‘Գոհար Սիմոնյան. Նախիջեւան. ու՞մ կողմից եւ ու՞մ համար են հնչում կրակոցները’

2574

«Не бойся начала, а жди конца».

Ռուսական ասացվածք

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում անսովոր լարում է կուտակվել: Դիպուկահարներն այս անգամ հենց այստեղից են կրակ բացել հայկական կողմի ուղղությամբ՝ սպանելով երկու հայ զինծառայողների:

Ո՞վ է այս «նոր ճաշի խոհարարը». ահա մի հարց, որ այս օրերին ու դրանից առաջ էլ ենթատեքստով էր դիտարկվում ադրբեջանական հանրության ներսում եւ համարյա չի քննարկվում մե՛ր իրականության մեջ: Քննարկվելու դեպքում էլ այնպիսի պրիմիտիվ, ոչինչ չասող եզրահանգումներ են արվում՝ հիմնականում՝ կա՛մ ռուսական ձեռագրի, կա՛մ ընդամենը ներքին գործածման ռազմահայրենասիրական թեմաներով, որ ապշում ես:

Իրականում, Նախիջեւանը միշտ էլ Բաքվի  համար խնդիր է եղել բոլո՛ր առումներով: Ընդամենն օրեր առաջ այստեղ ադրբեջանական սպաները կրկին «լինչի դատաստան» էին տեսել միմյանց նկատմամբ, իսկ սպանված ծառայողներից մեկի մայրը սպառնացել էր ինքն իրեն այրել անմիջապես կառավարական շենքի դիմաց:

Չենք պնդում, իհարկե, թե հանգել ենք վերջնական ճշմարտության, բայց չի բացառվում, որ Նախիջեւանում լարված իրավիճակ է,  եւ Ալիեւն, ահա, իր հայկական նմանակների ձեռագրով, գործի է դրել փորձվա՛ծ սցենարը. այն ամենն, ինչ չի ծառայում իր խանական ռեժիմի ամրապնդմանն ու հավերժացմանը, վտանգավոր է ողջ ադբեջանական, այդ թվում՝ նախիջեւանյան հանրության համար: Հետեւաբար, պիտի մի կողմ դնել առկա բոլոր խնդիրները եւ բոլոր ջանքերը միավորել ընդդեմ արտաքին թշնամու: Այլ կերպ ասած՝ սահմանին միտումնավոր կերպով լարում է ստեղծվում, որպեսզի ռեժիմը կարողանա «բարձր պահել տեղի ռազմա-հայրենասիրական ոգին»: Ընդամենը:

Ուշադիր աչքը, սակայն, անմիջապես կնկատի, որ վերոշարադրյալը գուցե ճշմարիտ, բայց մեծ ճշմարտության մի՛ մասը կարող է լինել միայն: Եւ որ՝ միշտ էլ հնարավոր է բռնապետության պայմաններում  նման խնդիրներին լուծում տալ առանց փամփուշտների:  Ուրեմն՝ ի՞նչ կտրուկ շրջադարձ է տեղի ունենում Նախիջեւանում: Մանավանդ՝ Ալիեւի դեպքում, ով հրաշալի գիտի, որ սահմանի գլխին ամեն տեսակ ինքնագործունեություն կամ լայն առումով՝ չհամաձայնեցված գործողությունները կարող են պատժվել միջազգային մակարդակով:

Այս հարցում մեզ իրենք՝ ադրբեջանցիներն են օգնում: Մանավանդ՝ Ալիեւ-Գյուլ հանդիպման ֆոնին, որ հենց այս պահին է ընթանում: Բայց մինչ բուն պատճառի քննարկումը՝ մի փոքր նախապատմություն:

Նախիջեւանն՝ իբր նորացված Արցախի օրինակելի մոդե՞լ…

Բանն այն է, որ մեր  փորձագետները եւ, իհարկե՝ նաեւ Բաղրամյան 26-ը, նախիջեւանյան իրադարձություններին այդպես էլ պատշաճ ուշադրություն չդարձրին այն դեպքում, երբ այստեղ կարեւորագույն գործընթացներ էին տեղի ունենում:

