‘Գոհար Սիմոնյան. «Iran rules», կամ՝ Բարի գալուստ և ցտեսություն, պարո՛ն Բրայզա’

1652

Իրանի նավթային ընկերության փոխնախագահ Ալի Մաջեդիի այն հայտարարությունը, թե «մեր երկիրն ի վիճակի է ամբողջովին փոխարինել «Գազպրոմին» եվրոպական շուկայում», այն էլ՝ տնտեսական աննպատակահարմարության պատճառով ձախողված «ՆԱԲՈՒԿՕ»-ի միջոցով (նախկին՝ մոտ 9 միլիարդ եվրոյի փոխարեն՝ խողովակի նախնական արժեքն «աճել է»՝ ընդհուպ 15 միլիարդի  հասնելով, բացի այդ էլ ճանապարհն այնքան երկար է, որ մանավանդ ներկայիս լարված իրավիճակում՝ նախագիծը շատ հանգիստ կարելի է «դատապարտվածների» թվին դասել…), շոկի մեջ է գցել համարյա բոլոր խոշոր խաղացող երկրներին և հատկապես՝ Ռուսաստանին:

Բնական է. մեջտեղում այնքան շահեր կան, որ Իրանի առաջարկը,  ինչը Մաջեդիի շուրթերով ձևակերպվել էր որպես «շահավետ և խելամիտ», նաև՝ «Եվրոպային ռուսական խնդրահարույց մատակարարումներից ազատվելու հնարավորություն ընձեռող», միանգամից շատերի՛ն էր մի պահ զրկել մտածելու ընդունակությունից:

Տարօրինակը, սակայն, այն է, որ նույն Ռուսաստանում ո՛չ այնքան «դուգինյան պատրիոտներն» էին վրդովվել Իրանի պահվածքից, որքան ցավալիորեն լուսանցք մղված ազատականնե՛րը. մամուլում նրանք իսկական հիստերիա էին բարձրացրել Իրանի՝ «ոչ թե բարեկամ, այլ մրցակից» լինելու թեմայով՝ Պուտինին մեղադրելով «նման երկրի՛ պատճառով Արևմուտքին հակադրվելու մեջ»:

Առաջարկվող հիմնական «օրակարգն», ուրեմն, հետևյալն էր՝ «վերաբեռնե՛լ» Իրանի հետ հարաբերությունները և ամեն բան անել, որպեսզի, նախ, այդ երկիրն առաջվա պես «ցնորվի պատժամիջոցներից», ապա նաև՝ Հայաստանը հնարավորություն չունենա «ինքն իրենից ավելի բարձր թռչելու»…

Հիմա մի կողմ թողնենք գնահատականները, թե՝ իսկ ինչու՞ են ռուս ազատականները և նույնիսկ «Հայաստանի՝ ընտրություն չունենալու համար ցավացողները» հակադրվում իրանցի ազատական-տեխնոկրատներին, ովքեր ահագին «ընդլայնել էին իրենց սոցիալական բազան» նախագահ Ռաֆսանջանիի օրոք, և այժմ էլ կարծես նորի՛ց են կարևորվում ներկայիս նախագահի կողմից:

Մի կողմ թողնենք նույնիսկ հիշոցները, թե՝ «ահա և բռնակալ կրեմլականներից տարբերվող դեմոկրատների շքեղ դեմքը», արձանագրենք ռեալ շահերի առկայության հանգամանքը և հընթացս էլ նկատենք, որ ռուսական կոնկրետ շրջանակներից բացի (որքան հասկացանք՝ պուտինյան «իսթեբլիշմենթը» իրանյան հայտարարությունը բլեֆ է որակել, և եթե այս դեպքում ես կարո՛ղ եմ ինձ իրավունք վերապահել-ասել՝ Աստված գիտի, թե տարբերակներից որ մեկն է ճշմարիտ, «խորը և համապարփակ քնով քնած» հայկական դիվանագիտությունն իրեն չի կարող նման շռայլություն կամ անգործունեություն թույլ տալ…նա պարտավո՛ր է այդ մասին ոչ միայն տեղեկացված լինել, այլև գործել՝ մեր երկրի շահերի շրջանակում..մի բան, որ անհավանական է թվում Սերժ Սարգսյանի կառավարման պարագային)՝ անհանգստացած է նաև թրքական «իսթեբլիշեմնթն«՝ իր հոգեզավակ Ադրբեջանի հետ միասին:

