‘Գոհար Սիմոնյան. Նախ իշխանությունը կհեռանա, ապա՝ մնացածը’

1889

Մեզնից որեւէ մեկն իրավունք չունի փնովել այն,

ինչը նախկինում` 30-ականներին, 40-ականներին,

70-ականներին, 80-ականներին եղել է:

Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի,

որպեսզի ամեն համակարգ, այդ թվում`

նաեւ ուսումնականը, առաջընթաց ապահովի:

Սերժ Սարգսյան

31.08.2010

հանդիպում ուսանողների հետ՝

նախագահական նստավայրում

Հայտնի է, որ ժամանակին չարված հարցադրումները եւ կամ՝ ուշացած պատասխաններն ինչ-որ իքս պահի կարող են դաժանորեն «վրեժ լուծել» բոլոր պարտաճանաչ կերպով մոլորվածներից:

Ընդ որում, ասվածը ճշմարիտ է նույնիսկ այն դեպքում, երբ իշխող բռնապետական ռեժիմի ներքո ապրող հասարակության մի զգալի հատվածը ոչ միայն տվյալ հարցադրումն անելու անհրաժեշտությունը չի զգում, այլեւ չի էլ գիտակցում, որ վրա է հասել հատուցման ժամը…

Այս կոնտեքստում, ահա, փորձենք ընդհանրապես երիտասարդական կազմակերպությունների եւ մասնավորապե՛ս՝ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների համայնապատկերը դիտարկել:

…Թեկուզ միայն ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների հետ պատահածի բերումով, անշուշտ, կարելի էր միանգամից նշել, որ մեզանում ուսանողություն-երիտասարդություն կոչվածն, ինստիտուցիոնալ առումով, տարիներ շարունակ դեգերում է իշխանական մահակի ու բլիթի արանքում, որ անհապաղ հարկավոր է դադարեցնել բյուջեից ահռելի միջոցներ վատնող «բազեների ու արծիվների կենդանական շքերթը», ապամոնտաժել բոլոր ուսխորհուրդներն՝ իրենց «սաքուլիկ-հայկուլիկներով» հանդերձ, որովետեւ այստեղ հիմնականում հին սովետական կոմսոմոլների առավել կարիերիստ ու տականք տեսակն է բուծվում…

Բայց քանի որ ասվածը կարող է մերկապարանոց հնչել, իսկ միջադեպի դատապարտումը, որպես այդպիսին, խնդիրը չի լուծում, մի քանի փակագծերի բացման անհրաժեշտություն, այնուամենայնիվ, զգացվում է:

Եւ այսպես՝ ինչու՞ է անհրաժեշտ ապամոնտաժել ուսխորհուրդները, ուսանողների ինքնակազմակերպման հարցերը թողնելով սեփական հայեցողությանն ու, այսպես կոչված, համախոհության վրա հիմնված ակումբային կյանքին:

Բանն այն է, որ բոլոր ավտորիտար եւ կիսաավտորիտար ռեժիմները, հաշվի առնելով երիտասարդության՝ հասարակության շարժիչ ուժը լինելու եւ որոշ առումով՝ նաեւ անվերահսկելի լինելու հանգամանքը, փորձել են հատկապես նրա կրթված մասին վերահսկել հնարավոր բոլոր միջոցներով:

Հարմար առիթին թողնելով «դրսի» պարագան, այս պահին դիտարկենք մեր ոչ վաղ անցյալը եւ արձանագրենք, որ Սովետական միության դեպքում, ի սկզբանե, խնդիրը հստակ էր. անհրաժեշտ էր ստեղծել տոտալ վերահսկման մի համակարգ, որով երիտասարդությանը հնարավոր կլիներ մոբիլիզացնել երկիրը պրոլետարիզացնելու սրբազան անելիքի շուրջ:

Արդյունքում, արդեն երեսնականներին, շատ արագ փոփոխվեց  ուսանողության սոցիալական կազմը. սնկի նման սկսեցին աճել երիտասարդ կարիերիստ կոմսոմոլները, որոնք ոչ միայն գաղափարական մշակման էին ենթարկվում կոմկուսի կողմից, այլեւ, այսպես կոչված, փոքրիկ մարտական գումարտակներ էին հանդիսանում նրա համար՝ ահրաժեշտ այս կամ այն խնդիրը գլուխ բերելու, նաեւ՝ այլախոհությունը արմատից կտրելու համար…

Օրինակ՝ նրանց էր վստահվել երկրի ինդուստրիալիզացիան հեշտացնելու գործը, բռնի կոլեկտիվացումը՝ գյուղատնտեսության ոլորտում, ընդգծվել էր կուլտուր-մշակութային  առաքելությունը, որը սկզբնական շրջանում դրսեւորվում էր անգրագիտության վերացման՝ լիկբեզի, այնուհետեւ՝ կոմունիստական գաղափարախոսությունը «կրծելու» եւ տարածելու համարյա մետաֆիզիկ կերպավորմամբ…

Առաջին հայացքից անմեղ թվացող այս տենդը հայրենական մեծ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում  վերածվեց  հատուկ ծառայությունների կողմից եւ ուսանողների օգնությամբ «ժողովրդի թշնամիներ» որոնելու եւ գտնելու հիվանդության:

Ասել կուզի՝ երիտասարդությանը վերահսկելի դարձնելու գործելակերպը, ուսանողին՝ իշխանությանը մոտ կանգնած, կարեւոր մարդ լինելու եւ բարիքներից օգտվելու զգացողություն ներշնչելը, անհրաժեշտ պահին ահ ու սարսափ տարածելը, ստորացնելն ու նրանց միջոցով ուրիշների ստորացումը, «գործ տալը» սովորական բաներ էին Սովետական միության սահմաններում եւ նրա համար:

Եւ, ուրեմն, ահա այսպիսի  մանրակրկիտ, հետեւողական աշխատանքի հետեւանք էր այն հանգամանքը, որ ԲՈՒՀ-երում  պարտադիր կերպով ստեղծված ուսանողական խորհուրդներում եթե կոմսոմոլները 1928-ին կազմում էին 19.2%, 1935-ին այդ թիվը հասավ 32.5, իսկ 1982-ին՝ 95%-ի:

Չխոսենք արդեն ներկայիս բազեատիպ-բազեակերպ ընթացքի մասին, որ դրսեւորվում էր, այսպես կոչված, ինտերնացիոնալ երիտասարդության  եւ համապատասխան կազմակերպությունների գլոբալ տուրեւառի միջոցով…

…Հայաստանի Հանրապետության անկախության սկզբնական շրջանում եթե նույնիսկ առանձին «մեղանչումներ» էլ արձանագրվեցին, որոնց ես տեղյակ չեմ, այնուամենայնիվ, խոշոր հաշվով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխող կուսակցության «խելքն այդպես էլ չհասավ» երիտասարդության նկատմամբ տոտալ վերահսկում իրականացնելու, ավելին՝ փտախտը մինչեւ դպրոց հասցնելու եւ բոլոր տնօրեններին ՀՀՇ-ական դարձնելու համար…

Մի բան, որ սեփական կենսափորձով լավ էր յուրացվել պարտկոմական փառապանծ անցյալով Քոչարյանի եւ Կեւորկովի շկոլան անցած Սերժ Սարգսյանի պարագայում: Ուստի, եթե նույնիսկ երիտհանրապետական նախարար Արմեն Աշոտյանը քնից նոր վեր կացած էլ անգիր ասի Բոլոնյան կրթական բարեփոխումներով պարտադրված տեքստերը, ըստ որի՝ «ՀՀ կրթական համակարգի զարգացումն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շահառու խմբերի մասնակցությունն ու ներգրավվածությունը կրթության կառավարման պրոցեսում՝ որակյալ, մրցունակ եւ հասարակությանն ու տնտեսությանը համապատասխան բարձրագույն կրթություն ունենալու համար… անհրաժեշտ է ամեն կերպ աջակցել ուսանողական խորհուրդներին, որպեսզի, որպես միակ ինստիտուցիոնալ մարմին, ուսանողությունը նրանց միջոցով արտահայտի իր մտահոգութուններն ու փոխի իրողությունները», միեւնույն է, զարգացում եւ աջակցում ասվածն իրենց դեպքում շարունակում է ընկալվել եւ մատուցվել որպես կատարյալ վերահսկում՝ նույնիսկ սոցիալական ցանցերում:

Իսկ արդեն Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության, նաեւ ՀԱԿ երիտասարդների հետ կապված միջադեպի օրինակով հերթական անգամ ապացուցվում է, որ վերահսկողից բացի՝ «սաքուլիկ-հայկուլիկները» կրկին անցնում են իրենց հին՝ «գումարտակային արագ արձագանքման» առաքելությանը: Բնականաբար՝ ոստիկանության հետ միասին, նրա հետ համատեղ, չենք զարմանա, եթե վաղը պարզվի, որ նաեւ՝ հատուկ ծառայությունների հետ ձեռք ձեռքի…

Իսկ իշխանությունը կգնա՞ ուսխորհուրդները ցրելու ճանապարհով՝ կհարցնեք: Այլ կերպ՝ կկտրի՞ այն ճյուղը, որին ինքն է նստած:

Կներեք, բայց բռնապետական իշխանությունից որեւէ բան ակնկալելը կատարյալ անմեղսունակություն է, եթե ոչ` ավելի վատ մի բան:

Այնպես որ՝ նախ 30, 40, 70-ականները «չփնովող» եւ ստորությունը որակական նոր մակարդակի բարձրացրած այս իշխանությունը կհեռանա, ապա նաեւ՝ «սաքուլիկ-հայկուլիկները»:

Այլ ճանապարհ չկա:

Եւ եթե ոմանց թվում է՝ ատամներով են պաշտպանելու ծաղկաձորներում, ռեստորաններում ու սաունաներում «տժժալու» իրենց հաճույքն ու մանկության տարիներին, թերեւս, բակերում ծեծված լինելու իրենց բարդույթը շարունակելու են քողարկել նոր իմիջում եւ առողջ մարդկանց ահաբեկելով, շա՛տ են սխալվում: Հատիկ-հատիկ ենք հիշում բոլորիդ դեմքերն ու անունները:

Քիչ մնաց…

 

Նախորդ հոդվածը‘Լֆիկ, մի՛ սպանիր’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան մեկնող հայաստանցիների թիվն ավելացել է 20 %-ով’