‘Գոհար Սիմոնյան. Սերժը շանտաժի է ենթարկում Եվրոպային’

3091

— Բա որ ես էլ ծիտիկ դառնամ,

Թռչեմ ծառին, ծրտեմ գլխիդ,

Ի՞նչ կանես. ի՞նչ կանես, ի՞նչ կանես, յա՛ր։

-Բա որ ես էլ որսորդ դառնամ,

Հրացանս վերցնեմ ու գամ,

Ծրտամանիդ նշան բռնեմ ու կրակեմ,

Ի՞նչ կանես, ի՞նչ կանես, ի՞նչ կանես, յա՛ր…

Ժողովրդական երգ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «հայկական հատվածը», ՀՀ ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով, վերածվեց գեղի կլուբի անճաշակ միջավայրի: Եւ պիտի խոստովանել, որ նրան այս հարցում մեծապես օգնեցին սեփական կուսակիցները, ովքեր իրենց նախագահին տրվելիք հարցի իրավունքը, տարօրինակ կերպով, զիջեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` նույնքան անճաշակ գերպոպուլիզմի ցուցադրմանը: Բայց հիմա Փոստանջյանը չէ՛, որ մեզ հետաքրքրում է. «ծտի ու որսորդի մենամարտի» վերաբերյալ թող Զարուհու գովքն անողները դատողություններ անեն: Ընդ որում` որեւէ մեկին չհամարձակվեն մեղադրել փարիսեցիության մեջ, ինչպես եւ վարվում են սոցիալական ցանցերում: Իբր` Զարուհու այս քայլին դեմ արտահայտվողները նմանվում են Օսկանյանին, ով ժամանակին ընդդիմությանը մեղադրում էր «երկրի կեղտոտ լվացքը դուրս հանելու» հարցում: Նախ` մարտի մեկի եւ կազինոների մասին հույժ կարեւոր հարցի միջեւ հաստա՛տ տարբերություն կա, եւ եթե որեւէ մեկը փաստարկված քաղաքական տեքստի ու սրա միջեւ տարբերություն չի տենում, ի՛ր խնդիրն է: Բացի այդ` Սերժ Սարգսյանի ենթադրյալ կամ հաստատված խաղամոլությունը նրա ամենամեծ մեղքը չէ՛, ինչի մասին կարելի էր խոսել ԵԽԽՎ-ի պես բարձր ամբիոնից: Դա  ընդամենը հետեւանք է, կամ նույնիսկ նորմալ դրություն այն ավազակապետության համար, որում մե՛նք ենք ապրում: Հետեւաբար` նրան կարելի էր նաեւ քաղաքական տեքստ հրամցնել, օրինակ` հենց քաղբանտարկյալների եւ այդ ֆոնին` Վիլնյուսում ստորագրվելիք համաձայնագրի համատեղելիության վերաբերյալ: Աներկբա է, որ Եվրոպայում ընդունված արժեքների համատեքստում` քաղբանտարկյալների առկայությունը նվազ անհամատեղելի գործոն չէ եվրոպացիների հետ ասոցացվելու համար, քան, ասենք, Մաքսային միությանն անդամակցումը: Եվրոպայի խորհրդի ամբիոնի էժանացումն, ուրեմն, մանավանդ` Սարգսյանի կողմից հնչեցված պատասխանով, հաստա՛տ երկուսի, ցավոք` նաեւ մեր երկրի մասին լավ բան չէր խոսում… Բայց գանք առավել կարեւոր խնդրի: Բանն այն է, որ, ցավոք, եվրոպացիներն իրենք էլ իրե՛նց հերթին այս տարիներին ամեն բան արին, որպեսզի մեր երկրում մինչեւ վերջ վարկաբեկվեն թե՛ եվրոպական արժեքները, թե՛ ԵԽ-ն Հայաստանում ներկայացնող Պրեսկոտն ու մյուսները, թե՛ Եվրամիությունն ընդհանրապես: Ավելին, ինչ-ինչ նպատակներով հանդուրժելով մարտի մեկի արյան ու անօրինակ կեղծիքների գնով իշխանությունը զավթած անձին` եվրոպացիներն իրե՛նք Սերժի թակարդն ընկան, եւ հիմա ստիպված են կամ ազնվորեն խոստովանել իրենց ձախողումը, կամ ենթարկվել այն սադրանքին, որ Սերժ Սարգսյանը հրահրեց ԵԽԽՎ-ում: Իսկ սադրանք, այնուամենայնիվ, կար: Այն էլ` ինչպիսի: ԵԽԽՎ նստաշրջանին ելույթ ունեցող Սերժ Սարգսյանը բաց ճակատով հայտարարեց, թե Հայաստանը չի էլ շեղվել նախնական ճանապարհից:

