակ էր առել այն հանգամանքը, թե որևէ հանձնաժողով երբևէ կհաջողեր հանդես գալ այնպիսի հռչակագրով, որի շուրջ համահայկական համախմբում կկայանար:

«Նման կարծիք հայտնելու բացատրությունն այն է, որ, ըստ Տեր-Պետրոսյանի, համայն հայություն չկա, նա մշտապես եղել է Հայաստանը Սփյուռքից բաժանելու կողմնակից գործիչ: Հաճախ փորձել է իրեն արդարացնել, թե դրանք իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքներ են, բայց փաստն այն է, որ դա իրողություն է»,- ահա այսօրինակ «փառահեղ ջախջախմամբ» է հանդես եկել Կիրո Մանոյանը՝ մոռանալով, որ ի տարբերություն իր՝ մատից ծծած պնդումների, այս արևի տակ իրապես զորավոր փաստերի պակաս չկա:

Եւ այդ փաստերից մեկն էլ այն է, որ Կիրո Մանոյանն ու իր կուսակցությունը ոչ միայն հանուն հայության, այլև նույնիսկ ամբողջ աշխարհի Դաշնակցության անունի՛ց հանդես գալ չեն կարող:

Եւ գիտե՞ք՝ ինչու:

Բացատրե՛մ:

Օրինակ՝ սրանից ընդամենը մի քանի տարի առաջ, 2011-ի օգոստոսին, ԱՄՆ Արևմտյան Ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն ծանր մեղադրանքներ էր հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին, իսկ Կալիֆորնիայի դաշնակցականները հրաժարվել էին մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ընդունելությանը, որը պետք է տեղի ունենար Լոս Անջելեսում,  Սերժ Սարգսյանի «պատվին» (չակերտներն, ի դեպ, բյուրոյինն են…):

ՀՅԴ-ն մեղադրել էր Սարգսյանին ամենածանր հանցանքներում: Նրանում, որ երկիրը հասցվել է ամայացման և սոցիալական ֆիասկոյի, որ ղարաբաղյան հակամարտության շարունակվող դիվանագիտական պայքարում Հայաստանը զիջել է իր դիրքերը Թուրքիային, իսկ որ ամենակարևորն էր՝  «այս իշխանությունը արժեզրկում է անկախության գաղափարն ինքնին»:

Կիրո Մանոյանն ու մյուս, այսպես կոչված, հայաստանյան դաշնակցականները, բնականաբար,  չպաշտպանեցի՛ն այս դիրքորոշումը: Ավելին՝ դեսպանի մակարդակով մասնակիցը եղան բոլոր այն մեղքերին, որոնք  ԱՄՆ Արևմտյան Ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն հասցեագրել էր Սերժ Սարգսյանին ու նրա կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: Իր հերթին՝ ամերիկյան դաշնակցականները հակառակ տեսակետով հանդես չեկան:

Ասացեք, խնդրեմ, մի՞թե հենց միայն այս փաստը չի վկայում այն մասին, որ Կիրո Մանոյանը նույնիսկ համայն աշխարհի դաշնակցականների անունից չի կարող հանդես գալ, ուր մնաց՝ աշխարհասփյուռ հայերի:

Եւ ընդհանրապես, Կիրո Մանոյանը ավելի լավ կանի ոչ թե զբաղվի այն քննությամբ, թե Տեր-Պետրոսյանի «որ մտքի տակ Էրդողանը կստորագրի, որի տակ՝ ոչ», այլ բացատրի, թե իսկապես էլ ինչպես են միմյանց համատեղվում Սևրի դաշնագիրը, որի ջատագովն է, իբր, այս Հռչակագիրը, և Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, որի առիթով նրանք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն էին պահանջում արտգործնախարարության դիմաց:

Էժանագին զազրախոսության փոխարեն նա և իր կուսակցությունը լավ կանեն հրապարակավ հանդես գան այն խոստովանությամբ, որ միակ իրական գործը, որով նրանք այժմ զբաղված են, սահմանադրական բարեփոխումների անվան տակ իրականացվող հերթական պետական հեղաշրջման պաշտպանությունն է, և, ինչպես Աղվան Վարդանյանն է սիրում ասել՝ «ո՛չ հենց այնպես»:

Անշուշտ՝ կոնկրետ ծառայության դիմաց:

Եւ եթե իրենց թվում է, թե այդ ծառայությունն էլ է համայն աշխարհի հայությանը մատուցվում, և հանուն դրա մենք էլ մե՛ր հերթին պիտի ըմբռնումով մոտենանք ՀՅԴ-Սերժ Սարգսյան սիրախաղին, չարաչար սխալվում են. «աշխարհից կտրված անգետների» ժամանակները, բարեբախտաբար, վաղու՜ց անցել-գնացել են…

Նախորդ հոդվածը‘Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն առաջադիմել է 5 հորիզոնականով’