Անցած տարի, օրինակ, դեկտեմբերի վերջին, Ադրբեջանի ռազմական նախարարն ընդլայնված կոլեգիալ նիստի ընթացքում հայտարարեց Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում առանձին բանակ ստեղծելու վերաբերյալ՝ համաձայն Իլհամ Ալիեւի չհանրայնացված հրամանի: Բանակի ղեկավար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաեւը, իսկ նախկին նախարար, գեներելալ-մայոր Դադաշ Ռազաեւն անմիջապես արձագանքեց այդ որոշմանը՝ հայտարարելով, թե նախիջեւանյան բանակի ստեղծումը պատահականություն չէր: «Նախիջեւանը  փաստացի շրջափակման մեջ է գտնվում, չունի ցամաքային սահման՝ երկրի մնացած ռեգիոնների հետ, եւ որ այս որոշումը, հավանաբար, պայմանավորված է հայկական նարավոր ոտնձգություններից խուսափելու, եւ սահմանը անխախտ պահելու հրամայականով»,- հայտարարեց Ռազաեւը:

Բաքվում ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը պաշտպանեց այս տեսակետը այն ժամանակ, երբ լայն հանրությունը տեղեկացավ այդ մասին՝ ներկայումս բանտում գտնվող հայտնի իրավապաշտպան ամուսինների ջանքերի շնորհիվ: Սակայն, ինչպես արդարացիորեն պնդում էր «Դոկտրինա» վերլուծական կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին, «նման փաստարկները աբսուրդային են թեկուզ միայն այն պատճառով, որ առաջադրված նպատակին կարելի էր հասնել նաեւ սովորական ռազմական ստորաբաժանման, ոչ թե առանձին բանակի կազմավորման միջոցով… հարկավոր է գտնել մի ուրիշ պատճառ»:

Եւ ահա ճիշտ պահին օգնության է հասնում հայտնի կառավարական «պրոպագանդիստ» Էյնուլլա Ֆաթուլլաեւը՝ մեջտեղ բերելով երեք պատճառ կամ մարտահրավեր: Համաձայն Սումերինլիի դիտարկման՝ ակնհայտորեն սրանցից միայն մեկն է ճիշտ, եւ ադրբեջանական հանրությունը, այս դեպքում՝ նաեւ հայկականը, պիտի ուշադիր հետեւի զարգացումներին, որպեսզի ինքնուրույն կողմնորոշվի «բնագրի» հարցում: Եւ այսպես՝ պատճառ առաջին.

ա. Ռազմական ագրեսիայի վտանգ  հայկական կողմից

բ. Նախիջեւանն Ալիեւը դարձնում է պատսպարան՝ հետագա քաղաքական ձախողման դեպքում

գ. Նախիջեւանը դառնում է օրինակելի մոդել Արցախի համար, իսկ Ադրբեջանը դառնում է դաշնային պետություն:

Կարծում ենք, առաջին երկու տարբերակները պիտի լիովին զանց առնենք, որովհետեւ իրականում որեւէ իշխանություն չի՛ համարձակվի, հատկապես դեռ ղարաբաղյան հակամարտության լուծն ուսերին՝ նոր «թեմա բացել» աշխարհի աչքի առաջ: Երկրորդ տարբերակն էլ քիչ հավանական է թվում, որովհետեւ ձախողման դեպքում Ալիեւը ինքն էլ հրաշալի գիտի, որ ամենաշատը կարող է Յանուկովիչի նման գիշերով փախչել: Հայտնի չէ՝ նրա պես կհասցնի՞ որոշ արժեքավոր իրեր էլ երկրից դուրս հանել, թե ոչ: Մնում է, ուրեմն, երրորդ՝ Դաշնային պետության տարբերակը, որ, անկեղծ ասած՝ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում է քննարկվել:

Հետաքրքիր է, որ այս ամենը Էյնուլլա Ֆաթուլլաեւը կապում է դրանից առաջ Սերժ Սարգսյան-Ալիեւ՝ Վիեննայում կայացած հանդիպման եւ Հայաստանի եվրասիական ինտեգրացման հետ, որն, իբր, «անհնար է առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման, քանի որ Բաքուն փաստացի լուծել է առկա բոլոր խնդիրները Կրեմլի հետ, ըմբռնել է նրա աշխարհաքաղաքական շահերը եւ այժմ կարիք ունի Կրեմլի օգնության, որպեսզի այստեղ նպաստեն Ադրբեջանի՝ դաշնային երկիր դառնալու տարբերակին եւ Ղարաբաղի՝ սեփական սահմանադրությամբ, խորհրդարանով ու նույնիսկ Նախիջեւանի նմանությամբ՝ սեփական բանակով  Ադրբեջանի կազմ ընդգրկվելու գաղափարին»:

