‘Գոհար Սիմոնյան. «Ձեր յուրդը չբլի». Ճոյտից զոռով սարքեցիք «քաղբանտարկա՞լ»’

2616

Ես Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանի «ռեժիսորական գործունեությանը» կամ գոնե նման հայտ ներկայացնող՝ նրա «Հիշողություն» ֆիլմին այս պահին չեմ անդրադառնա:

Եւ գիտե՞ք՝ ինչու. ո՛չ այն պատճառով, որ ֆիլմը չեմ դիտել, կամ որ՝ ի սկզբանե կարող եմ երեւակայել, թե Ճոյտից ինչպիսի՛ սցենարիստ ու ռեժիսոր դուրս կգար…

Չեմ անդրադառնա, որովհետեւ ծուռ հայելիների մեր իրականության մեջ՝ նախագահից մինչեւ տաքսու վարորդ, ո՞վ եւ ի՞նչն է իր տեղում, որ նա լիներ:

Եւ եթե հիմա հարգի ռեժիսորից մինչեւ կինոքննադատ ու մշակույթի նախարարության պաշտոնյա՝ իրար խառնված տեսակետ են հայտնում, թե «այս խայտառակությունն անհրաժեշտ է գոնե երկրի սահմաններում պարտակել», երեւակայեք՝ սկսում եմ Ճոյտից առավել՝ իրենցի՛ց նյարդայնանալ, որովհետեւ ինչ-ինչ՝ Հակոբ Հակոբյանը մի հարցում ճշմարիտ է, երբ ասում է՝ «Բոլորն էլ գիտեին, որ նման բան եմ ձեռնարկել, բոլորին խնդրեցի՝ գան օգնեն, բայց ոչ մեկը չեկավ ու մեր մատից մի փուշ անգամ չհանեց»:

«Չեզոք դիտորդների» մեր ժամանակներում, այսինքն, Ճոյտից մինչեւ Ժիրայր Սեֆիլյան,  նույն պատմությունն է՝ «մանանեխ՝ ընթրիքից հետո», կամ բռունցքների թափահարում, երբ կռիվն ավարտված է, «սրտացավ ու ամենատես դաստիարակների առատություն» այն դեպքում, երբ նրանց կարիքը վաղուց արդեն չկա… 

Ճոյտի «ռեժիսուրայի» թեման, այսպիսով, փա՛կ թեմա է ինձ համար: Եւ այն չի քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ Շմայսը պատգամավոր է, Աբրահամյանը՝ վարչապետ, Սարգսյանը՝ նախագահ, Գալուստը՝ ԱԺ նախագահ եւ այլն:

Ցանկն ինքնե՛րդ շարունակեք, հաստատ պակասություն չեք զգա:

Ֆիլմը՝ ֆիլմ, բայց նույն Հակոբ Հակոբյանի ձերբակալությանն արդեն չե՛մ կարող չանդրադառնալ եւ լուրջ կասկածներ ունեմ, թե Ճոյտին պատժում են միայն այն պատճառով, որ խոստացել  է հաջորդ ֆիլմը Հոկտեմբերի 27-ի մասին  նկարել:

«Որ սաղ տենան՝ ով ով է, ոնց է պահել իրեն, ինչ է շնչել ու հիմա ով է»…

Բա ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ մարդուն ձերբակալել են ընդամենը հարկերը չկատարելու կասկածներ ունենալու համար, հետն էլ՝ առանց ծանուցագրի:

Տեսեք. Ճոյտը,  ով կարծես մի քիչ էլ «ֆիլոս-սոկրատ է», որովհետեւ  ի թիվս մնացածի՝ «Ուրախ եւ տխուր» անունով ընկերություն է հիմնել եւ հենց դրա գործունեության արդյուքնում ընդամենը մի ծանուցում  ստացել՝ հարկային պարտավորությունները չկատարելու առիթով կազմված ակտի մասին:

Ակտն, ի դեպ, ըստ Հակոբյանի որդու, բողոքարկվել է դատարանում, եւ հիմա, փոխանակ մարդիկ սպասեն՝ դատարանն ինչ կորոշի, Ճոյտը պիտի կատարի՞  «Ուրախ եւ տխուր» ընկերությանն  առաջադրված հարկային պարտավորությունը, թե՞ մի բան էլ հետո կորոշի «իր բարի համբավն արատավորելու համար» դատի տալ պատկան մարմիններին, ոստիկանությունը միանգամից գնացել ու ձերբակալել է Ճոյտին՝ կասկածյալի կարգավիճակով:

Շեշտում եմ կարգավիճակը, որովհետեւ մինչեւ այս պահը նրան դեռ մեղադրանք չի՛ առաջադրվել պաշտոնապես:

Հիմա ես չեմ՝ դուք. այս ամենի արդյունքում մի՞թե Ճոյտը ավելին չէ, քան  հարկային պարտավարությունները չկատարելու մեջ մեղադրվող շարքային խաբեբա:

Եւ մի՞թե միաժամանակ լալու եւ ծիծաղելու առիթ չէ հենց միայն այն միտքը, որ Ճոյտից զոռով «քաղբանտարկյալ» սարքեցին, իսկ  մեզնից՝ Ճոյտի «պաշտպան»…: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպան. Անհրաժեշտ է զարգացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանը առանց միջադեպերի հասել է Արցախ և հանդիպել վարչապետին’