‘Գոհար Սիմոնյան. Ռեժիմը թեժ աշնան է նախապատրաստվում…’

2470

Ասում են՝ հանրության մեջ ներկայումս ավելի շատ «դուռպաչան» մականունով հայտնի նախկին գլխավոր դատախազն իր աշխատասենյակում վերջապես ժամանակ գտել ու Ֆրեյդ էր կարդացել: Կարդացել էր՝ քիչ է, դեռ մի միտք էլ առանձնացրել-արտագրել էր դեղին թղթիկի վրա ու, ճի՛շտ է, անտաղանդ կերպով, բայց փորձել էր «հոգեխանգարմունքի իր տեսությունը» հենց այդ հիմքով կազմավորել:

Ճիշտ է՝ Ծերուկը նախկին գլխավոր դատախազի ու իր  տերերի մասին այնքան բան էր գրել, որ արդարացի կլիներ սեփական խնդիրները տեսնելու և դրանք բացատրելու «տաժանակրությամբ անցնել», բայց, ինչպես հաճախ է պատահում, ռեժիմի «գլխավոր սերովբեն» կանգնել էր հատկապես Ազատության հրապարակը «Հայրենիք, ազգ, պետություն» կոչվող հոգեխանգարմունքի՛ց պաշտպանելու դիրքերում:

«Բավական է մարդկանց մի մեծ զանգված գլուխ գլխի գա, և նրանց անհատականության հիմքում ընկած բոլոր բարոյական ձեռքբերումները հօդս են ցնդում՝ իրենց ետևում թողնելով սոսկ ամենապրիմիտիվ, ամենահին և ամենակոպիտ հոգեբանական բնազդները կամ կարգավորումները…Ամբոխի մեջ մարդն այլևս ի՛նքը չէ»,- ահա Ֆրեյդի այն միտքը, որն այդչափ գրավել էր Աղվան Հովսեփյանին և ռեժիմին էլ մարտի մեկից առաջ դրդել «իրավիճակի կարգավորման»:

Սրանք մի բանում, սակայն, սխալվել էին. Ազատության հրապարակում, որն իրենք անամոթաբար «Թատերական» անունով կնքեցին, ոչ թե ամբոխ էր հավաքվել, այլ Ժողովուրդ՝ բառի ամենաիսկական և  խելացիորեն ինքնակարգավորվող իմաստով:

Այս փաստն, ի դեպ, նույնիսկ օտարերկրյա երկրների դիվանագետներն ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչնե՛րն անմիջապես նկատեցին, երբ զուգահեռներ տարան նույնիսկ իրենց երկրներում կազմակերպվող բողոքի ակցիաների, ընդամենը կես ժամ անց նույնիսկ եվրոպական մայրաքաղաքներում ծավալվող հրդեհների, թալանի, բռնությունների ու մեր Հրապարակի միջև, որ ոչ միայն Ազատության, այլև Խաղաղության տարածություն էր: Կենսական մի հարթակ, որն աչքով չափվող տարածությամբ չէր սահմանափակվում…

Այս դեպքում, ուրեմն, հոգեխանգարմունքը ռեժիմինն էր, և եթե իշխանություն կոչվող այդ խմբակին անհրաժեշտ էլ էր նման տեքստեր ընթերցել, ապա բացառապես իրենք իրենց ճանաչելու նպատակով ու քաջությամբ պիտի դա անեին…

Այս հանգամանքն, ուրեմն, զանց առնվեց, շատ արագ մոռացվեց, ու թեպետ հետագայում բոլորս համառորեն խնդրում-պահանջում էինք Ազատության հրապարակում սկիզբ առած որևէ բռնության դեպք ապացուցել, ավտոբուսի ետևից հանկարծակի «հառնող մարդասպանի» կոնկրետ անուն տալ, ինչպես միշտ՝ հարցը «ջրվում էր»: Կամ՝ իրե՛նց է թվում, թե «ջրվեց-գնաց», որովհետև քանի տարի էլ անցնի, վստահ եմ, Մարտի 1-ի հանցագործները կանգնելու՛ են արդար դատարանի առաջ…

Բայց ինչու՞ եմ հիշել «դուռպաչան Աղվանին» ու այս դեպքերը՝ կհարցնեք:

Դստեր «կլուբում 100-օրյա հաշվետվությամբ հանդես եկող» Հովհաննես Մանուկյանի՛ առիթով: Ավազակապետության արդարադատության նախարարի, որը հաջորդ հաշվետվությամբ, թերևս, իր տանը հանդես գա՝ խորոված-քյաբաբի սեղանի «ներքո» (տեսնես՝ ծերուկ Ֆրեյդն ի՞նչ կասեր այս առիթով…):

