‘Գոհար Սիմոնյան. Քաղաքավարին, խորամանկը, ռոմանտիկն ու «մեր խեղճ Յորիկը»’

1755

«Ադբեջանին գազի արտահանման նոր

շուկաներ են անհրաժեշտ:

Դրանք ավելի՛ կմեծացնեն մեր հզորությունն

ու քաղաքական դերակատարումը»

Իլհամ Ալիև, 03.06. 2014

«Caspian  Oil and Gas» ցուցահանդես-համաժողով

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի այցը Բաքու՝  հետաքրքիր եզրահանգումների տեղիք է տալիս:

Բանն այն է, որ Բաքվում գնալով ավելի ու ավելի անթաքույց են դժգոհում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, «ոչինչ չի արվում ղարաբաղյան խնդրին արդարացի լուծում տալու և հայկական ագրեսիային վերջ տալու ուղղությամբ»: Ավելին՝ այստեղ ամիսներ շարունակ ուղղակի խոշորացույցի տակ են զննում հատկապես դրա ամերիկյան ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքին, ով, իբր, անթաքույց հայամետ է և կոնկրետ կապեր ունի ԱՄՆ հայկական սփյուռքում:

Բնականաբար, պետական մակարդակով զգուշանում և անպատասխանատու հայտարարություններ չեն անում՝ այլևս ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ չհամագործակցելու  կամ նրան չվստահելու վերաբերյալ, բայց հատկապես Ուորլիքին մերժելու կամ նրան փոխելու ադրբեջանական պահանջը, որ տարօրինակ կերպով փոխարտգործնախարարի կողմից ձևակերպվեց,  հենց նման մտորումներ է առաջացրել ԵԱՀԿ-ում: Մանավանդ՝ ռուս-ադրբեջանական վերջին «սիրախաղի» և Կրեմլի ակտիվացման համատեքստում:

Եթե վերլուծենք միջազգային մամուլի գլխագրերը, միայն՝ Բուրկհալտերի այցը Բաքու լուսաբանվում է նախ և առաջ «ԵԱՀԿ գործող նախագահի ֆորմատով», և ինքն էլ, անկեղծ ասած, ավելի շատ այդպես է ներկայանում, քան որպես Շվեյցարիայի նախագահ: Ի տարբերություն Ալիևի, ով նույնիսկ իր ողջույնի խոսքում Բուրկհալտերի այս կարգավիճակին վերջում և շատ հպանցիկ անդրադարձավ, այն էլ՝ ավելի շատ էլի՛ բողոքի տեսքով: Չմանրամասնե՛նք, հայտնի տեքստ է, և բոլորդ էլ այն արդեն անգիր գիտեք. Հայաստանը գրավել է մեր տարածքների քսան տոկոսը, դուք պիտի կոնկրետ գործողություններ ձեռք առնեք, և այլն, և այդպես շարունակ:

Չէ՛, իհարկե, ոչ միայն չի բացառվում, որ Բուրկհալտերն ինքն էլ զուտ երկկողմանի հետաքրքրություններ ունենար Բաքվում, և ակնհայտ է, որ այդպիսիք շատ են, բայց հենց միայն ներակայանալու այդ կերպը կոնկրետ ուղերձ էր՝ ուղղված Ադրբեջանին, Ռուսաստանին, Թուրքիային և բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում երազել են Մինսկի խմբի աշխատանքների խափանման և արցախյան խնդիրը բոլորովին այլ հարթակ տեղափոխելու վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացված ենք պաշտոնական լրահոսից, հանդիպման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը  Ալիևին հորդորել է ջանքեր ներդնել՝ «Արցախի հարցում համակարգված բանակցություններ վարելու նպատակով», հայտարարել է, թե կողջունի, կօժանդակի Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ որպես խաղաղ լուծման տանող մեկնարկ, գիտենք նաև, որ այս հայտարարությանն անմիջապես անդրադարձել է կրկին ամերիկյան համանախագահը՝ ողջունելով հատկապես երկու հանգամանք.

ա. այն, որ ղարաբաղյան խնդիրը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ

բ. այն, որ Մինսկի խմբին այլընտրանք չկա և չի՛ կարող լինել:

Բաքվում այս առիթով զայրացած են: Նրանց այս ֆոնին նույնիսկ Պուտին-Ալիև սիրախաղը, Սերժ Սարգսյանի ստորացումը, Չեխիայի արտգործնախարարի և ռուս նախարարների այցերը, վերջապես՝ «Caspain Oil and Gas» էներգետիկ ցուցահանդես-համաժողովը չեն «մխիթարում»: Համաժողով, որին, ի դեպ, ինքը՝ Օբաման է ողջույնի ուղերձ հղել՝ «երկինք հանելով» Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերությունն ու այդ երկրի նշանակությունը տարածաշրջանում:

Ըստ ադրբեջանական մամուլի և փորձագետների՝ ենթատեքստային մեկնաբանությունների, ամերիկյան կողմն, այնուամենայնիվ, ներկայումս տորպեդահարում է ադրբեջանական շահերը՝ Ղարաբաղի հետ կապված: Դե իսկ Ուորլիքի մասին ավելի լավ է՝ լռենք: Նրա թվիթերյան գրառումներից մեկը, թե՝ Երևանում ինձ ճիշտ ուղղեցին. հակամարտությունը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Արցախի և Ադրբեջանի միջև է, չմարող կսկիծ է դարձել հատկապես Մամեդյարովի համար:

