‘Գոհար Սիմոնյան. Տեռոր, տեռոր մինչեւ վերջ’

2391

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լավ PR է անում՝ խոսք չկա: Մտեք կառավարության էջ, բացեք «տեղեկատվություն» բաժինը, եւ ձեզ կթվա՝ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի հետ գործ ունեք: «Վարչապետը որոշեց», «Բուռն քննարկումներից հետո վարչապետն առաջարկեց», «Վարչապետն այցելեց, վարչապետը հանդիպեց», «Կառավարությունը լուծում տվեց», «Կառավարությունը մեծ առաջընթացի հնարավորություններ է տեսնում». սրանք բոլորը մեջբերումներ են կառավարության էջից: Բոլորը՝ նույն ոգով: Եւ ոչ մի խոսք մեր իրական մտահոգությունների, խնդիրների ու դրանց լուծման եղանակների մասին: Սոսկ՝ «ջուրծեծոցի»: Բայց նույնիսկ գործադրին ու անձամբ վարչապետին ուղղված այս ձոների արանքում ուշադիր աչքն, այնուամենայնիվ, կորսա՛ այն թշվառությունը, որում գտնվում է մեր երկիրն ու հատկապես՝ գործարար հատվածը: Օրինակ՝ նույն կայքից տեղեկանում ենք, որ չնայած կառավարությունը ֆինանսների նախարարությանն այս տարվա բյու­ջեից հատկացրել էր 75 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների համար, այդուհանդերձ, Գագիկ Խաչատրյանին հավելյալ գումարներ են անհրաժեշտ եղել: Այլ կերպ ասած՝ ամբողջ տարվա համար նախատեսված ողջ գումարը փետրվարի վերջին արդեն ծախսել են ու նորից «ընկել հարկատուների ջանին», որպեսզի սրանք իրենց վճարած հարկերով ավելիո՛վ ֆինանսավորեն Գագիկ Խաչատրյանի արտասահմանյան «վոյաժները»: Կառավարությունն էլ, բնականաբար, մարտի 10-ի որոշմամբ հեշտուհանգիստ տրամադրել է այդ հավելյալ 50 միլիոն դրամը՝ առանց հետաքրքրվելու, թե կոնկրետ ի՞նչ արտասահմանյան այցելությունների վրա են ծախսել նախորդ հատկացումները ֆիննախում, եւ այս նոր «ռանդեվուների՞ց» ինչ օգուտ է ստանալու մեր երկիրը: Մանավանդ՝ որքա՞ն ավելի արդյունավետորեն է սկսելու աշխատել: Օրինակ, արդեն քանի օր՝ տնտեսվարողներից առայժմ խուլ բողոքներ են հնչում այն մասին, որ չնայած ապրիլի կեսին լրանում է հարկային տարին ամփոփող իրենց գլխավոր հաշվետվության՝ Տարեկան շահութահարկի եւ եկամտային հարկի միասնական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը, այդուհանդերձ, նրանք դա չեն կարողանում անել, որովհետեւ ֆինանսների նախարարության համապատասխան բաժինը հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման իր էլեկտրոնային կայքում դեռեւս չի՛ տեղադրել 2014 թ. տարեկան հաշվարկի ձեւերը: Այսինքն, ֆինանսների նախարարությունը գործարարներին թույլ չի տալիս կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները, բայց նաեւ չի՛ պատասխանում հարցին, թե արդյո՞ք այս մարդիկ վարչական տուգանքների են ենթարկվելու ո՛չ իրենց մեղքով առաջացած այս իրավիճակի պատճառով: Բնականաբար, կառավարությունն էլ ի՛ր հերթին է խնդիրը լռության մատնում: Բա իհարկե, ավելի կարեւոր հարցեր կան՝ Գագիկ Խաչատրյանին «արտասահմաններ ուղարկելը», «Արի տուն» ծրագրով՝ տկն. Հրանուշին նույն օրը հատկացված հավելյալ գումարներով ուրախացնելը, փակված դպրոցի հնամաշ գույքը բարեգործության անվան տակ գյուղական համայնքներ ուղարկելն ու այդ ֆոնին՝ հերթական անգամ աբրահամյանական գովքի ապահովումը, Եղվարդում չգիտեմ ում համար կինոթատրոն կառուցելը, ատկատներով հերթական վերանորոգումներ անելը: Գործարարներն ո՞վ են, որ նրանց հարցերով զբաղվեն, կամ՝ ինչու՞ իրենց նեղություն տան ու գոնե ութերորդ ամսվա վերջում ավարտեն Շահութահարկի հաշվարկի համապատասխան էլեկտրոնային ձեւի ստեղծման աշխատանքները, որով դեռ անցած սեպտեմբերից զբաղվում են: Այն հաշվետվության, որով դեռ Տիգրան Սարգսյանն էր պարծենում 2010-ից սկսած՝ այն համարելով հեղափոխություն բիզնես միջավայրի համար: Բայց իսկապե՞ս այս ամենը հատուկ եւ կազմակերպված ձեւով են անում՝ կհարցնեք: Պատկերացրեք՝ այո: Համենայն դեպս, գործարարները նման կասկածներ ունեն եւ առաջիկայում բեմադրվելիք հետեւյալ սցենարի մասին են խոսում: Ըստ նրանց՝ խոշորներին ներքին խողովակներով արդե՛ն իսկ ասվել է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար հաշվետվությունը ներկայացնեն՝ 2013-ին կատարած վճարումների չափով: Թե ինչու՞՝ դա էլ բացատրություն ունի: Բանն այն է, որ կառավարությունն ի՛նքն էլ գիտի, որ 2014-ը նույնիսկ նախորդ տարվա համեմատությամբ է անարդյունավետ եղել գործարարների համար, եւ այս կերպ փորձում են շատ ավելի վատ միտումներ արձանագրող ընթացիկ տարվա՛ համար հավելյալ գումարներ շորթել գործարարներից՝ կանխավճարի տեսքով: Ընդ որում՝ նախկին կարգով. թղթով-չհամաձայնելով, իբր՝ «Աչքիս՝ քիչ ես գրել, գնա մի քիչ էլ ավելացրու, ապեր», եւ այլն: Կտան՝ կտան, չե՞ն տա՝ տուգանքներ կվճարեն՝ էլի՛ փող է: Վստահ եմ՝ հիմա նախարարությունում կսկսեն ողբալ, թե տեխնիկական խնդիրներ են առաջացել: Բայց ոչ մենք ենք մեղավոր այդ խնդիրների համար, որ անընդհատ ծագում են, մենք էլ արձանագրում ենք, ոչ՝ գործարարները, որ ստիպված են նման տեռորիստական կառույցի հետ գործ ունենալ… 

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին. Հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի թամաշան եւ յուր խամաճիկները’