Ընդ որում, ըստ վերլուծաբանի՝ Ալիեւը լավ գիտի, որ հանրությունը կընդվզեր այս որոշման դեմ, որովհետեւ «Ղարաբաղը մի տեսակ Բաքվի հետ Բոսնիա-Հերցեգովինայի կարգավիճակում է հայտնվում», այսինքն՝ չափազանց ազատ եւ անկախ, այս պատճառով էլ որոշել է «Դաշնային խառնուրդը մի փոքր նոսրացնել Նախիջեւանի տարբերակով, եթե միջազգային հանրությունն այդպես էլ չի համաձայնում տարածքների ուղղակի վերադարձմանն ու այդչափ շատ է խոսում տեղի հայ բնակչության շահերի, ազատությունների եւ իրավունքների մասին»:

 Ուղիղն ասած՝ ադրբեջանական կենտրոններն իսկապես էլ իրենց ներքին գրագրություններում համոզված են, որ եթե հաջողեն համոզել հայկական կողմին, դա ամենալավ լուծումը կլինի, եւ որ՝ ղարաբաղյան հակամարտության միայն այս կերպն է հնարավոր կյանքի կոչել: Դրանք երբեմն նաեւ «լույս աշխարհ են սպրդում», եւ պարզ է դառնում, թե 2009-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ Նախիջեւանն ինչու 134-րդ հոդվածով համարյա առանձին պետության, ոչ թե սովորական ինքնավար հանրապետության կարգավիճակ ստացավ, իսկ այժմ էլ ահա իր բանակն ունի:

Բայց դա ի՞նչ կապ ունի կրակոցների հետ

Արդարացի հարց է: Բայց մինչեւ դրան հասնելը մենք պիտի մի քանի մանրարմասն էլ դիտարկենք:

Բանն այն է, որ Նախիջեւանի, իբր՝ առանձին պետություն լինելը ոչ միայն սիմվոլիկ բնույթ է կրում ալիեւյան Ադրբեջանում, այլեւ, ինչպես միշտ, սահմանադրության մեջ անգամ ամեն բան ամրագրվել է պատմական կեղծիքի եղանակով: Նախիջեւանի սահմանադրության երկրորդ հոդվածում հետեւյալն է ասվում. «Նախիջեւանի ինքնավար հանրապետության կարգավիճակը սահմանվում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությամբ, համաձայն Մոսկովյան պայմանագրի՝ մարտի 16, 1921թ. եւ Կարսի պայմանագրի՝ հոկտեմբերի 13, 1921թ.»: Ստացվում է՝ մոսկովյան եւ Կարսի պայմանագրերը ամրագրել են Նախիջեւանի անկախությունն ընդհանրապես, այդ թվում՝ Հայաստանից, ինչը մեծագույն կեղծիք է: Չհաշվենք այն, որ այդ պայմանագրերով Նախիջեւանը ոչ թե Ադրբեջանի կազմ է ընդգրկվել, այլ նրա վրա հաստատվել է ընդամենը Բաքվի հովանավորչություն:

Հայտնի է եւ այն, որ 1990-ի հունվարի 19-ին Նախիջեւանը, իր Գերագույն խորհրդի արտահերթ նիստում ընդունված որոշմամբ՝ դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից, հայտարարել իր անկախության մասին, ՄԱԿ-ին, Թուրքիային, Իրանին եւ բոլոր մնացած պետություններին խնդրել է այդ մասին «ի գիտություն հայտնել Ադրբեջանին» եւ միայն նույն տարվա նոյեմբերին, այսինքն՝ ամիսներ անց է ծերուկ Ալիեւի խորամանկ հնարքներով համոզվել ինքնավարություն ամրագրել իր Սահմանադրության մեջ: Ավելին՝ առաջարկվել է սեպարատ հաշտության գալ Հայաստանի հետ՝ նրան հնարավորություն տալով «զերծ մնալ հայկական ագրեսիայից եւ հայկական զինված ուժերին միայն Ղարաբաղի կողմը մղել»:

