‘Գոհար Սիմոնյան. Վարկեր, կամ ամենասովորական տգետ թալանչիներ’

1834

Ես չգիտեմ՝ կա՞, արդյոք, մեկը Հայաստանի Հանրապետությունում, ով իսկապես գոհ է մեր կրթական համակարգից ու առհասարակ՝ կրթական որակից (կապ չունի՝ նախակրթական, հանրակրթական, բուհական, թե ինչ), ով իրեն մասնակից է զգում, եւ ով սոցիալական պատվիրատուն է տարիներ շարունակ իր երեխայի համար ոլորտում իրականացվող բարեփոխումների:

Չգիտեմ, չե՛մ ճանաչում այդպիսի մեկին:

Բայց տես որ՝ մենք, այնուամենայնիվ, «բարեհաջող կերպով ավարտել ենք բարեփոխումների նախորդ փուլը», ինչպես նախարար Աշոտյանն է պնդում, եւ այժմ կարիք ունենք հասնել հաջո՛րդ հանգրվանին՝ «Կրթության բարելավման ծրագրի» իրականացմանը, որի համար, ինչպես միշտ, նախարարությանը ֆինանսներ են անհրաժեշտ:

Ինչպե՞ս է լուծում կառավարությունն այս խնդիրը,  պարզ է՝ վերցվում են վարկեր:

Հետո ի՞նչ, որ մեր պետական պարտքն արդեն ուղղակի անթույլատրելի չափերի է հասել:

Կամ՝ ո՞վ է լսում ինքն իրեն «կոտորող» ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին, ով սրանից ընդամենը օրեր առաջ ԱԺ-ում փորձեց հնչեղություն տալ համառորեն արհամարհվող այս խնդրին:

«Ձեզ չի՞ մտահոգում, որ վարկերն անընդհատ ավելանում են: Ո՞վ է մուծելու, տարեկան որքա՞ն տոկոսներ ենք տալու: Պետական պարտքը հինգ միլիարդի սահմանին է մոտենում… բայց մուծելու մեխանիզմներ չենք ստեղծում, չկան աշխատատեղեր, արտահանում, կա արտագա՛ղթ… այս վարկերի տակից ո՞նց ենք դուրս գալու»,- 72 կողմ «ավարով» Աշոտյանին ճանապարհելուց հետո՝ Արամ Մանուկյանն այս անգամ էլ հարց ուղղեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Հերթական վարկառուին՝ այսինքն:

«Արտաքին պարտքը մտահոգում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, անկախ այն բանից` կառավարության անդամ է, թե ոչ»,- շատ հանգիստ պատասխանեց  Արտեմ Ասատրյանը, եւ  պարզ չդարձավ, թե ինչո՞ւ պիտի մենք, որ դե՛մ էինք այս տեսքով կենսաթոշակային բարեփոխումներին, սոսկ Տիգրան Սարգսյանի եւ մի քանի հոգու քմահաճույքի համար, մեր երեխաների հետ միասին 14 մլն դոլար վարկ մարենք հաջորդ 25 տարիների ընթացքում:

Կամ՝ ի՞նչ է նշանակում՝  «գումարը ներդնելու ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում, արդիականացնելու ենք կենսաթոշակային համակարգը»:

Ինչպե՞ս, քանի՞ հոգով, եւ ովքե՞ր են ուտելու այն մեկ միլիոն դոլարը, որի դիմաց, իբր, խորհրդատվություն են մատուցելու մեզ…

Ստացվում է՝ նույն Հովիկ Աբրահամյանը, ով փոփոխություններ էր խոստանում նաեւ ա՛յս ոլորտում, ոչնչով չի տարբերվում Տիգրան Սարգսյանից, ում հանճարեղորեն հաջողվեց ՀՀ պետական պարտքը 1.5 միլիարդից հասցնել համարյա 5 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Տեսե՛ք. միայն անցած տարի Տիգրան Սարգսյանի կառավարությանը հաջողվեց մեր պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելացնել  5,5%-ով կամ 96,8 մլրդ դրամով՝  այն հասցնելով 1,86 տրլն դրամի մակարդակին:

Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող տեղեկատուի հիման վրա, սակայն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ հաջողել է անչափ կարճ ժամանակահատվածում 1,86 տրլն դրամը հասցնել 1,89 տրիլիոն դրամի (դոլարային տեսքով՝ 4 միլիարդ 551 միլիոն ԱՄՆ դոլար), եւ սա էլ դեռ  մայի՛ս ամսվա կտրվածքով: Դրանից հետո չկարողացանք տվյալներ հայթայթել:

Վստահաբար՝ իրավիճակն այս պահին շատ ավելի տխուր է:

Մանավանդ որ, պետական պարտքի ծավալը, ինչպես նաև՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, առանց աբրահամյանական պարտքերի՛ էլ կտրուկ կերպով գերազանցել էին «Կառավարության պարտքի կառավարման 2014-2016 թթ. ռազմավարական ծրագրով» նախանշված ցուցանիշները։

Ինքներդ համոզվեք. 2013թ. համար ծրագրված էր 3,83 մլրդ. պետական պարտքի մակարդակ, բայց արդյունքում ունեցանք  4,588 միլիարդ:

Իսկ, օրինակ, արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվեց մոտ 860 մլն. ԱՄՆ դոլար, որից 809-ը՝ մայր գումարի մարմանը, եւ 50 միլիոնը՝ տոկոսավճարներին։

Եւ դա՝ այն դեպքում, երբ կառավարությունը 2013թ. բյուջեում ամրագրել էր, որ պետական պարտքի սպասարկմանը պետք է ուղղի 418 մլն. ԱՄՆ դոլար: Ոչ մի ցենտ ավելին…

Գնա ու գտի՛ր հիմա ամերիկաներում դեսպանություն անող Տիգրան Սարգսյանին եւ, ի թիվս բազում այլ հարցերի,  հարցրու, թե  ինչո՞ւ  2009թ. ռուսներից այդքան բարձր տոկոսադրույքով 500 մլն  վարկ վերցվեց, ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, ինչո՞ւ այն օրենքի խախտմամբ վաղաժամ մարվեց անցած տարվա հոկտեմբերին, եւ այն էլ՝ թողարկված կասկածելի եվրոբոնդերի միջոցով…

Վստահ եմ, նույնիսկ այսքանից հետո էլ Տիգրան Սարգսյանը կսկսի գեղեցկախոսել Հայկական լեռնաշխարհի, դրանցում առկա մարտահրավերների եւ այն նույն ազնիվ մտահոգությունների մասին, որոնցով նաեւ ա՛յս մի կառավարությունն ու մասնավորապես՝ նախարար Արտեմ  Ասատրյանն է «հիվանդ»:

Բայց դա հո չի՞ նշանակում, որ բանտային ճաղերը ձեզ համար «չեն լացում», ընկերներ:

Ախր, դուք ոչ թե կառավարիչներ եք, այլ ամենասովորական տգետ թալանչիներ…

Նախորդ հոդվածը‘Փորձագետը Վարդան Պետրոսյանի մեքենայի արագության թիվն «օդից է վերցրել». Փաստաբան’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2020. Հայտնի են դարձել մրցաշարը հյուրընկալող քաղաքաները’