‘Գոհար Սիմոնյան. Քաղաքացիական ակտիվի՞զմ, թե՞ հուսահատություն’

1947

Волхвы не боятся могучих владык,
А княжеский дар им не нужен;
Правдив и свободен их вещий язык
И с волей небесною дружен.

А.С. Пушкин, “Песнь о вещем Олеге”

«Իրավական պետություն»,  «քաղաքացիական հասարակություն»,  «քաղաքացիական պայքար եւ ակտիվիզմ». սրանք արտահայտություններ են, որ վերջին շրջանում ամենաշատն են հոլովվում սոցիալական ցանցերում ու հանրային կյանքում ընդհանրապես: Դե իսկ ակտվիստ լինելն առանձին շրջանակներում, անկասկած, ընկալվում է սրբի լուսապսակ հագնելու եւ հասարակական կարծիքի մարմնացյալ քուրմ եւ քրմուհի  դառնալու պես:

Իհարկե, պիտի նկատել, որ մեզանում քիչ չեն նաեւ այս մարդկանց հատկապե՛ս «Նեռի նշանով» ընդունողները: Ընդ որում՝ այդպիսիք ոչ միայն պետական ապարատի ներկայացուցիչ (քարոզիչներ են, ովքեր, բնականաբար, իրենց վտանգված են զգում ցանկացած շարժից, ոչ միայն «Եգիպտոսի սոխ ու սխտորի», այսինքն՝ Սովետի կարոտախտով տառապողներն են կամ կեղծ ազգայնականներ, այլեւ ուղղակի անհույս կարծրամիտներ, ովքեր պարզապես չգիտեն ու իրենց հոգնած)կուշտուկուռ կյանքից զատ՝ այլ կյանք չեն էլ երեւակայում…

Այս ձեւակերպումից հետո, իհարկե, անարդար կլիներ կոնկրետ ինձ մեղադրել ընդհանրապես քաղաքացիական պայքարին դեմ լինելու մեջ, բայց մինչեւ վերջ արդար լինելու համար  հարկ է ամրագրել, որ այն տեսքով, որով հենց իրենք՝ հայաստանյան ակտիվիստներն են մատուցում իրենց բազմաֆրոնտ պայքարն ու իրենք իրենց, շատ հաճախ անընդունելի են դառնում նույնիսկ ինձ պես փոփոխություններ երազող մարդու համար: Իսկ երբ զավեշտալիորեն նույնանում են իրենց բացասական լույսի ներքո դիտարկողների հետ, ովքեր նույնիսկ կախաղանի գնով չեն խոստովանի, որ իսկական քաղաքացիական ակտիվության ակունքը 2008-ին Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորած Շարժումն էր, ավելին՝ երբ դառնում են նույն այդ Շարժման դահիճն ու նենգափոխողը, նվազագույնը՝ դուրս են գալիս հետաքրքրությանդ շրջանակներից: Չխոսեմ արդեն այն մասին, որ շատ հաճախ քաղաքացիական ակտիվությունը փոխարինելով սոսկ «մեգաֆոն բռնողի» ցավալի սնափառությամբ՝ ոչ միայն վարկաբեկում են գաղափարն իսկ, այլեւ հասարակության ակտիվ հատվածի էներգիան լոկալ  թիրախներում սպառելով՝ նույն այդ հասարակությանը լրացուցիչ հուսահատության բեռան տակ են քաշում…

Բա անգրագիտությո՞ւնը, որ տիրում է այս կողմերում: Մոտեցեք ակտվիստներից շատերին ու հարցրեք՝ որ բերանի ծամոն դարձրած՝ այդքան խոսում եք քաղաքացիական հասարակությունից, գոնե մոտավոր գիտե՞ք, արդյոք, դրա ինչ լինելը: Եւ երբ սազն առած՝ խոսում եք ձեր պայքարը չքաղաքականացնելու, քաղաքական դաշտի վարկաբեկված լինելու, կուսակցությունների՝ ընդհանրապես անօգտակարության, քաղաքացիական ակտիվիզմն իբրեւ փոփոխությունների միակ անսասան ճանապարհ ընկալելու մասին, տեղյա՞կ եք,  որ բոլոր քաղաքական կուսակցությունները, լոբբիստական, հասարակական կազմակերպությունները, անկախ զբաղվածության ոլորտից՝ ասոցացիաները, պալատները, կոմիտեները, միությունները, զանգվածային լրատվամիջոցները եւ նույնիսկ եկեղեցին ու ընտանիքը՝ հենց այդ  նույն քաղաքացիական հասարակության մասն են կազմում՝ ըստ դրա ցանկացա՛ծ սահմանման:

Սրանք բոլորը, հետեւաբար, կարող են եւ ինչ-որ իմաստով էլ՝ պարտավո՛ր են փոխլրացման կարգով կազմել այն օրակարգը, որը պիտի լուծման իրավունքով տեղ գտնի իրավական պետության շրջանակներում: Եւ եթե այսպես է՝ որտեղի՞ց է, ուրեմն, ծնունդ առնում հայաստանյան ակտիվիստի անհամեստությունն ասեմ, թե համոզմունքը, որ երկրի միակ պահանջատերն ու սոցիալ-քաղաքական օրակարգ ձեւավորողն ի՛նքն է: Եվ ինչո՞ւ այս մարդիկ հաշիվ չեն տալիս իրենց առ այն, որ այս կամ այն պետական չինովնիկին մեղադրելով խարդախության, անօրինության, անհոգության, ամենատարբեր կեղծիքների եւ կարծրամտության մեջ՝ իրականում իրենցից շատերը, գոնե կարծրամտությամբ՝ ոչնչով չեն զիջում նրանց, եւ որ ուղնուծուծով ներարկված են քոչարյանական «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» վտանգավոր տհասությամբ: Այսինքն թե՝ կոլեկտիվ անպատասխանատվությամբ:

