‘Գոհար Սիմոնյան. Փող են ծախսում, որ ցույց տան, թե ինչու պետք չէր ծախսել ‘

1389

Եւ այսպես` մեկնարկեց «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային երրորդ մեդիաֆորումը, որի ընթացքում ՌԴ-ի եւ եվրոպական երկրների ԶԼՄ-ների շուրջ 36 ներկայացուցիչներ հանդիպումներ կունենան հայաստանյան բուհերում, կհանդիպեն իշխանության ներկայացուցիչներին, կանցկացնեն կլոր սեղաններ եւ, ինչպես Եվրոպայի եւ Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանը նշեց, կփորձեն հասկանալ ժամանակակից Հայաստանի ինչ լինելն ընդհանրապես:

Ուղիղն ասած` թե՛ մեդիակոնգրեսի ու դրա կազմավորման նպատակների, թե՛ դրա նախագահի մասին նույնիսկ ակտիվ լրագրողներս շատ քիչ բան գիտենք: Եւ ընդհանրապես` այս կառույցը մեր կյանքում չի երեւում-չի երեւում, մեկ էլ հանկարծ հայտնվում ու չգիտես` ինչ միջոցներով, հավակնություն է ունենում ինչ-որ աշխարհացունց ծրագրեր իրագործել: Մոտավորապես` այսպիսին. «Մենք ուզում ենք հասնել նրան, որ ամբողջ աշխարհի լրագրողները միանան, աշխատեն միմյանց հետ, որովհետեւ մեր լեզուն մեկն է, մենք պետք է կարողանանք միմյանց հետ խոսել պրոֆեսիոնալ լեզվով, մարդկանց պատմել միմյանց մասին»:

Բայց  հիմա նույնիսկ Ջազոյանի խոսքից այս մեջբերումը չէ կարեւորը, այլ այն, թե ինչ պիտի հասկանա Հայաստան ոտք դրած օտարերկրյա լրագրողը եւ ում մասին պիտի պատմի դրսի իր ընթերցողին, եթե հնարավորություն չունենա դիտարկել կյանքն այն դահլիճներից դուրս, որոնցում, վստա՛հ եմ, միայն կեղծիք եւ տիգրանսարգսյանական գեղեցկախոսություն պիտի հորդի ավելիով: Բացարձակապե՛ս ոչինչ: Հատկապես` եթե անցնող օրը դիտարկենք, որում  մարդիկ ընդամենը «բախտավոր զբոսաշրջիկի» նման հասցրել էին Վեհափառի օրհնությունն ստանալ եւ, ինչպես կանխատեսել էինք, Տիգրան Սարգսյանի` կրկնությունից մաշված բառերը լսել ժամանակակից աշխարհի մարտարհրավերների, այդ աշխարհի ամենակարեւոր բանի` ինտելեկտի ու գիտելիքահենք տնտեսության վերաբերյալ…

Եւ եթե ամեն բան այսպես է` ի՞նչ իմաստ ուներ, ուրեմն, մեծադղորդ` «Արարատի ստորոտին» խորագիրը: Այս միակողմանի կապն ի՞նչ է տալու իշխանություններին ու մեր ժողովրդին, «միջազգային լրագրության զարգացման հարցեր, սոցիալական, իրավաբանական պաշտպանության հարցեր, լրագրողական հոսանքներ». հայտարարվող բոլոր այս սիրուն կաղապարները գործնականում ինչպե՞ս են փոխելու մեր մեդիա դաշտի ձեւն ու բովանդակությունը, եթե իշխանությունները հենց իրենք ոչ միայն ոչինչ չեն անում, որպեսզի այս դաշտը կայանա, այլև մի բան էլ ձեւախեղում ու այլասերում են այն:

 Ուրեմն` ո՞րն էր այս հավաքի կազմակերպման նպատակը: «Ամենակարևորն այն է, որ Հայաստանն այս մեդիաֆորումին ներկայացնի Ռուսաստանի հետ ՄՄ պայմանագիրը: Այն քննարկվի, տեղյակ պահվի, թե ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում…որ իմանան՝  ուր ենք գնում և ինչու ենք գնում այս ճանապարհով»,- հայտարարել է Ջազոյանը, ըստ էության ՝բացահայտելով  հիշյալ ակցիայի բուն նպատակը, բայց մոռանալով մի շա՛տ կարեւոր հանգամանք:

Խնդիրն այն է, որ ուղիղ չորս տարի մեր պետությունն ահռելի ջանք ու ռեսուրսներ է ծախսել` ԵՄ-ին ասոցացվելու համար: Եւ հիմա արժե՞, արդյոք,  նորի՛ց փող ծախսել, որպեսզի հիմա էլ ցույց տաս, թե ինչու պետք չէր փող ծախսել…

  

Նախորդ հոդվածը‘Կարլես Պույոլը վերադառնում է 7 ամիս դադարից հետո’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին’