‘Գոհար Սիմոնյան. Հիմա դա «նարնջագու՞յն», թե՞ «սոցիալական» ահաբեկչություն էր’

1925

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի «սահմանադրական տուրնեն» շարունակվում է: Եւ, ինչպես կանխատեսել էինք, Սահմանադրականության հոր «խմած կենացները գնալով ավելի են քաղցրանում»: Այս անգամ` Գյումրիում:

Փաստորեն, Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թե՛ Հոկտեմբերի 27-ը եւ թե՛ Մարտի 1-ը ահաբեկչություն են եղել: Ընդ որում՝ Ա1+-ին տված իր հարցազրույցում ՍԴ նախագահը ոչ միայն լույս չի սփռել ահաբեկչության բուն կազմակերպիչների եւ հեղինակների հարցի վրա, այլեւ, ուշադրությու՛ն, այս երկու ահաբեկչությունների հիմքն էլ «սոցիալական որոշ դժգոհությունների խտացման դրսեւորումն» է համարել:

Ասվածից, այսինքն, կարելի է եզրակացնել, որ երկու դեպքում էլ մեզանում ոչ թե ծրագրված կոնկրետ քաղաքական հանցագործություն է կատարվել, այլ, ինչպես ժամանակին Վազգեն Մանուկյանն էր պնդում` «մի խումբ ռոմանտիկներ ուղղակի իրենց դժգոհությունն են արտահայտել»:

Բայց հետաքրքիրն այն է, որ եթե նույնիսկ ոմանք կարողանան Հոկտեմբերի 27-ի մասով ինչ-ինչ միամիտների համոզել «ռոմանտիկ եւ դժգոհ հայրենասերների» հարցում,  Մարտի 1-ը շարունակում է խնդրահարույց լինել հենց միայն այն պատճառով, որ մինչեւ հիմա ընդդիմության կողմից որեւէ կրակողի անուն չի տրվում: Ասել է թե` եթե նույնիսկ  Մարտի 1-ը ահաբեկչություն համարենք, ուրեմն՝ ահաբեկիչներ են եղել օրվա իշխանությունները, որովհետեւ նրա՛նք են կրակելու հրաման արձակել: Ուրեմն եւ` մարդասպանները հստակ են:

Բայց եթե այդպես է` նրանք ինչպիսի՞ «սոցիալական դժգոհության դրսեւորում» պիտի ունենային: Որ զրկվելու էին իշխանությունից ու չէին կարողանալու առաջվա պես թալանե՞լ:

Այդ դեպքում Գագիկ Հարությունյանը լավ կաներ` կոնկրետություն մտցներ հարցում: Բայց նա էլ ասում է` «Եկեք թողնենք ամեն բան այն կոնտեքստում, որում ասել եմ»: Նաեւ զգուշացնում է, թե «պետք չէ Հայաստանն առանձնացնել այն երկրներից, որտեղ գունավոր հեղափոխությունների արդյունքու՛մ միայն հրաժարվեցին կիսանախագահական կառավարման համակարգից»:

«Նու` գունավոր հեղափոխություն՝ շատ ավելի լայն դրսեւորումներով, ավելի մեծ թվով զոհերով»:

Բան հասկացա՞ք. հիմա  Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը ահաբեկչությո՞ւն են, թե՞ ոչ: Դրանք դժգոհ ռոմանտիկների՞ կողմից են կազմակերպվել, ովքեր վատ են ապրել, թե՞ ինչ-որ անհասկանալի ուժերի՛, ովքեր օրվա գործող իշխանությանը ստիպել են «ավելի մեծ զոհերի թվով հրաժարվել կիսանախագահական կառավարման համակարգից»:

Թե երկրորդը` ՀՀ դատախազությունը պարտավոր է քննել Գագիկ Հարությունյանին. չնայած հունիսի վերջին Գագիկ Կոստանդյանն ասաց, որ ինքը ծանոթ է գործով անցնող բոլոր նյութերին, ոնց որ թե ՍԴ նախագահը մի բան ավելին գիտի ու այդ իմացածն էլ «սղղացնում է»  որպես «լավ մարդ Սերժ Սարգսյանի կողմից դրսեւորած խելամտության դրսեւորում` սահմանադրության փոփոխություն սկսելու իմաստով»:

Կրկնում եմ` կենացներն իրոք էլ խմվելով են քաղցրանում….

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան հակված է կարծելու, որ «Բոինգ-777»-ը Դոնբասում խոցել են անջատականները’
Հաջորդ հոդվածը‘Պետական հաստատություններում պրակտիկա անցելուց հետո Սլավոնականի ուսանողներին հեռացրել են համալսարանից’