Չի՛ լինում այդպես, սիրելիներս: Օրակարգ ձեւավորելուց հետո, կամ երբեմն նույնիսկ՝ հընթացս, անհրաժեշտ են լինում նաեւ նույն այդ օրակարգը կյանքի կոչող պատվիրակներ: Իսկ պատվիրակներ, ի գիտություն ձեզ, ձեւավորվում են քաղաքական ընտրությունների՛ միջոցով: Չե՛ք կարող «կոլեկտիվով գնալ-բազմել» Բաղրամյան 26-ում, կամ՝ ԱԺ-ում ու էլի՛ ինչ-որ տեղ: Ի վերջո, մեր կուսակցությունների լավ ու վատ լինելուց, քոչարյանա-սարգսյանական զույգի՝  կարեցածին չափ քաղաքական համակարգը այլասերելուց անկախ՝ աշխարհն այլ մեխանիզմ կամ կրեատիվ գործիք դեռ չի հորինել՝ հատուկ ձեզ համար:

…Անցած, թե նախանցած տարի էր՝ Միջազգային Մեմորիալում, բաց սեմինարների տեսքով, մի լավ նախաձեռնություն եղավ, որով քննվում էին ոչ միայն վերոնշյալ խնդիրները, այլեւ 20-րդ դարի քաղաքացիական ակտիվիզմի պատմությունը: Հատկապես տպավորված էի Թեմփլի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆարբերի ելույթից, որում անդրադարձ էր արվում ԱՄՆ-ի 60-ականների շարժումներին ու քաղաքացիական ակտիվիզմին: Անշուշտ, գլխավոր մեխը սեւամորթների՝ սպիտակներին հավասար իրավունքների ձեռքբերման պայքարն ու դրա սկիզբն էր, այսպես կոչված՝ «սեւերի սրճային բունտը», երբ սեւերը գնում նստում էին «սպիտակների սրճարաններում» այնքան ժամանակ, քանի դեռ իրենց չէին սպասարկել:

Այս մարդիկ, հանուն իրենց իրավունքների, քաղաքականացրին անգամ պարզ սրճախմությունն ու հասան հատկապես քաղաքակա՛ն փոփոխության՝ այն դեպքում, երբ 21-րդ դարի հայ ակտիվիստը սարսափում է Թեղուտի, Վահե Ավետյանի սպանության, Ծածկած շուկայի, Մաշտոցի պուրակի եւ մնացած բոլոր խնդիրների քաղաքականացումից: ԱՄՆ-ի սեւամորթը բոլոր հանրային կառույցների, դեմոկրատների ու հանրապետականների հետ կարողացավ լեզու գտնել,  վստահել, նրանց կողքին կանգնած՝ մինչեւ վերջ պայքարել, իր պատգամավորին Կոնգրես ու Սենատ պատվիրակել՝ սեփական խնդիրների լուծման համար, իսկ ահա հայ ակտիվիստը, ֆեյսբուքյան «Ընդդեմ կենսաթոշակային 5%-ի» խմբում, չի կարողանում հանդուրժել ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի փորձագիտական կարծիքն իսկ՝ այն համարելով «քաղաքական առանձին խմբի տեսակետ»…

Ներեցեք, բայց սա պարզապես այլ անուն չունի, քան ակտիվ տհասություն: Մարդիկ իսկապես հանրության համար առանձնահատուկ կարեւորության հարց են բարձրացնում, որն, ի դեպ, կարգավորվում է օրենքով՝ քաղաքական մարմին հանդիսացող ԱԺ-ում, նպատակ ունի կոնսոլիդացնել հասարակական բոլոր շերտերը, իրենց խոսքերով՝ քաղաքացիական հասարակությունը, եւ հանկարծ դեն են նետում այն գործիքը, որով կարող են փոփոխության հասնել: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ առաձնապես լավ էլ չեն պատկերացնում՝ ինչին են կողմ, ինչին՝ դեմ, այդ հարցը հիմա չքննարկենք: Բայց սկզբունքը կարեւոր է. քաղաքական հարց են բարձրացնում՝ միաժամանակ պահանջելով չքաղաքականացնել այն: Դու՛ք եք իմ փոխարեն՝ ի՞նչ անուն կտայիք սրան, եթե համաձայն չեք վերոնշյալ շատ էլ մեղմ բնորոշմանը:

«Մենք սովորեցինք ամեն բան քաղաքականացնել եւ ամեն ինչ անել միասին: Երբեմն դա անվտանգ չէր, բայց որպես կանոն՝ մի՛շտ էֆեկտիվ էր ու կարեւորը՝ ուրախ»,- սա այն լոզունգն է, որով  60-ականներին առաջ էին շարժվում ամերիկյան քաղաքացիական ակտիվիստները: Հիմա եթե մերոնք որոշել են «շարժել անշարժը», «դեն նետել առաջնորդներին», «բացառել քաղաքական կուսակցություններն» ու էլի՛ չգիտեմ ինչ քաղաքացիակենտրոն միմոսություններով հանդես գալ, ինչն էլ հենց իշխանությունների ուզածն է, չգիտեմ էլ՝ ինչ ասել: Ցավոք, սա այն դեպքն է, երբ չես էլ կարող ասել՝ իրենց խնդիրն է, իրենք էլ թող լուծեն: Այս դեպքում, առնվազն, շատ տխուր է, ոչ թե տխուր: Էֆեկտիվությունն էլ մի կողմ դնենք…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘«Լիսկայի գործով» Ալումյանի բողոքի քննարկումը հետաձգվեց’
Հաջորդ հոդվածը‘Կադրային հերթական փոփոխությունները դատախազությունում ‘