Պատկերացնու՞մ եք, մարդը հարյուր օր տքնել, համակարգը ուսումնասիրել և գտել է, որ երկրի ամենակարևոր ոլորտի հիմնական բացթողումը «Հավաքների մասին» օրենքում փոփոխություններ չանելն է:

Մնացած ամեն բան, այսինք, կարգին է. մեր երկրում ոչ որևէ մեկի իրավունքն է բռնաբարվում, ոչ անիրավության պատճառով մարդիկ են ինչքից ու ամեն բանից զրկվում՝ բռնելով արտագաղթի ճամփան, ոչ բանտերում խնդիրներ կան, ոչ էլ` «աշխարհի ամենաարդար» մեր դատարաններում:

Հետևաբար, առաջարկվում է ավելացնել նոր պարտավորություն՝ հատկապես հնարավոր բողոքի ցույցերի կամ միտինգների մասնակիցների համար:

Այն է՝ «ձեռնպահ մնալ այնպիսի դիտավորյալ գործողություններից, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները և ազատությունները, կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»:

Չէ՛, ես հասկանում եմ, որ «ամբողջ ազգի վրա բաժանվող և բոլորին կուշտ հանող վիճակագրական հավից»  հետո իրավական որևէ քննարկում սրանց հետ այն երկրորդ «հավն է, որին ոնց կուզեն՝ քշա կանեն», ինչն ինչպես ուզեն ՝ կբացատրեն ու կընթերցեն, դիմացինին երաշխավորված հոգեխանգարմունքի հասցնելով:

Բայց, միևնույն է, չեմ կարողանում դիմանալ գայթակղությանն ու չհարցնել՝ իսկ ի՞նչ ասել է դիտավորյալ գործողություն, ո՞վ կբացատրի: Եւ ովքե՞ր են այն անձինք, որոնց իրավունքները հավաքների ընթացքում խախտվելու են չթվարկվող, չմանրամասնվող դիտավորյալ գործողություններով՝  քիչ է, դեռ մի բան էլ մարդկությանն անհայտ «ցանկացած այլ եղանակով»: Ի՞նչ է հասկանում ռեժիմը՝ «իրավական կամ փաստացի դրություն» ասելով, կամ՝ ո՞նց է հնարավոր խախտել որևէ մեկի փաստացի դրությունը:

Ավելին՝ ի՞նչ պատիժ է սահմանվում վերոնշյալ անհասկանալի դրույթները «խախտողների համար»: Սա ի՞նչ մառազմ է, հիմա՞ ինչ է անցել Սերժ Սարգսյանի գլխով՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու «փորձին» ընդառաջ:

Եւ ինչու՞ մեր հասարակությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այս փաստին: Ի վերջո, պարզից էլ պարզ է, որ հիշյալ «օրենսդրական» նախաձեռնության իրական հեղինակը ոչ թե Հովհաննես Մանուկյանն է, որը նախորդի օրինակով այդպես էլ դաս չառավ, թե ինչպես է ռեժիմը վարվում իրպեսների հետ, այլ անձամբ Սերժ Սարգսյանը, որն ակնհայտորեն ոչ իշխանական քառյակի կողմից հայտարարված «թեժ աշնանն» է նախապատրաստվում:

Փաստորեն, հասկանում է, որ աշունն այնքան թեժ է լինելու, և իրենք էլ այնպիսի վիճակում են հայտնվելու, որ նույնիսկ աղվանա-դավիթհարությունյանական կասկածելի օրենսդրությու՛նը բավարար ծառայություն չի մատուցելու:

Հասկացա՛նք: Բայց ինչու՞ է հրաժարականի «կամ ցանկացած այլ եղանակով» հեռանալու փոխարեն` նրան հնարավոր թվում նոր «սև խոռոչներում մեզ տակով անելու», կրկին գնդակահարելու և մեզնով բանտերը հագեցնելու հնարավորությունը: Ծոծրակներդ կտեսնեք, նման հնարավորություն չեք տեսնի:

Հ.Գ. Հովհաննես Մանուկյանն օրենսդրական այս փոփոխությունն առայժմ միայն կառավարությանն է ներկայացրել: Ակնհայտ է, որ բոլոր և հատկապես խորհրդարանական քաղաքական ուժերը պիտի ամեն բան անեն, որ ոչ թե ԱԺ-ում պատերազմ վարեն՝ փաստի առաջ կանգնելով, այլ այնպիսի հանրային մթնոլորտ ձևավորեն, որի ճնշմամբ այդ անհեթեթությունը կառավարությունից խորհրդարան էլ չհասնի: Սա կենսականորեն կարևոր հարց է՝ հանաք-մասխարություն չի…

Նախորդ հոդվածը‘Ղարիբաշվիլի. Թբիլիսին պատրաստ է վերականգնել եղբայրական հարաբերությունները աբխազների հետ’
Հաջորդ հոդվածը‘Արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը’