‘Գոհար Սիմոնյան. Նոր միջազգային իրավիճակը, կամ՝ Հայաստանի «գինը» կրկին բարձր է’

3910

Մինչ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն առանձնակի հրճվանքով «մեռյալ հոգիներ» են որոնում, որպեսզի, իբր, երեք միլիոն բնակչությամբ Հայաստանի երկուսուկես միլիոն «ընտրողներով» սեփական վերարտադրության գործը գլուխ բերեն, տարածաշրջանում նոր եւ անկանխատեսելի լարումներ են հասունանում: Վերջին օրերի ռուս-թրքական կոնֆլիկտի առիթով ձեռքերը շփող որոշ արեւմտյան վերլուծական «ուղեղային կենտրոններ», լինեն ԱՄՆ-ում, թե Եվրոպայում, նկատել են, որ «Հայաստանի գինն այս ընթացքում կրկին բարձրացել է»: Ընդ որում, ո՛չ միայն Ռուսաստանում, որտեղ մեկ` ռուսաստանյան հասարակությանն առաջարկվում է Թուրքիա մեկնելու փոխարեն հանգստանալ «քաղաքակիրթ Հայաստանում», մեկ՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավարներ Սերգեյ Միրոնովն ու Նիկոլայ Լեւիչեւն են առաջարկում՝ Դումայում ընդունել Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծ (որպես Թուրքիային տրվելիք քաղաքական պատասխան), մեկ էլ՝ Հայաստանն արդեն դիտարկվում է որպես «հերոս ժողովուրդ, որը պատմության մեջ կմնա որպես եղբայրական Ռուսաստանի կողքին մինչեւ վերջ կանգնած պետություն»: Կոնկրետ մեր պարագայում հարցի բովանդակությունն ինքնին լարված եւ կարծես թե քաոսային ձեւափոխումների մեջ մտնող տարածաշրջանն է, որում մեր պետությունն օբյեկտիվորեն բազում նոր մարտահրավերների առաջ է կանգնում՝ միաժամանակ ունենալով վերից վար փչացած եւ անձեռնհաս մի ղեկավարություն, որին անհնար է որեւէ կերպ վստահել: Առավել եւս՝ նրա առաջնորդությամբ առկա եւ հնարավոր վտանգները դիմակայել:

Ցավալի մի փաստ, որը պիտի՛ որ մեր հասարակությունը լիովին գիտակցի՝ նախքան Սերժ Սարգսյանի «այո»-ին որեւէ կերպ պատասխանելը… Բնականաբար, տարածաշրջանային մարտրահրավերները կամ վտանգները դեռ փորձառու քաղաքական գործիչների ու մասնագիտական շրջանակների կողմից կձեւակերպվեն, ընդ որում՝ առավել հանգամանալից կերպով եւ մասնագիտորեն: Բայց այս պահին արդեն կա մի ուղերձ, որին անհրաժեշտ է հենց այս պահին ուշադրություն դարձնել, եւ որը նույն արեւմտյան քաղաքագիտական կենտրոնների վերլուծություններում անցնում է կարմիր թելով: Մասնավորապես, Stratfor-ը գրում է. «Թուրքիան եւ Ռուսաստանը չեն կարող միմյանց կոշտուկների վրա չկանգնել: Նախ՝ Թուրքիան տիրապետում է Միջերկրական եւ Սեւծովյան ելքերի բանալիներին, որովհետեւ վերահսկում է Բոսֆորն ու Դարդանելյան նեղուցը: Եւ ամեն անգամ, երբ ՌԴ-ն այնտեղ է ուղարկում իր ռազմական, բեռնատար կամ մարդատար նավերը, ստիպված է լինում համագործակցել Թուրքիայի հետ: Դրան զուգահեռ՝ Անկարայի հետ համագործակցությունը նաեւ ՆԱՏՕ-ին է անհրաժեշտ, եթե ալյանսը կամենա Սեւ ծովում սեղմել Ռուսաստանի թույլ կետերին», ասես հասկացնելով, որ ռուսները ճի՛շտ են վարվում, երբ սովորականին հակառակ՝ թիրախավորում են միայն Թուրքիային, ոչ թե ՆԱՏՕ-ին միաժամանակ: Ակնարկվում է, այսինքն, որ այդկերպ հնարավոր է՝ խնդիրն ավելի արագ եւ անցավ հանգուցալուծվի, միաժամանակ՝ տարածաշրջանին ուղերձ է հղվում, որ ՆԱՏՕ-ն առայժմ չի խառնվի գործընթացներին եւ դեռեւս լուռ կհետեւի իրադարձություններին: Արդյունքում՝ ամերիկյան կենտրոնը կանխատեսում է, որ ռուս-թրքական հարաբերությունները կվատանան, եւ որպես թատերաբեմ՝ առաջին վայրը Սիրիան կլինի. «Այս պահին Թուրքիան կամենում է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում, որտեղ կուղարկի ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, իսկ ԱՄՆ-ի պաշտպանության պարագային՝ Բաշար Ասադի դեմ զինված ընդդիմադիրներին: Ռուսաստանը կձգտի խափանել դա, առաջիկայում եւս՝ ոչ միայն ԴԱԻՇ-ի ահաբեկիչների, այլեւ՝ Ասադի դեմ զինված ընդդիմադիրների դեմ պայքարելով: Սա կարող է նոր ընդհարումների բերել»,- գրում է «Stratfor»-ը՝ հաջորդ թատերաբեմը Ղարաբաղը համարելով: Սա նոր իրավիճակ է ձեւավորում Հայաստանի շուրջը, որոնք, ամենայն հավանականությամբ, կպարունակեն ռեալ մարտահրավերներ: Վտանգն ավելի է մեծանում՝ հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած է քաղաքական այբուբենին անծանոթ մի վարչակազմ, որը մինչ օրս ցույց չի տվել մեկ օրինակ, որ դժվարին պահերին կարող է իրականացնել հուսալի արտաքին եւ ներքին քաղաքականություն: Ավելին, Սերժ Սարգսյանի վարչախումբը հիմա զբաղված է ամեն գնով նոր Սահմանադրությունը ժողովրդի վզին փաթաթելու արկածախնդրությամբ, չհասկանալով, թե ինչ կրակի հետ է խաղում, ընդ որում՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական առումներով:

Թե կոնկրետ ինչ զարգացումներ տեղի կունենան, ցույց կտա ապագան: Բայց որ այս պահի՛ն արդեն մեր ժողովուրդը պիտի գիտակցի, որ մարգարիտ եսայաններով, հերմինե նաղդալյաններով ու նրանց ղեկավար Սերժ Սարգսյանով ոչնչի չենք հասնի՝ միայն ավելի վատթարացնելով մեր վիճակը, ոզնուն էլ է պարզ: Ակնհայտ է նաեւ, որ «Հայաստանի գինն իսկապես էլ բա՛րձր է», եւ մնում է միայն պարզել՝ մե՞նք ենք այդ բարձր գինը վճարելու հերթական անգամ, թե՞ բախտներս կբերի, ու վերջապես «կվճարվե՛նք»՝ ինչպես 90-ականներին, երբ միաժամանակ ե՛ւ Անկախ Հայաստան ունեցանք, ե՛ւ օրինակարգ իշխանություն, եւ նրա հետ միասին՝ հաղթանակած Ղարաբաղ…

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ջոն Հարվարդը՝ անմեղ մեղավորը’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Բորուսիան» պարտվեց «Կրասնոդարին» (տեսանյութ)’