«Մենք ամենասկզբից էլ ասել ենք մեր եվրոպացի գործընկերներին, որ մեր քաղաքականության հիմքում ոչ թե շահերի հակադրումն է, այլ դրանց համադրումը: Մեր գործընկերները համաձայնվել են եւ ասել, որ Արեւելյան գործընկերությունն ուղղված չէ այլ կառույցների դեմ (տվյալ դեպքում` Ռուսաստանի եւ Մաքսային միության դեմ – Գ.Ս.): Մենք այժմ էլ պատրաստ ենք ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայանգիրը»,- ասել է Սարգսյանը, հավելելով, թե ե՛ւ այս, ե՛ւ ՄՄ-ին անդամակցելու որոշումը ներկայացնում է հայ ժողովրդի մեծագույն հատվածի տեսակետը: Ընդ որում` Սերժ Սարգսյանը հարկ է համարել մի անգամ եւս շեշտել, որ Ռուսաստանից ոչ մի պաշտոնյա իր վրա ճնշում չի՛ գործադրել, իսկ եթե անհրաժեշտություն առաջանա, այսինքն` ՀՀ Ազգային ժողովը չհաստատի սահմանադրությամբ իրեն լիազորված` հարցի առնչությամբ որոշում ընդունելու իրավունքը, կարելի է նաեւ հանրաքվե անցկացնել: Ինչպես ասում են` ամեն բան մաքուր է եւ ավելի քան` հստակ: Հետեւաբար, չնայած սկզբնական շրջանում հնչած այն բոլոր ուղերձներին, թե Սերժ Սարգսյանին Վիլնյուսում չեն սպասում` նա անպայմա՛ն է պատրաստվում մեկնել այնտեղ, ձեռքի նույնքան վարժ շարժումով ստորագրել նաեւ ԵՄ ասոցացման համաձայնագիրը եւ, ուշադրությո՛ւն, այժմ էլ «բանակացություններ է վարում համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչը թույլ կտա ստորագրել դրա քաղաքական բարեփոխումների մասը»: Չէ՛, դուք հասկանո՞ւմ եք` ինչ է տեղի ունենում: Սերժ Սարգսյանը, հենց եվրոպացիների ջանքերով, երկու տիրոջ ծառայի կարգավիճակից փորձում է ռեւանշ վերցնել եւ Հայաստանի միջոցով Ռուսաստանի հետ կռվող եվրոպացիներից էլ ավելի՛ եվրոպացի երեւալ: Դեմ չէ, մարդը սրտա՛նց է ուզում բարեփոխումներ անել, եւ եթե Եվրոպան այդ ցանկությունը մերժի, ի՛նքը մեղավոր կլինի: Ավելին` սրանով Սարգսյանն իր վրայից հանում է նաեւ եվրոպական փողերի ետեւից վազողի համբավը՝ հասկացնելով, որ եթե ինքը կազինոյում խաղացող լիներ` հաստա՛տ հարուստ եվրոպացիք իրեն ավելի շատ փող կտային: Ինչպես ասում են` «կրակոց ուղիղ ԵՄ ծրտամանին»: Հիմա արդեն Սերժը կարող է հանգիստ քուն մտնել, ու թող եվրոպացիներն իրե՛նք չքնեն իրենց փափուկ օթոցներին…:

Նախորդ հոդվածը‘Քենիայի փոխնախագահի դատավարությունը. դատախազը կաշառատվության դեպք է հայտանաբերել’
Հաջորդ հոդվածը’17 երկրներ համաձայնել են ընդունել սիրիացի փախստականներին’