‘Գոհար Սիմոնյան. Միանգամից գնդակահարեք մարդկանց, պրծե՛ք’

2184

Անհնար է հիշել, թե 1998-ից այս կողմ՝ «հայրենասեր ու հայրենաշեն իշխանությունները» քանի նախագիծ ու հայեցակարգ են ներկայացրել հանրությանը՝ փոքր ու միջին բիզնեսին  մատուցվելիք պետական օժանդակության, աշխատատեղերի խրախուսման, բիզնես մթնոլորտի բարելավման եւ այլնի մասին:

Անհնար է հիշել նաեւ բոլոր այն խորհրդաժողովները, հարկային փաթեթներն ու «բարեփոխումները», որոնք մշտապես անչափ «հումանիստական դեմքով» են քննարկվել Ազգային ժողովում, եւ որոնց առիթով կառավարությունը մշտապես «երկնքի ու երկրի տեղերը փոխել է» խոստացել բիզնեսի համար:

Ամբողջ այս տարիների ընթացքում, սակայն, կառավարությանն այդպես էլ չի հաջողվել գոնե փոքր բիզնեսի՛ համար լուծել մի քանի տարի անխափան գործող պարզեցված հաշվառման եւ հատկապես՝ փաստաթղթավորման խնդիրը:

Եւ չի հաջողվել ոչ թե այն պատճառով, որ տարված են եղել «լավից լավն էլ կա» փնտրտուքով, կամ՝ իսկապես էլ հումանիստ են եղել լենկթեմուրյան հարկահավաքչության» սկզբունքով գործողներից՝  ի՞նչ հումանիստ…), այլ որովհետեւ իրենք էլ են գիտակցել, որ անհնար է «որսալ մանր ձկներին, եթե խոշորները, իրենց իսկ թույլտվությամբ, հանգի՛ստ են լողում ջրերի վրա»:

Բայց փող, այնուամենայնիվ, պե՛տք է, որովետեւ բյուջեն դատարկ է՝ ինչպես միշտ:

Եւ ահա, Տիգրան Սարգսյանի կառավարությունը գտավ, որ վերջապես անհրաժեշտ է առանց խոշորների խնդիրը լուծելու՝ անցնել մանրերի «որսին» եւ «յոթը տակ կաշի քերթելով»՝ նրանց պարտադրել Շրջանառության հարկ կոչվածը:

Տիգրան Սարգսյանի կառավարությունն, իհարկե, դրա ներդրումը կրկին հիմնավորում էր փոքր բիզնեսի համար առավել պարզեցված հաշվառում սահմանելու եւ ապրանքների փաստաթղթավորման խնդիրը վերջապես մեջտեղից վերացնելու հանգամանքով։ Ավելին՝ նշում էին, որ շրջանառության հարկը կթեթեւացնի փոքր բիզնեսի եւ հատկապես՝ անհատ ձեռնարկատերերի կյանքը:

Բայց տես որ՝ կառավարության դիմաց խմբված բողոքող առեւտրականները, որոք, ի դեպ, Հովիկ Աբրահամյանից առաջ ընկած ոստիկանության դիմակավորներին հանդիպեցին՝ ասես մեծագույն հանցանք էին գործել, հակառա՛կն են պնդում:

Նախ՝ եկեք միասին խոստովանենք, որ առավոտից մինչեւ ուշ երեկո տոնավաճառում կանգնած մարդը, ով, դժվար է ասել, թե քանի զուգագուլպա է վաճառում այդ ընթացքում,  իսկապե՛ս սոսկալի դրության մեջ է հայտնվել 3.5% դրույքաչափով շրջանառության հարկ վճարելու արդյունքում, եւ անհրաժեշտ է, որ սկզբի համար սույն հարկատեսակի դրույքաչափը փոփոխվի:

Նվազեցվի՛, այսինքն՝ իջեցվելով առավելագույնը 1-1.5%-ի:

Գալով՝ իրավաբանական անձանց կամ կազմակերպություններին, հարկ է արձանագրել, որ նրանք էլ պակաս դժվարին դրության մեջ չեն հայտնվել, որովհետեւ, օրինակ՝ ամիսը 4.4 մլն դրամ (տարեկան 52.8 մլն դրամ) իրացման պարագայում, եթե նույնիսկ առկա է ծախսերի ողջ փաստաթղթավորումը, ինչը ֆանտաստիկ մի բան է փոքր ու միջին բիզնեսի համար, հարկ վճարողը, Շրջանառության հարկի ներդրման դեպքում, պիտի առնվազն 3 անգամ, եթե ոչ՝ ավելին վճարի,  քան պետք է վճարեր մինչեւ դրա ներդրումը։

Ինչ վերաբերում է պարտադիր փաստաթղթավորման խնդրին՝ մեր իրականության մեջ միանգամից է պետք նկատել, որ անհնա՛ր է  յուրաքանչյուր ապրանքի համար փաստաթղթավորված տեղեկություն մատուցել հարկային տեսուչին: Ասենք՝ սեփական կնոջ ձեռքով պատրաստված եւ կրպակումդ վաճառվող 100 դրամանոց կարկանդակների վերաբերյալ…

Ուրեմն, որքան էլ կառավարությունն իր հայլուրյան քարոզչությամբ պնդի, թե  այս պայմանն ապահովելու դեպքում մինչև 10 մլն շրջանառություն ունեցողները կազատվեն հարկից, միեւնույն է, այստեղ հրաշալի գիտեն, որ եթե, օրինակ, Սամվել Ալեքսանյանն իր բուսայուղի, «լցնովի» օղիների, շաքարավազի եւ այլնի համար փոքրերին փաստաթուղթ չտրամադրի, իսկ նա, որպես կանոն՝ չի տրամադրում, անհնար է, որ «բանգլադեշցի Անժիկ տոտան», ով առանց այդ էլ միայն երազել կարող է 10 մլն շրջանառության մասին, օրումեջ չհայտնվի հարկային մարմինների թիրախում:

Արդյունքում՝ նրան նախ կնախազգուշացնեն, ապա կտուգանեն 20.000 դրամով, վերջում էլ՝ Շրջանառության հարկի 5%-ի չափով:

Հիմա գանք Հովի՛կ Աբրահամյանին, ով երեկ բավական նյարդայնացած տոնով փորձում էր համոզել, թե կառավարությունը վատ բան չի անում, երբ փոքրերով կամենում է լուծել խոշորների հարկը:

Նախ՝ ինչպես Սերժ Սարգսյանն էր անկեղծացել Չեխիայում, Հայաստանը փոքր երկիր է, այնպես չէ, որ այստեղ, օրինակ, տասը հոգի են շաքարավազ ներմուծում, եւ ծիծաղելի է այն մտայնության տարածումը, թե Հովիկ Աբրահամյանը, խոշորներին չճանաչելով, փոքրերի միջոցո՛վ է կամենում «լույսն ու ստվերը զատել միմյանցից»:

Հետեւաբար՝ այն, ինչ անում է կառավարությունը, մի անուն ունի՝ փոքր բիզնեսի ոչնչացում:

Ակնհայտ է.  երբ չես փոխում անհավասար մրցակցության կանոնները, երբ մեկին հնարավորություն ես տալիս խեղաթյուրված գներով, ծավալով ապրանք  ներմուծել, առանց փաստաթղթի «սաղացնել» դրանք շուկայում, բայց հետո գալիս ես մահվան հրեշտակի պես կանգնում փոքրի՛ գլխին, ստացվում է, որ իսկապես էլ մահվան ես դատապարտում ընդամենն իրենց օրվա հացը մի կերպ տուն տանող մարդկանց:

Այ թե ի՛նչ պիտի հաշվի առնի Հովիկ Աբրահամյանը:

Թե չէ միշտ էլ կարելի է բազուկի պես կարմրատակած դեմքով խոսել սիրուն բաների, օրինակ՝ այն մասին, որ հարկատուն, ի վերջո, միշտ էլ կարող է «տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ, եթե Շրջանառության հարկով հարկվելը նպատակահարմար չգտնի»:

Լա՛վ, դուք ձեր ասածին հավատու՞մ եք:

Չէ՞ որ հրաշալի գիտեք, որ նախկինում հարկման ընդհանուր դաշտում գործող անձը կարող էր Ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվել, իսկ առաջարկվող փոփոխությունների  պարագայում նման  հնարավորությունը, հետեւաբար՝ լրացուցիչ գլխացավանքի չառաջացումը, բացառվում է:

Ավելին՝ դուք այս օրենքով անհավասար պայմաններ եք առաջադրել նույնիսկ նույն հարկատեսակը վճարողների դաշտում, որովհետեւ Շրջանառության հարկը կազմակերպության դեպքում փոխարինում է ԱԱՀ-ին եւ շահութահարկին, իսկ այ՝ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝ միայն ԱԱՀ-ին եւ ո՛չ եկամտահարկին:

Է՛, հետո՞:

Միանգամից գնդակահարեք մարդկանց, պրծե՛ք:

Էլ ինչու՞ եք ընտրել Շրջանառության հարկով՝ «առանձնակի դաժանությամբ սպանության» ճանապարհը…

Նախորդ հոդվածը‘Գերմանական հետախուզությունը Թուրքիային կասկածում է միջուկային զենք մշակելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը արտարժույթի նկատմամբ Երևանի առևտրային բանկերից ‘