‘Գոհար Սիմոնյան. Սերժը «պայթելու է» իր իսկ ականի վրա ‘

2416

Мы изучаем перенос.

Вот как слова я перенёс.

“Едва” я перенёс: “Е-два”,

Как получил за это “два”.

“Укол” я перенёс: “У-кол”

И получил за это “кол”.

“Опять” я перенёс: “о-пять”.

Теперь, наверно, будет “пять”.

 А как ты думаешь, дружок,

Он получить “пятёрку” смог?

Անհայտ ասացող

Շատերն են հիշում, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության տեղին կամ անտեղի լինելու հարցին Սերժ Սարգսյանն ինչպես պատասխանեց  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Ըստ այդմ՝ ներկայացվեց, թե ազատ ընտրությամբ կատարված այս քայլը ոչ թե ուղղված է եղել Եվրամիության դեմ եւ կամ հատկապես Ռուսաստանի հետ միացում է նշանակել, այլ ընդամենը անվտանգության եւ տնտեսության հետ կապված հարցերի  առավել դինամիկ հարթակ է կազմվել ՄՄ-ին անդամակցող այն բոլոր երկրների հետ, որոնք, այսպես թե այնպես, միշտ էլ մեր պետության հիմնական գործընկերներն են եղել: Բնականաբար, եթե խնդիրն այս կերպ է դրվում, ինքնին վերանում է նաեւ ՀՀ-ի սուվերենությանն սպառնացող որեւէ հնարավոր վտանգի առնչությամբ տրվելիք ե՛ւ հարցի, ե՛ւ մեկնաբանության անհրաժեշտությունը:

Հիմա մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինքը` Սերժ Սարգսյանը, որքանով է լուրջ վերաբերվում իր իսկ բացատրություններին, որովհետեւ ՄՄ-ի անդամ Ղազախստանի հետ հարաբերություններն, օրինակ, ոչ միայն առանձնապես հպարտության առիթ չեն տալիս, այլեւ, հաշվի առնելով այդ երկրի եւ Ադրբեջանի հարաբերությունների որակն ու մակարդակը, նաեւ` Ղազախստանի գործունեությունը` միջազգային տարբեր հարթակներում, բոլորովին հակառակ եզրահանգման են  բերում:

Բայց եթե նույնիսկ այս եւ մնացած բոլոր հանգամանքներն էլ մի կողմ դնենք եւ համապատասխանաբար` Սերժ Սարգսյանի խոսքը հալած յուղի տեղ ընդունենք, պոստֆակտում` կրկին անհարմար դրության առջեւ ենք կանգնում, որովհետեւ ստացվում է, որ երկրներից գոնե մեկը, եւ դա հենց ՄՄ-ով հանդերձավորված Ռուսաստանն է, իրականում  այնքան էլ ազնիվ չի խաղում:

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով, իբր, հավատում է ՄՄ-ի խողովակով մեզ տրված առավել սերտ տուրեւառի հնարավորությանը, Ռուսաստանում չեն էլ թաքցնում, որ Մաքսային միությունն իրականում Եվրասիական միության ստեղծման  կարեւոր հանգրվան է` ռուսական տանուտիրությամբ, իսկ ռուսերենը` կարեւոր գործիք, կամ ինչպես Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կազմակերպված քննարկման ընթացքում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն է նշել` «Եվրասիական միության ստեղծման եւ զարգացման քաղաքակրթական հիմք»: Լեզու, որը, վատ չէր լինի` Հայստանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ ստանար…

Հիմա, երբ ասվածի առիթով ռուսախոս եւ Երեւանի երեսն ընկած` իր երեխայի համար ռուսական դպրոց փնտրող մի կին է գլուխը զվարթ թափահարում՝ ես հասկանում եմ, թեպետ` Տեր-Պետրոսյանի «ապազգային իշխանավարության ընթացքում» այս երիտասարդ մայրիկը հասկացել եւ հաշտվել էր արդեն այն մտքի հետ, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է: Ավելին, սկսել էր, վատ զգալով՝ հայերեն էլ սովորել: Բայց երբ ահա ուրախությունից փայլում եւ համարյա նույն մտքերն է արտահայտում ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ, տարոնա-նժդեհական «հաղթողական կուսակցության» ներկայացուցիչ Արտակ Դավթյանը, համաձայնեք, սա արդեն բանի նման չէ: Այստեղ արդեն լուրջ առիթ կա մտահոգվելու մեր պետության  սուվերենության ու ազգային ինքնության համար:

Մյուս կողմից էլ` մինչեւ վերջ ազնիվ լինելու համար պիտի նշենք, որ այս քննարկմամբ խնդիրները ոչ թե սկսվում կամ նույնիսկ ձեւակերպվում են, այլ ընդամենը տարիներ շարունակ հայ-ռուսական ուղղահայաց հարաբերություններին վերջնական տեսք ու որակ է տրվում:

