‘Գոհար Սիմոնյան: Տեսնես՝ ո՞վ է կառավարության «Միկիտան Սաքոն»’

2422

Չնայած բուռն քննարկումներին՝ երեկ Ազգային ժողովում այդպես էլ երկրորդ ընթերցմամբ չընդունվեց ՀՀ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին՝ կառավարության նախագիծը, ինչն ակնհայտորեն նյարդայնացրել էր Գալուստ Սահակյանին ու ՀՀԿ-ի մյուս «գրագետներին»:

Ընդ որում՝ շտապողականությունն այնքան մեծ էր, որ ԱԺ նախագահի աթոռին նստածը տնտեսագիտությունը մեջտեղ բերած Հրանտ Բագրատյանին նույնիսկ խորհուրդ տվեց «այդքան խորը չնայել այդ բաներին»:

Տվյալ դեպքում, այսինքն, պահանջվում էր «ստից տեղն այդքան գրագետ չլինել» եւ ընդամենը շատ արագ կոճակ սեղմել:  Առանց ավելորդ հարցեր տալու եւ առանց քննարկումների:

Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պիտի կառավարությունն այս նախագիծն այն աստիճան անհետաձգելի համարեր, որ, նախ՝ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նիստ հրավիրեր այդ առիթով,  իսկ որոշ լուրերի համաձայն՝ նաեւ  «սպառնար», թե փոփոխությունները չանցկացնելու պարագային  ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է առաջանալու:

Բայց նախ ներկայացնենք փոփոխության էությունը, որով նախատեսվում է 50 միլիարդ դրամ եւ ավելի ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տրամադրել՝ օրենքով հաստատված 20%-ից դրույքաչափն իջեցնելով 2-ի:

Խնդիրն այն է, որ ինչքան էլ ՀՀԿ-ն պնդի, թե «օրենսդրական փոփոխությամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվելու արտահանողների համար», պարզից էլ պարզ է, որ ամենաբարձր մակարդակով հավելյալ փող աշխատելու հնարավորություն է ստեղծվում ընդամենը մեկ կամ, միգուցե, երկու-երեք անձանց համար:

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, չբավարարվելով առանց այդ էլ մոնոպոլացված-կենտրոնացված մեր տնտեսության ողբալի վիճակով, հավելյալ բարդություններ եւ տարօրինակ հարաբերություններ են ստեղծում փոքր ու միջին ձեռներեցների համար, որոնք եթե մինչեւ հիմա մեկ-երկու բան էլ արտահանում էին, հիմա առհասարակ անհավասար պայմաններում կհայտնվեն խոշորի համեմատ եւ դաշտից լրիվ կվերանան:

Կա նաեւ ուրիշ տարբերակ, իհարկե՝  նոքար դառնալը:

Փոքր ու միջին ձեռնարկատերն, օրինակ, այլ ելք չի ունենա, քան գնալ նրա դուռը եւ խնդրել՝ պայմանավորվածության գալ:

Օրինակ՝ վճարել 2%-ը, որն այսպես թե այնպես՝ պիտի վճարվեր օրինական կերպով, իսկ մնացած 18%-ի հարցում էլ «բարիշել»:

Ինչքան քիչ՝ էդքան լավ: Արդյունքում եւ ի՛նքը կշահի եւ՛  «Միկիտան Սաքոն», որը բյուջե չվճարած փողերից բացի՝ նաեւ փոքրի՛ց գումար կգրպանի խիստ «օրինական կարգով»:

Մի բան էլ «Միկիտան Սաքոյին» շնորհակալ կլինեն, բա ո՞նց…

Հետաքրքիր մի դիտարկում եւս. ինչպես երեւում է՝ կառավարությունն, այնուամենայնիվ, բոլոր խոշերների՛ն չէ, որ ուզում է լավություն անել:  Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի նախագծում պնդեր, թե միայն 50 միլիարդ դրամ եւ ավելի ապրանք արտահանման ցուցիչն ավտոմատ թույլտվություն չէ  հիշյալ փոփոխությունից օգտվելու համար՝ կառավարությու՛նը պիտի հաստատի արտահանողի ծրագիրը:

Հետաքրքիր է՝ ի՞նչը պիտի հաստատի կամ հավանության արժանացնի: Օրինակ՝ ասի՝ գյուղնախարարի «չսիրած» կարտոֆիլ արտահանելը լավ չի, ծիրա՛ն արտահանի՞ր, թե՞ ոնց:

Իսկ գուցե ուղղակի արտահանողի անուն-ազգանո՞ւնը դուրը չգա:

Որո՞նք են, այսինքն, այն չափորոշիչները, որոնցով պիտի որոշեն՝ իմ ծրագիրը լավն է, մյուսինը՝ ո՛չ:

Եւ վերջապես, տեսնես ո՞վ է այդ «Միկիտան Սաքոն», ում համար այսչափ հապշտապ կերպով գրվեց այս նախագիծը, եւ այդ ի՞նչ «էքսկլյուզիվ»՝ միայն դրսի համար նախատեսված ապրանք է նա արտահանելու, որը, համաձայն օրենսդրական պահանջի, «այլեւս իրավունք չի ունենա իրացնել Հայաստանում»:

Ուղիղն ասած, ես ոնց որ գլխի եմ ընկնում՝ ում եւ ինչի մասին է խոսքը, բայց ինչպես թեւավոր դարձած խոսքն է հուշում՝ «այդ մասին արդեն՝ հաջորդ դասին»…

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մարտի 1-ը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Շալկե 04». Խաղից առաջ’