Ադրբեջանական թերթերում քիչ է մնում ասեն՝ «Բկի՛դ կանգնի Մամեդյարովի հետ կերածդ փիթին ու գառը, մեր հորիզոններով և շուկայից գնածդ գորգերով հիացումդ, որի մասին նույնպես այդքան մանրամասն գրեցիր Թվիթերում»: Ի դեպ, բավական հիշոցներ էլ Ջոն Քերիին են ուղղում, ով Ուորլիքի մասին արտահայտվել էր իբր «առաջնակարգ դիվանագետի, որը մեծ հաջողություններ է գրանցել ամերիկյան քաղաքականության համար՝ Պակիստանում և Աֆղանստանում»:

Բաքվում, ուրեմն, «պեղել» և գտել են Լեդի Գագայով հիացած, նրան լավ մարդ և ընկեր համարող Ուորլիքի ռոմանտիկ լուսանկարները ո՛չ միայն Լեդի Գագայի հետ: Այստեղ նաև Բուրկհալտերին են ուզում համոզել, որ նա ոչ մի առաջնակարգ դիվանագետ էլ չէ՛: Չէ՞ որ հենց ԱՄՆ պետդեպարտամենտն էր ընդամենը երկու տարի առաջ ԿՀՎ-ին խնդրել՝ ստուգումներ անցկացնել Սերբիայի և Բուլղարիայի դեսպանություններում, որտեղ սրանից առաջ Ջեյմս Ուորլիքն ու իր կինը՝ Մերի Ուորլիքն են աշխատել, և որտեղ անընդհատ դժգոհություններ էին պտտվում այս զույգի հետ կապված: Մի մասը պնդում էր, թե նրանք լավ չեն ներկայացրել ԱՄՆ էներգետիկ շահերը Բալկաններում, մյուս մասն էլ պնդում էր, թե սոցիալական ցանցերի սիրահար դիվանագետն ու իր կինն անընդհատ «բաց և անտեղի պոլեմիկայի մեջ են մտել տեղի քաղաքական դաշտի հետ», դիվանագետին ոչ հարիր վարք են դրսևորել՝ պարելով տեղի հեռուստատեսային շոուներում և այլն:

Ինչ է եղել իրականում՝ չգիտենք, բայց Բաքուն ահա ամեն կերպ ջանում է սեփական դիվիդենտները ստանալ հնարավոր ու անհնար ամեն ինչից: Նույնիսկ՝ «Poor Warlick»-ի լացից, որ անընդհատ պտտում են ադրբեջանական ալիքներով: Ի՞նչ վատ է. նայում են մարդիկ Բուլղարիայից հեռացող Ուորլիքին, ով գլուխը դրած թարգմանչի ուսին՝ հեկեկում է՝ «Արտասվող դեսպան» տիտղոսին արժանանալով, իսկ Ալիևն իր պարտքը կատարած է համարում սեփական ժողովրդի առջև: Իբր՝ օգնեք, մի կողմ հրենք տարօրինակ այս արարածին:

Ասել, թե ԱՄՆ-ում այս ամենը չեն հասկանում, զավեշտալի կհնչի: Պնդել, թե Եվրոպայում միայն հավատ են ընծայում խորամանկ Ալիևի խոսքին, կամ որ՝ Բուրկալտերը վերադարձին պես պիտի Վաշինգթոնի առաջ դիվանագետին փոխելու խնդիր կդնի՝ ոչ պակաս զվարճալի է: Բայց, միևնույն է, դրանից պաշտոնական Երևանի դիրքերը ոչ միայն չեն ուժեղանում, այլև մի բան էլ թուլանում են:

Ի վերջո, անչափ սիրում ենք Ազնավուրին, խնդիր չկա, բայց նման անտեղյակ և փաստացի պարապ դեսպան ունենալ մի երկրում, ով այս կարևոր փուլում ԵԱՀԿ-ն է ղեկավարում՝ ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ:

«Ադբեջանը Շվեյցարիայի էներգետիկ շուկայում լավ է ներկայացված՝ ունի այնտեղ իր բաժինը: Գործընթացները, որ վերջին ժամանակ են տեղի ունենում՝ գազի փոխադրման բնագավառում, է՛լ ավելի են հզորացնում երկկողմ հարաբերությունները: Անցած տարի ստորագրեցինք այնպիսի շքեղ ծրագրերի ներքո, ինչպիսիք են Շահդենիզ-2-ը, Տրանսանատոլիական և Տրանսադրիատիկ խողովակաշարերի անկացումը: Սրանք միասին Եվրոպայի հզոր ենթակառուցվածքային ծրագրեր են : Եւ ես ուրախ եմ, որ հենց Շվեյցարիան է մեր գործընկերը»,- Շվեյցարիայի նախագահի պատվին մատուցված ընթրիքի ժամանակ ասել է Ալիևը՝ մանրամասն ներկայացնելով նաև այլ տնտեսական ու մշակութային ծրագրեր, որոնք կա՛մ իրենք են իրականացնում, կա՛մ շվեյցարացիներն են կյանքի կոչում Բաքվում:

Ի՞նչ ունի Սերժ Սարգսյանն այս ամենին հակադրելու, եթե նույնիսկ ընդունենք, որ Ալիևն էլ պակաս կոռումպացված չէ:

Բացարձակ ոչի՛նչ: Իշխանությունը զավթած խմբակի ղեկավարը, հետևաբար, Հայաստանի համար այսչափ կարևոր այս շրջանին կարող է միայն մի՛ լավություն անել իրեն ու բոլորիս: Այն է՝ իր «կաղ իշով մեջլիսից հեռանալ»: Հեռանալ և այլևս չվտանգել մեր պետության հիմքերը: Մե՛ղմ ասած:

Նախորդ հոդվածը‘«Շերեմետևոյի» կայանատեղիում Իլ-96 ինքնաթիռ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրի շրջանառության ծավալները կարելի է ավելացնել 10 անգամ’