‘Գոհար Սիմոնյան. ՀՅԴ-ի «փակումը լավագույն բացումն էր, որ կար»’

276

Սխալվու՞մ եմ, թե՞ ՀՀԿ-ն հաստա՛տ է որոշել շամիրամյան արալեզի հանգույն՝ նոր արյուն ներարկել ՀՅԴ-ի անշնչացած ու զառամյալ ոսկորներում:

Ուղիղն ասած՝ կգերադասեի սեփական սխալներիս համար հրապարակավ ներողություն խնդրելու տարբերակը, բայց այն ողբերգությունը, որ վերջին օրերին է ծավալվում՝ «Տեր-Պետրոսյանը փակեց ՀՅԴ-ին, իսկ հանդուրժող-ներողամիտ-բարեհոգի Սերժ Սարգսյանն ահա համագործակցության ձեռք է մեկնում ավանդական կուսակցությանը», կարծեմ՝ սխալվելու որեւէ հնարավորություն չի ընձեռում:

Եւ եթե այդպես է՝ բոլորիս աչքի առջեւ վերասրբագրվող պատմությունը բոլորովին նոր հայացք է պահանջում նույն ՀՅԴ-ի գործունեության կասեցման հետ կապված իրադարձությունների մեկնաբանման համար, ըստ որի՝ ներկայիս ՀՅԴ-ն այլ ելք չունի, քան Տեր-Պետրոսյանին շնորհակալություն հայտնել՝ ժամանակին իրեն «փակելով փրկելու կամ փակելով բացելու» համար: Ընդ որում, մեծագույն զոհողության՝ իր իսկ իշխանության եւ ժողովրդավարի սեփական վարկը աշխարհի աչքում սասանելու գնո՛վ փրկելու:

Ո՞վ գիտի՝ չդրսեւորվեր Տեր-Պետրոսյանի վճռականությունը՝ ամեն աստիճանի տակ մաուզեր տրաքացնող խմբապետների նկատմամբ, ասպարեզ կգա՞ր սկսածը շարունակելու՝ «Վա՜յ, աման, ծախում են Ղարաբաղը» ներկայացումը, Ռոբերտ Քոչարյանը առիթը կունենա՞ր իրավիճակի փոփոխության հիմքով սրանց նորից վեր բարձրացնել մերժված խմբապետի իրենց դիրքից, իսկ ահա «30+1» գործով մեղադրվողներին ի պաշտոնե անձա՛մբ քրեակատարողական հիմնարկներ ուղեկցած Սերժ Սարգսյանն այսօր կկարողանա՞ր այսչափ հանդուրժող ներկայանալ՝ ի տարբերություն «ՀՅԴ-ին փակած Արամ Մանուկյանի», ինչպես երեկ Արմեն Աշոտյանի հաղորդման ընթացքում ոչնչից ՀՀԿ խմբակցության ղեկավարի վերածված անձն էր պնդում: ՀՀՇ-ի ձեռքին շա՜տ տառապած անձն, ի միջի այլոց…

Բայց, մի րոպե, պարոնա՛յք, եթե այդքան սիրում եք ՀՅԴ-ին ու այդչափ կարեւորում հերթական անգամ նրան փրկելու ձեր անկոտրում եռանդը, գոնե անձայն արեք այդ գործը, որովհետեւ ծիծաղելի է Սերժ Սարգսյանին «ՀՅԴ-ին փակած իշխանությունից ծագումնաբանորեն տարանջատելու» ձեր խղճուկ փորձը:

Ավելին՝ վե՛ր բարձրացրեք հին թղթապանակները վերջապես եւ «իրավիճակի փոփոխություն» անհեթեթ, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին հորինած ձեր սուտը դատարանու՛մ վերածեք փայլուն անմեղության ապացուցման: Չխոսեմ արդեն այդ գործով ցայսօր բանտում գտնվողների եւ ՀՅԴ բոսերի բացարձակ լռության վերաբերյալ…

Թե չէ՝ Ազգային անվտանգության նախկին պետ Դավիթ Շահանզարյանը հարկ եղած դեպքում մշտապես պնդում է, թե Սերժ Սարգսյանի հետ միասին մեկուսացրել է ծանր եւ ծանրագույն հանցագործություններ կատարած ու պլանավորած անձանց, իսկ դուք ահա ոչ միայն Սերժ Սարգսյանին եք Օլիմպոսի գագաթը հանում, այլեւ օրթոդոքս հրեայի՝ «միայն հոլոքոսթն էր իսկապես Ցեղասպանություն», մտասեւեռմամբ հայտարարում եք, թե չի՛ եղել եւ չկա՛ քաղբանտարկյալ մեզանում՝ ՀՅԴ-ից բացի:

Ի վերջո, Անկախությանը կողմ ըլլալով դեմ եղաք՝ հասկացանք, հանրության բացարձակ վստահությունը վայելած իշխանությունների դեմ պատերազմական իրավիճակում սրբազան ջիհադ հայտարարեցիք՝ էլի՛ հասկացանք, Տեր-Պետրոսյանի միջոցով հառնեցիք մոխիրներից փյունիկի պես, որ հետո քոչարյանա-սարգսյանական խնջույքներում կաքավեք՝ ոչինչ, որ շնորհակալություն էլ չեք հայտնում դրա համար: Բայց, գրողը տանի, գոնե ապացուցեք, որ անմեղ էիք եւ մեկ էլ մի՛ մոռացեք,  հիշեցրեք, թե իրենց նախկին պաշտոնավարման ընթացքում ինչ լավ բան էին արել ձեր Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը, որ հիմա կրկնեն, մենք էլ  խանդավառվենք ձեր չգիտեմ էլ որերո՛րդ գալստյամբ:

Պետական հեղաշրջումը, նախորդ կոալիցիաները, Մարտի մեկն էլ ձեզ փեշքեշ. մաուզերի վրա երդվողի համար արյունն ի՞նչ է, որ դրա տեսքից որեւէ մեկն իրեն վատ զգա: Հետո՞ ինչ, որ հեղափոխական ՀՅԴ-ն հրապարակավ տեսակետ է հայտնում, թե հեղափոխության ժամանակներն անդառնալիորեն են անցել…

Ինչ վերաբերում է հանրապետական ցինիզմին՝ սա արդեն ուրիշ պատմություն է:

Մի ողջ պետության ու մեր ճակատագրերի հետ գործ չունենայինք, շատ հանգիստ կարող էինք Պառավ Իզերգիլի անմահություն մաղթել նրան, որովհետեւ հատկապես գետտոյական մեր միջավայրում անմահությունն ինքնին արդեն լավագույն պատիժը կլիներ անմահի համար…

 

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. «Ինֆանտինոն դավաճան է» ‘
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»֙ 3:2․ 18-ամյա Ռաշֆորդի շնորհիվ «Յունայթեդը» հաղթում է (տեսանյութ)’