‘Գոհար Սիմոնյան. Ձեր լավ ազատամարտիկը մեռած ազատամարտիկն է’

1726

«То ли ещё будет»…

                                                                                           Ռուսական թևավոր խոսք

Ճրագով էլ ման գաս՝ Սերժ Սարգսյանի շրջապատում միամիտ կամ նրան հավատացող «ազնիվ մոլորյալ» մեկն էլ  չես գտնի:

Բոլորն էլ մեզանից լավ գիտեն՝ ում հետ գործ ունեն, և եթե, օրինակ, Մարգարիտ Եսայանի պես դեռ համառում են, իբր՝ չեն հավատում, թե իշխանություններին ձեռնտու լիներ ազատամարտիկ, պատգամավոր ծեծել, երկրում նոր խժդժության ալիք բարձրացնել, դա դեռ չի նշանակում, որ իրենք իրենց ասածին հավատում են:

Ինչու են ստում և ինչու՝ «սուտ հավատավոր կարգվում մեր գլխին», չքննարկենք:

Խնայե՛նք, ինչպես ասում են, որովհետև մեր կռիվը դե հո Մարգարիտ Եսայանի՞ դեմ չէ: Մարդ է՝ հոգնել է թերթերում նյութ գրելուց, ուզում է ոչինչ չանելով՝ ավելի լավ ապրել, այդ պատճառո՛վ է ծուլորեն հակադրվում իրավապաշտպան Վարդան Հարությունյանի  փաստարկներին: Համոզված եմ՝ իշխանությունների «դարդով առանձնապես չի էլ տապակվում»…

Մեզ հետաքրքրողն, ուրեմն, այս ամենի գլխին կանգնած «երկդիմի Յանու՛սն» է՝ իշխանությունը զավթած խմբակը, որն արդեն խառնել է իր ձեռքին պատկերված օրերի ու ժամերի թիվը, նաև՝ պարագան, թե երբ ո՛ր դեմքով հանդես գա:

Ինչպես ազատամարտիկների կամ առհասարակ իրենց սիրելի «հայրենասիրության պոռթկման» պարագային…

Մեկ կտեսնես՝ բյուջեում հավելյալ հատկացումներ էլ կանեն, որ Աշոտյանի հետ «հայրենասիրություն բուծեն» դպրոցներում, մեկ՝ տարատեսակ «հավք, աղվնիկ, բազե ու արծիվ կխաղացնեն» հայոց երկնակամարում՝ հատկապես հայրենասիրական «հիմունքներով», մեկ՝ բանակի ու երկրապահի գովքը կանեն իրենց զանազան թիվիներով, մեկ էլ հանկարծ իրենց մյուս դեմքով հանդես կգան ու օրը ցերեկով քացու տակ կտան  նույն ազատամարտիկին էլ, երկրապահին ու զինվորին էլ:

Ապշելու բան է, ցինիզմի գագաթ, երբ նույն օրվա լրահոսում ե՛ւ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծելու մասին ես կարդում, ե՛ւ այն մասին, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ջանքերով՝ Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տանը «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով միջոցառում են անցկացրել, «քննարկել բանակի, զինվորի, ազատամարտիկի, հերոսի կարևորությունը, նրանց կյանքն ու առաօրյան, նրանց պարտականությունները թե՛ դիրքերում, թե՛ պատերազմի դաշտում»…

Ու մտածում ես՝ համարձակություն ունենային, գոնե իրենց ճշմարտությանը տեր կանգնեին այնպես, ինչպես ստերին են տեր լինում:

Այ էն «գողական պանյատներին», որով ոստիկանապե՛տն էր օրեր առաջ խոսում լրագրողների առաջ:

Դեմքի արհամարհական արտահայտությամբ, զզվանքո՛վ, բարձրի՛ց, լրագրողներին ու մամուլը չգիտես էլ՝ ինչ դիտարկելով, որտեղ ազատամարտիկները, տեսեք-տեսեք, համարձակվել են հանդես գալ հրապարակային խոսքով: «Իրա՛ր ուտել»՝ ինչպես ոստիկանապետն էր դիտարկում:

Մամուլում հանդես գալն, այսինքն, ստորացուցիչ բան է, հա՞, պարոն Գասպարյան: Նվաստ, արգահատելի կեցվածք, որ հակասում է ինչ-ինչ «պայնատների՞»: Համարյա «գործ տալու» պես մի բա՞ն:

Չեմ հասկանում՝ դուք ոստիկանապե՞տ եք, թե՞ ով:

Գուցե հենց այդ պատճառո՞վ խնայեցիք ու ժամ առաջ կալանքից ազատեցիք այն «միաբջիջ ամեոբային», ով խիստ վիրավորվել էր ոչ թե, ասենք, այն բանից, որ ցերեկով տասը մարդ գնդակահարվեց Ազատության հրապարակում, այլ հատկապես Սերժ Սարգսյանի հայհոյվելուց:

Այն էլ՝ ադրբեջանցիների կողմից, այն էլ՝ Մոսկվայում:

Հետաքրքիր է՝ ողորմելին որտեղից էլ ինքնաթիռի տոմսակի փող էր հայթայթել, որ գար Արամ Մանուկյանից վրեժ լուծեր:

Չլինի՞ Շմայսից, կոնկրետ ծառայության դիմաց…

Ի միջի այլոց, կարող եք նեղություն չկրել ու հավելյալ բացատրություններ չտալ ատելի մամուլին:

Մենք ոնց հարկն է և ինչ եզրահագումներ պետք էր անել՝ արե՛լ ենք. այս իշխանության համար լավագույն ազատամարտիկը մեռա՛ծ ազատամարտիկն է, որովհետև այդ կերպ նրա վաստակին միշտ էլ տեր դառնալու հնարավորություն կա: Դե, իսկ լավագույն հանցագործը, պարզից էլ պարզ է, Տիգրան Առաքելյա՛նն էր, ով երկու ձեռքերը ոլորած՝ կարողացել էր մեքենայի նստատեղին տապալել ձեր վիթխարի ոստիկանին:

Այնպես որ՝ ամեն բան կարգին է:

Ավելին՝ դեռ զարմանում եմ, թե ինչու նախագահականում Մեսրոպ Մաշտոցի շքանշանով չեն պարգևատրում ազատամարտիկներին ու Արամ Մանուկյանին ծեծողներին…

Նախորդ հոդվածը‘Գնաճը շարունակվում է, բայց Ոստիկանության և Սաշիկ Սարգսյանի ախորժակը դրանից չի նվազում’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսն ակնկալում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը խորհրդարանի օրակարգ կմտնի մինչև նստաշրջանի փակումը ‘