‘Գոհար Սիմոնյան. Վարչակազմը նոր քյանդրբազություն է մոգոնել ‘

1950

Քաղաքականությունը շատ լուրջ գործ է`   ներկայիս քաղաքական գործիչներին այն վստահելու համար:

Շարլ դը Գոլ

 

Բավական երկար դադարից հետո Բաղրամյան 26-ից կարգավորվող լրատվական հոսքերում չթաքցվող հրճվանք է նկատվում: Իրանը կարգավորել է իր հարաբերություններն աշխարհի հետ՝ Վեցյակի երկրների գլխավորությամբ Ժնեւում համաձայնության գալով միջուկային ծրագրի շուրջ: Ահա՛ այն ասելիքը, որ առավոտ կանուխ փութաջանորեն փոխանցվում էր մեր ընթերցողին: Հարկ է նկատել, որ նույնիսկ սովորաբար ծույլ մեր արտգործնախարարությու՛նը հասցրեց խիստ   օպերատիվ կերպով ողջունել ձեռք բերված համաձայնությունը…

Ճիշտ է, ի տարբերություն աշխարհի լրատվամիջոցների՝ այս նորությունը մի տեսակ փնթի ու շատ էլ չմանրամասնվող փաթեթավորմամբ էր տեղ հասնում հասցեատիրոջը, եւ տեղը տեղին բան հասկանալու համար անհրաժեշտ էր թերթել միջազգային մամուլի էջերը, բայց ուրախության հիմնական առիթը հանդիսացող ուղերձը, առայժմ կիսաքողարկված տարբերակով, այո՛, Բաղրամյան 26-ում կարողացել էին թիրախավորել:

Բանն այն է, որ Ժնեւում Իրանի համար գծվել է, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզ, որի առաջին հատվածն Իրանը պարտավոր է անցնել առաջիկա կես տարվա ընթացքում՝ դրա դիմաց մաս առ մաս ազատվելով տնտեսական պատժամիջոցներից, հուսալով նոր ներդրումներ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի կողմից, իսկ ամենակարեւորը՝ իրավունք ստանալով տնօրինել իր այն 8 մլրդ. դոլարի ակտիվները, որ սառեցվել էին ամերիկյան բանկերում:

Բայց սա ի՞նչ կապ ունի մեզ հետ, բացի այն հանգամանքից, որ Իրանը մեր հարեւանն է, եւ, իհարկե, ցանկացած նորմալ մարդ ու վարչակարգ պիտի՛ որ ողջուներ այդ երկրում նորմալ իրավիճակի հաստատումը՝ կհարցնեք:

Ըստ կիսատողերով հանրությանը մատուցվող ուղերձների՝ պարզվում է՝ Բաղրամյան 26-ում հույս ունեն Իրանի հետ կապված նոր դրությունից տնտեսա-քաղաքական դիվիդենտներ քաղել: Համենայնդեպս՝ իշխանական քարոզչամքենան իրերի դրությունն այնպես է ներկայացնում, թե Արեւմուտքի եւ Իրանի պատմական հաշտեցումից հետո Հայաստանը կրկին կարեւորվելու է բոլորի կողմից, իսկ առաջին հերթին ուշադրություն է դարձվելու Հայաստան-Իրան հաղորդակցության ուղիների վրա՝ Պարսից ծոց ելումուտով:

Տարօրինակ է, բայց հենց նրանք, ովքեր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գովքն էին անում, հիմա ՌԴ-ին նայելու եւ հենց նրանի՛ց, օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղու խոստացված կառուցումն ակնկալելու փոխարեն՝ հայացքները հառել են դեպի Արեւմուտք, մասնավորապես՝ ԱՄՆ, միաժամանակ տագնապելով, որ հնարավոր է՝ Ռուսաստանը դեմ լինի այսօրինակ սիրախաղին, եւ ցանկացած նոր նախագիծ արժանանա Իրան-Հայաստան քոչարյանական գազամուղի խորտակված ճակատագրին:

Անշուշտ, ի սկզբանե էլ պարզ էր, որ վարչակարգը երկիրը հասցրել է մի իրավիճակի, որում ցանկացած սուվերեն որոշում ու նախաձեռնություն ենթակա է տապալման: Բայց թե հիմա՞ ինչու են սրանք «Ե՞Մ, թե՞ ՄՄ» կեղծ ընտրանքի ու դրա արդյունքում՝ թակարդում հայտնվելու նմանությամբ նո՛ր՝ «ՌԴ՞, թե՞ ԱՄՆ» քյանդրաբազություն կամ ողբերգություն մոգոնում՝ անհայտ է:

Բա էլ ինչպե՞ս մեկնաբանես ազատ-անկախների այն ուղերձը, թե Իրան-Արեւմուտք, իսկ իրականում՝ Իրան-ԱՄՆ հաշտեցումից հետո հարկավոր է Պուտինի ու նրա չկատարվող խոստումների ուղղությամբ երեք մատի կոմբինիացիա ցույց տալ, պատասխան ազդանշան ուղարկել Իրանի էներգետիկայի նախարարի այն պնդմանը, թե առաջիկայում անհրաժեշտ է մի շարք կարեւոր էներգետիկ համատեղ ծրագրեր իրականացել (հիշեցնենք, որ նախարարըՀայաստանում էր հենց ժնեւյան բանակցությունների օրերին), հենց այս պահին համաձայնել Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում հնչած ամերիկյան առաջարկին, ըստ որի՝ այդ երկիրը պատրաստ է 180 մլն. դոլարի ներդրումներ անել ՀՀ էներգետիկայի ոլորտում:

Գուցե եւ անհրաժե՛շտ է, բայց գուցե նախ եւ առաջ բանակցություննե՞ր տարվեն բոլոր կողմերի հետ, ինչպես հատուկ է պետություններին, գուցե հենց էս գլխի՞ց չսրվի իրավիճակը՝ հին, կոտրած տաշտակն ունենալու կանխատեսելի իրողությամբ:

Թե չէ ստացվում  է՝ Հայաստանը ոչ թե ապրելատեղի է, այլ թատերաբեմ, իսկ քաղաքականությունն էլ ոչ թե հնարավորի արվեստ է, այլ հատկապես Հայաստանի գլխին կարդացվող դամբանական…

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ԲՈՒՀ-երի ավելի քան 100 ուսանող կստանան Beeline կրթաթոշակ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում վերսկսվել են բախումները, ոստիկանությունը գազ է կիրառել. Տեսանյութեր, ֆոտոշարք’