Արդյունքում՝ որոշ ժամանակ, իհարկե, Նախիջեւանի բնակչությանը թվում էր, թե իրենք լավ համաձայնության եկան «իրենց ծոցից ելած» Ալիեւի հետ եւ պահպանում էին Բաքվից անկախության տարրեր: Սակայն երբ Ալիեւի կլանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Նամիկ Հասանովի փոխարեն տեղական խան նշանակվեց Ալիեւի բարեկամ Վասիֆ Թալիբովը, ամեն բան փոխվեց: Նախիջեւանից հեռացան մոտ կես միլիոն տեղաբնակներ, եւ մի գեղեցիկ օր էլ պարզվեց, որ հեռացածների փոխարեն համարյա նույնքան քրդեր են եկել Նախիջեւան՝ «թրքական գաղտնի գործուղմամբ»: Որպեսզի ազատվեն նրանցից՝ մեկ, փրկեն Նախիջեւանը դեմոգրաֆիական աղետից՝ երկու:

Ուրեմն, այնուամենայնիվ, Դաշնային պետություն: Այդ թվում՝ Ղարաբաղի հետ: Շա՛տ լավ: Իսկ ի՞նչ անել  թալիշների, լեզգիների եւ մնացածի հետ, եթե պատահի, ու նրանք էլ «դրանից ուզեն»՝ հարցնում են ադրբեջանցի փորձագետները: Ոչ ոք ոչինչ չգիտի: Հստակ է միայն,  որ փոքրամասնություններն անպայման ինքնավարություն կուզենան, իսկ Ալիեւը՝ ո՛չ: Նա արդեն Նախիջեւանի նույնիսկ ձեւական, բայց հայտարարված անկախության հետ հաշտվում է միայն հանուն Ղարաբաղը ձեռք գցելու մարմաջի:

Իսկ ահա կրակոցների պատճառը կարծես թե հստակվում է. ըստ ամենայնի՝  ադրբեջանցի փորձագետների հուշմամբ՝ Սերժ Սարգսյանը Վիեննայում համաձայնել, ապա վախեցել ու ետ է կանգնել Դաշնային պետության կազմավորման գաղափարից, եւ այժմ ահա Ալիեւը պատժում է նրան՝ գնալով խոշոր սադրանքի:

«Ցավոք, Հայաստանը նորից հրաժարվեց դաշնակցային Ղարաբաղի գաղափարից: Այսօր նրանց կողմից միայն քննվում է Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը՝ անցումային էտապի համար, որով Ղարաբաղը դե ֆակտո չի մտնի Ադրբեջանի կազմ, իսկ դե յուրե՝ հարցը կմնա բաց: Մի խոսքով՝ սատանան գիտի, թե ինչ: Երբ մենք խոսում ենք շվեյցարական կանտոնների կամ Օլանդի մասին, նրանք խոսում են Անդորայի մասին: Այդ պատճառով էլ համատեղ որոշման չենք հանգում»,- իր «հետվիեննական» հարցազրույցում նշել էր քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, իսկ Արիֆ Յունուսն էլ ձերբակալվելուց առաջ կարծիք էր հայտնել, թե «Թող Ալիեւը ոչ մեկին չմոլորեցնի՝ իր հանցագործությունները եւ ժողովրդավարության բացակայությունը պայմանավորելով Ղարաբաղով…նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը խոստման պես ինչ-որ բան է թոթովել, հայերը դժվար թե համաձայնեն Նախիեջանի տարբերակին…»:

Այսպիսով՝ Ալիեւը սադրում է հայկական կողմին (արդեն մեկ տարի միտումնավոր կերպով ուժեղացվում է նախիջեւանյան բանակը, այնտեղ են ուղարկվում լավագույն ռազմական ուժերը, որոնք Թուրքիայում լուրջ վերապատրաստում են անցել), որպեսզի մեզ այս գծում ներքաշի փոքրիկ-լոկալ պատերազմի մեջ՝ աչքի առաջ ունենալով կա՛մ առաջխաղացում դեպի Մեղրի, կա՛մ նույնիսկ Նախիջեւանի կորուստը…

