‘Գոհար Սիմոնյան. Մի՛ կատաղեցրեք այս ժողովրդին’

2026

“Властитель слабый и лукавый
Плешивый щёголь, враг труда
Нечаянно пригретый славой
Над нами царствовал тогда”
.

Ա. Ս. Պուշկին

Մի առիթով Սերժ Սարգսյանն ասել էր՝ «Ես հասկանում եմ, որ ոմանք ուղղակի երազում են, որպեսզի իշխանությունն իրենց իսկ ստեղծած իրավիճակում հանդես գա ուժի դիրքերից, բայց մենք գիտակցում ենք, որ պատասխանատու ենք նույնիսկ այն մարդկանց առջեւ, ովքեր մեզ չեն ընտրել»:

Ճիշտ այդ ելույթից հետո ակնհայտ ու ծպտյալ իշխանական քարոզչամիջոցները սկսեցին է՛լ ավելի մեծ եռանդով «տիրաժավորել բարի Սերժի կերպարը»՝ հանրության ենթագիտակցության մեջ փորձելով արմատավորել ոչ այնքան պատվիրատուի «բարությունը», որքան ընդդիմության՝ ՀԱԿ-ի «չարությունը»:

Պրիմիտիվ, բայց «բազում մաքուր առվակներ պղտորած» այս հնարքը, սակայն, այլեւս չի աշխատում: Եւ չի աշխատում, առաջին հերթին՝ այն պատճառով, որ այլեւս որեւէ մեկին անհնար է համոզել «փշից թուզ քաղելու» աբսուրդը:

Սերժ  Սարգսյանն ու նրա հետ միասին իշխանությունը զավթած այս խմբակն իրականում ատում են Հայաստանն ու արհամարհում են մեր հանրությանը: Վախենամ՝ սրանց ողնաշարում է նստած միտքը, թե մենք ոչխարներ ենք, եւ միակ բանը, որ հասկանում ենք ու նաեւ՝ պաշտում, մահակի ուժն է: Այստեղից, հենց այս մտայնությունի՛ց է ծնունդ առնում ոստիկանական վարք ու բարքի մերօրյա «դաժան ռեգլամենտը»:

Մենք «թույլիկ ենք», ո՛չ  մեկն ենք, այսինքն՝ իրավունք չունենք մեր շահերն ունենալ, չենք կարող ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշում ունենալ, այլեւ նույնիսկ գազի, էլեկտրաէներգիայի սակագների ավելացման կամ որեւէ ներքին, արյունահոսող վերքի դեմ բողոքել: Մեզ միայն կարելի է հարստահարել, բռնաբարել մեր իրավունքը, մեզ ծեծել փողոցներում, գլխի վանսվածքով տեղափոխել հիվանդանոց՝ ինչպես երեկ հերթական անգամ պատահեց…

Կարճ ասած՝ մեզ միայն կարելի է ու պե՛տք է նվաստացնել:

Եւ ներկայիս ոստիկանապետն ահա, ում մասին Սերժ Սարգսյանը մեկ այլ առիթով նկատել էր, թե «պահանջված որակ է», թերեւս, լավագույն կերպով է իրականացնում իր առջեւ դրված պահանջը: Մի կողմից, այսինքն, ստորացնում է նաեւ ստորացնողին՝ «միլիցա-պեպելնիցային», որպեսզի սա անձնական նվաստացման անհրաժեշտ  չափաբաժնից զուրկ չլինի, հետեւաբար նաեւ՝

ա. չմտածի անգամ իր հրամանները չկատարելու մասին

բ. հրամանները կատարելու ընթացքում հատկապես դաժան լինի՝ քաղաքացիների «ջանից հանելով իր սեփական ծնկաչոքության մուռը»:

Թե չէ ինչո՞վ բացատրել երեկվա կադրերը: Եւ հատկապես այն «հրեշտակի» պահվածքը, ով տղամարդկանց հետ հավասար՝ «քացու տակ էր գցել» մեր երիտասարդներին:

Կարծում եմ՝ նախ եւ առաջ սա՛ է պատճառը, որ համակարգում ներգրավված անձինք այլեւս անհաղորդ են՝ «Բա դուք մայր, քույր, եղբայր չունե՞ք, դուք հա՞յ չեք» հորդորներին:

Ո՛չ, չե՛ն եւ չունե՛ն: Նրանք, նախ եւ առաջ, ոստիկան են, Սերժի՛ ոստիկանը: Ո՛չ այս պետության: Այս մարդիկ, Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Գասպարյանի հետ միասին, իրենք իրենց դուրս են դրել  սոցիալական իշխանություն կոչված հիերարխիայից: Իշխանություն, որը պիտի գործադրվեր, նախ եւ առաջ, քաղաքացուն պաշտպանելու եւ քաոսը կանոնավարության ու անվտանգության վերածելու  համար:

Այնպես որ, պարոն Գասպարյան, դուք ճի՛շտ եք:

Մենք, այո՛, միայն ուժի լեզուն ենք հասկանում:

Բայց ո՛չ այն ուժի, որը մեր մեջքն է ջարդում, այլ՝ ընտրվա՛ծ իշխանության:

Որովհետեւ, հատկապես վերջին տասնհինգ-տասնվեց տարիների ընթացքում, սեփական մաշկի վրա ենք զգացել, թե ինչ ասել է մահակավոր, բայց իրականում թույլից էլ թույլ ու փտած «իշխանություն»:

Ուժեղն, ի վերջո, գուցե նաեւ կոշտն է, բայց ո՛չ՝ կոպիտը, բիրտը, ձեզ պես անտանելին: Ավելին՝ ուժեղը, նախ եւ առաջ, արդարացին է: Իսկ այդ դեպքում նույնիսկ ուժի գործադրման կարիք չի լինում:

Գրողը տանի, չի՛ կարող ուժեղ ոստիկանապետն իրեն թույլ տալ կանանց ու ծերուկների հետ այդպես վարվել՝ ինչպես դուք:  Չի՛ կարող, եւ վերջ:

Ու եթե այդպես է՝ մի՛ հրահրեք մարդկանց ձեզ հետ խոսել ձեր իսկ երկրպագած ուժի դիրքերից: Վկա է ձեր Աստվածը, ում դուք այդքան շատ եք սիրում աղոթել՝ մենք չե՛նք ուզում ուժեղ լինել: Ձե՛զ պես ուժեղ լինել: 

Եւ ընդհանրապես՝ ես վստահ եմ, որ երբ հրապարակներում դադարեք միայն Սերժի «թշնամիներ» տեսնել, երբ աչքներդ բացվի, ու հասկանաք, որ այնտեղ, նախ եւ առաջ, նաեւ ձեր ժողովուրդն է՝ թույլ, կարիքավոր, խնդիրներ ունեցող ու դրանց մասին բարձրաձայնող, այլեւս անհրաժեշտ չի լինի  նույնքան «ուժեղ լինել, որքան՝ այժմ»:

Պահանջելու պես եմ խնդրում՝ մի՛ գազազեցրեք այս ժողովրդին. նա կարող է ձեր պատկերացրածից ավելի ուժեղ լինել: Իսկապե՛ս ուժեղ: Այդ ժողովուրդը կսրբի բոլորիդ…

Նախորդ հոդվածը‘Հարություն Մարության. 1988-1990թթ. «Հայկական հեղափոխությունը», թերեւս, կարող է համեմատվել Ֆրանսիական մեծ հեղափոխության հետ’
Հաջորդ հոդվածը‘Զիկո. Նեյմարը և Ռոբենը այս առաջնության լավագույն ֆուտբոլիստներն են’