Երբ երկրի համարյա բոլոր կարեւոր արտադրական հզորությունները տրվում էին մեկ երկրի կառավարմանը, առանձնապես պետք չէր խելացի լինել` հասկանալու համար, որ, օրինակ` Հարավկովկասյան երկաթուղում, արհամարհելով օրեքը, ողջ գրագրությունը ռուսերենով էր իրականացվելու, որ այլեւս  կրճատելու կամ աշխատանքի չէին ընդունելու ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ռուսերեն չգիտեին: Կամ որ` նրանց ստիպելու էին եռամսյա, քառամսյա հատուկ դասընթացներով բարելավել ռուսերենի իրենց իմացությունը: Երբ մեր դպրոցներում գնալով ավելի ու ավելի մեծ թվով ռուսական դասարաններ էին բացվում ռուսական կրթությամբ նախարարի հովանու ներքո, հետո պետք չէր զարմանքով հայտնաբերել, որ արդեն չորրորդ տարին, անգամ այդ նախարարությանը արհամարհելով ու նկատելու չտալով, Մոսկվայում ԱՊՀ լավագույն ռուսերենի ուսուցիչ մրցույթն է անցկացվում: Կատարյալ անմեղսունակ էր պետք լինել` չհասկանալու համար այն պարզ բանը, որ երբ ձախողում ես տնտեսական առաջընթացի ցանկացած հնարավորություն եւ ուրախանում կրիտիկական զանգվածի նվազմամբ` օրվա հաց վաստակելու համար հայրենակիցներիդ հիմնականում ռուսական ալթայներ ուղարկելով, նրանք, ուզեն-չուզեն, «հինգերորդ շարասյուն եւ պատանդ են դառում» այդ երկրում:

Ցանկը կարելի է, իհարկե, անվերջ կամ շատ երկար լրացնել, բայց հիմա մի տեսակ նույնիսկ անտեղին է թվում հետին թվով մատնանշել քոչարյանա-սարգսյանական վարչախմբի բոլոր այն ձեռնարկները, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրությանը ձեւ ու բովանդակություն տվին, որքան էլ զարմանալի հնչի, միաժամանակ` այս ամենի խորքում սոսկալի վտանգավոր հակառուսականության ական տեղադրելով:

Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթում այդ մասին շատ որոշակիորեն խոսեց եւ լավագույնս բնորոշեց դրա ինչ լինելը, եւ հիմա’, օրինակ, ես սարսափով եմ սպասում այն զարգացումներին, որոնք, հնարավոր է, սադրվեն մեր երկրում…Իսկ առանձին խմբեր ինչպես նախկինում, այդպես էլ այժմ, ջանալու են ամեն ինչի մեղավորը ոչ թե սեփական իշխանություններին ու Սերժ Սարգսյանի անձռնհաս քաղաքականությունը դիտարկել, այլ ՌԴ իշխանություններին, իսկ որ ավելի վատ ` ռուսներին ու ռուսերենը` առհասարակ…

Ինչպես ասում են` եզրակացությունը մեկն է. քանի դեռ սրանք վերջնականապես քարը քարին չեն թողել, ռուսական իշխանություններն էլ, իրե՛նց հերթին, չեն փչացրել ամեն բան` անթույլատրելիության աստիճան նվաստացնելով ոչ թե դրան արժանի ոչ օրինակարգ իշխանություններին, այլ  մեր ժողովրդին, հարկավոր է ձեւավորել համազգային ընդվզման մեն-մի օրակարգ, որի միակ կետը առայժմ Սերժ Սարգսյանին ու իր տարոնա-նժդեհական խմբակին իշխանությունից հեռացնելը կլինի:

Չէ՛, այսպես թե այնպես` Սերժը շատ շուտով «պայթելու» է իր իսկ տեղադրած ականի վրա, բայց որպեսզի պետությունը շահի, հարկավոր է նրան «կենդանի» հեռացնել իշխանությունից: Միայն այդժամ հնարավոր կլինի ե՛ւ ռուսների, ե՛ւ եվրոպացիների հետ գնալ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի վրա հաստատված հարաբերությունների եւ բոլոր ոլորտներում, այսպես կոչված` «խորը եւ համապարփակ Restart-ի» անվնաս ճանապարհով: Այլ տարբերակ չկա՛: Մեկընդմիշտ հարկավոր է գիտակցել, հիշե՛լ, որ ոչ թե ռուսները, ամերիկացիները, կամ եվրոպացիներն են մեզ հիմարացնում, այլ Սերժ Սարգսյանը, ում հրաժարականը ոմանք այդպես էլ չեն պահանջում` թաքնվելով կազինոների եւ այլ լոկալ ակցիաների ետեւում…:

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Արևելյան գործընկերության երկրների հեռանկարների շուրջ լսումներն ԱՄՆ Սենատում հետաձգվել են’
Հաջորդ հոդվածը‘Արա Աբրահամյան. Դրական եմ գնահատում Մաքսային միությանն անդամակցելու որոշումը’