Ալիեւն, իհարկե, վստահ է, որ Թուրքիայի օգնությամբ հնարավոր է՝ հենց առաջին տարբերակում հաջողության հասնի, որովետեւ իրանցիների նման վստահ է, որ իրականում Նախիջեւանն ու Մեղրին ավելի կարեւոր են, քան ողջ Ղարաբաղը: Բայց նա մոռանում է մնացա՛ծ խաղացողների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի մասին՝ պնդում էր Արիֆ Յունուսը: Անշուշտ, Իրանը կուզենա, որ Նախիջեւանն անցնի հայերի վերահսկողության ներքո: Ավելին՝ այստեղ բնավ չեն հասկանում եւ միշտ ենթատեքստով հարցնում են, թե «հայերի ինչի՞ն էր պետք Ղարաբաղը, եթե սկզբի համար կար ավելի կարեւոր՝ Նախիջեւանի հարց»: Բացի այդ՝ Հայաստանում է ռուսական ռազմաբազան, եւ դեռ հայտնի չէ՝ ռուսները, ինչպես դարավերջին, թուրքերի հետ նպաստավոր պայմանագրե՞ր կկնքեն նորից, թե՞ այս անգամ առավել հումանիստական դեմքով հանդես կգան հայերի համար: Կամ՝ ինչպե՞ս կպահեն իրենց Նախիջեւանի քրդերը. Ալիեւի ռեժիմը նրանց հետ այնքան վատ է վարվել, որ գուցե երազե՞ն Հայաստանի կազմում ապրելու մասին…

Բացի այդ, հաշվի առնելով նրա ու Արեւմուտքի ներկայիս լարված հարաբերությունները՝ գուցե այնպես լինի, որ հենց միայն ռուսներին հակադրվելու նպատակով Արեւմուտքը մի կողմ դնի իր նավթային շահերը, պաշտպանի Հայաստանին, եւ ի լրումն ամենի՝ Ալիեւի չերազած միջազգային խաղաղարարները գան ու կանգնեն Մինգեչաուր-Քուռ երկայնքով: Այդ  դեպքում արդեն Բաքուն ոչ միայն Թուրքիայի հետ կպատժվի այս նոր թաթալաբազության համար, այլեւ կկորցնի իր վերահսկողությունը Քուռի ողջ ձախակողմյան շրջանում:

…Ինչպես տեսնում եք, որքանով ճշմարիտ, բայց մեկը մեկից մտահոգիչ սցենարներ են փռվում մեր աչքերի առաջ, իսկ ողբերգությունն այն է, որ ՀՀ նախագահի աթոռը դեռ շարունակում է զավթված մնալ այս մարտահրավերներին բացարձակապես անպատրաստ եւ մեր ժողովրդին ակնհայտորեն արկածախնդրության տանելու պատրաստ մարդու կողմից:

Գիտակցու՞մ է, արդյոք, ողջ այս վտանգը մեր հանրությունը: Գիտակցու՞մ են առկա մարտահրավերները ամեն ռանգի ու մաստի «ազատ-անկախները», ովքեր գլխից մեծ հիշոցներ են տեղում Նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի հասցեին՝ չհասկանալով, որ իրենք նույնքան «հրաշալի հրեշավոր են», որքան ռեժիմն ինքը: Եւ կամ որ՝ քար են գցում այն ջրհորը, որից պետք կլինի հետո ջուր խմել…

Էլ ո՞նց կլիներ, ասել է՝ ավազակապետություն, թալանչի:

Ճի՛շտ է ասել: Թալանչի ու ավազակ չլինեին՝ մենք այսօր այսչափ խոցելի պետություն չէինք ունենա, իսկ օրավարձով բանող «ազատ-անկախներն» էլ քանդվող տունը չտեսնելու չէին տա՝ «չախչախի դարդը լալով» եւ հիմնական՝ իշխանափոխության խնդիրը միտումնավոր հեգնելով…

Նախորդ հոդվածը‘Սկանդալ. Նախարարը, գնալուց առաջ՝ ինքն իրեն մեդալ է շնորհել ‘
Հաջորդ հոդվածը‘Հեղեղումների ժամանակ Ալթայի գյուղերից մեկում ջուրը բալիստիկ հրթիռ է բերել’