‘Գոհար Սիմոնյան. Շնորհավոր, Սե՛րժ. երկրորդ ամենավատ տնտեսությունն ունես աշխարհում’

3766

Հայտնի «Forbes» հանդեսը հերթական անգամ գնահատելով մոտ 177 երկրների տնտեսական դրությունը՝ երեք տարվա իր դիտարկումների հիման վրա հրապարակել է աշխարհի ամենավատ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:

Ցավոք, Հայաստանն այդ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է «պատվավոր» երկրորդ տեղը. մեզ միայն Մադագասկարն է կարողացել «հասնել եւ առաջ անցնել»: Մեզնից անմիջապես հետո Գվինեան է, ապա՝ Ուկրաինան: Հինգերորդ տեղում Ճամայկան է, վեցերորդում՝ Վենեսուելան, յոթերորդում՝ Ղրղզստանը: Ութերորդ տեղը Սվազիլենդին է պատկանում, իններորդը՝ Նիկարագուային, իսկ տասներորդ հորիզոնականը զբաղեցնում է Իրանը:

Ըստ «Forbes»-ի՝ հիշյալ տվյալները ստացվել կամ հաշվարկվել են հետեւյալ կերպ. հաշվի է առնվել ՀՆԱ-ի աճը, ՀՆԱ-ի՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող չափը, նաեւ այնպիսի ցուցանիշներ, որոնք բացահայտում են բնակչության գնողունակության մակարդակը եւ երկրի՝ ավելի շատ ներմուծող կամ արտահանող լինելու հանգամանքը:

Հետաքրքիր է, որ «Forbes»-ի այս վերլուծությունը բավական համահունչ է եղել «Transparency International» միջազգային կազմակերպության՝ կոռուպցիայի մասով կազմած զեկույցում վեր հանված փաստերին, ինչն այդ կազմակերպության հետազոտական ծրագրերի ղեկավարին առիթ է տվել ուղիղ կապ տեսնել կոռուպցիայի եւ վատ տնտեսական դրության միջեւ:

«Կոռուպցիան ուժեղ ազդեցություն ունի տնտեսական զարգացման վրա: Պարզվում է՝ դրա արդյունքում տուժում են մարդկային զարգացումը արտացոլող բոլոր ցուցանիշները: Այն երկրները, որտեղ կառավարությունները չեն աշխատում, տնտեսությունը չի զարգանում»,- ասել է Ռոբին Հոդեսը:

Անկեղծ ասած՝ մեր դեպքում ես սկզբունքորեն դեմ եմ «Transparency International»-ի փորձագետի գնահատականին, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ կոնկրետ Հայաստանում կառավարությունն ինչքան «քափուքրտինք մտած» է աշխատում, այնքան դրությունն ավելի է բարդանում: Ավելին՝ ես սկսել եմ մտածել, որ հայաստանյան տնտեսությունը կսկսի շնչել միայն այն դեպքում, երբ գոնե ժամակավորապես ե՛ւ Բաղրամյան 26-ը կողպվի, ե՛ւ կառավարության շենքը:

Հակառակ դեպքում՝ այս երկու տեղերում էլ կշարունակեն ամեն գնով աշխատել՝ ինչպես անցած տարիների ընթացքում, եւ արդյունքում իրենք մի բան կհայտարարեն, «Forbes»-ը՝ մի ուրիշ բան:

Բոլորովին չեմ կատակում. վերցրեք անցած երեք տարիների ցուցանիշները, որոնք մեզ հրամցրել է Տիգրան Սարգսյանի կառավարությունը, եւ ինքներդ կհամոզվեք ասածիս ճշմարտացիության մեջ:

Հենց միայն անցած տարի, օրինակ, մեզ բավական տպավորիչ արդյունքների մասին էին զեկուցել: Համաձայն դրանց՝ 2013 թ. ամենամեծ աճն արձանագրվել էր  արդյունաբերությունում` 7,1 տոկոս: Հաջորդը գյուղատնտեսությունն էր, որտեղ արձանագրվել էր 6,1 տոկոս աճ, ծառայությունների  ոլորտում աճը կազմել էր 2,9 տոկոս, առեւտրի շրջանառությունան մեջ՝  1,6 տոկոս, իսկ ընդհանրապես՝ կառավարությանը հաջողվել էր հասնել Սերժ Սարգսյանի կողմից մատնանշված 7 տոկոս աճին: Ցուցանիշ, որի մասին, ի միջի այլոց, կերազեին բոլոր այն երկրները, ովքեր մեզանից մղոններով առաջ են արդյունավետ տնտեսություն ունենալու առումով:

Հակասություն է, չէ՞:

Այո՛, բայց դա ոչ թե «Forbes»-ի, այլ, տվյալ դեպքում՝ հայ թվանկարիչների հակասությունն է: Նրանք սովոր են ո՛չ միայն ընտրություններում, այլեւ տնտեսական աճի պարագայում «խփել ճիշտ այնքան տոկոս», որքան Բաղրամյան 26-ում նստածի մտքով է անցնում: Թվի եղա՞ծն ինչ է, որ չնկարեն…

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» անդամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘CBF –ը մտադիր է դատի տալ բժիշկներին՝ Նեյմարին առաջարկված ներարկումների համար’