Բա իհարկե. էլ ո՞վ, եթե ոչ թուրքե՛րն են առաջինը հասկացել, որ Իրանը, Հայաստանից ու Թուրքիայից բացի, այլ ճանապարհ չունի Եվրոպային գազ մատակարարելու՝ մեկ, այդ կերպ իրանցիները գուցե ավելի մեծ դերակատարում ստանձնեն տարածաշրջանում, քան Իրանի հետ վերջին երեք դարում «զուսպ խաղաղություն վարող» և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող էր երբևէ հավակնել՝ երկու:

(Հետո՞ ինչ, որ դեռ 2009-ին սերբական Ալբանիայում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, թե երբ Կովկասն ու Բալկանները Օսմանյան տիրապետության տակ էին գտնվում, աշխարհն ավելի խաղաղ էր: Կամ՝ երբ խոստացել էր շատ շտապ միջոցներ ձեռք առնել «նման խաղաղությունը վերականգնելու համար»…)

Ավելին ասենք՝ Իրանի փոխնախարարի այն հայտարարությունը, թե նույնիսկ մինչև «ՆԱԲՈՒԿՕ»-ի կառուցումը կարելի է գործը գլուխ բերել՝ այսպես կոչված «խտացված գազի» միջոցով, մանավանդ որ՝ Եվրոպան արդեն ունի LNG տիպի խողովակներ, նաև այն սենսացիոն տեղեկությունը, թե իրենք խնդիրն արդեն քննարկել են երկու բարձրաստիճան եվրապաշտոնյաների հետ, ոմանց լրի՛վ է կտրել թե՛ քնից, թե՛ ախորժակից:

Այդ թվում՝ Ադրբեջանին, որտեղ գնալով ավելանում է հակաիրանյան հիստերիան՝ նաև այդ երկրի կողմից Կասպյան ավազանը միակողմանի կերպով օգտագործելու և, ինչպես հայտնի Վաֆա Գուլուզադեն էր նկատել՝ «դեռ մի բան էլ Բաքվին մեծահոգաբար համագործակցության առաջարկ անելու ցինիզմի» պատճառով:

Չէ՞ որ եթե այս ծրագիրն իրողություն դառնա, ինչում այս պահին համարյա բոլոր փորձագետներն են կասկածում, բայց նաև ամբողջովին անարժանահավատ չեն համարում՝ «երբեք մի՛ ասա՝ երբեք» սկզբունքով, ղարաբաղյան հակամարտության լուծումը դառնում է բոլոր խոշոր խաղացողների թիվ մեկ կարևոր խնդիրը, իսկ Իրանի մեծացող դերակատարության և Բաքվում իշխող տեռորի արդյունքում դժվար է ասել՝ ինչ գլուխ կգա: Կամ՝ միջազգային հանրությունն ինչպիսի դիրքորոշում կունենա մտածող մարդկանց ողջ-ողջ հոշոտող Ալիևի նկատմամբ…

Ի միջի այլոց, սա չի նշանակում, թե մենք պետք է հենց այս պահից սկսած՝ զուռնա-դհոլ զարկենք:

Ճիշտ է՝ սահմանի կատարվածը շատերի խաղաքարտերը խառնեց, բայց հիմա արդեն ավելի՛ մտահոգվելու առիթ ունենք, որովհետև լավ չէ, երբ աշխարհի համար կարևորվում ես Բաքվից ոչ պակաս խնդիրներ ունեցող երկրի կարգավիճակով: Առավել վատ է, երբ նաև փոքր երկիր ես, չունես նավթ, ու միշտ վտանգ կա՝ «ոտքի տակ մնալու»…

Այս իրավիճակում, ուրեմն, բոլորովին տարօրինակ չէր, որ հենց այս օրերի՛ն մեջտեղ եկավ վաղուց մոռացված, իր պրոթրքական, պրոադրբեջանական դիրքի պատճառով ԱՄՆ սենատի կողմից Բաքվում դեսպան չհաստատված ու դիվանագիտությանը նեղացածի կեցվածքով հրաժեշտ տված Մեթյու Բրայզան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկյան համանախագահը…

Երեկ սույն պարոնը մեղադրել է Պետդեպին՝ կոնկրետ Հրվ. Կովկասում ԱՄՆ քաղաքականությունը «չինովնիկական մակարդակով» առաջ տանելու և ռուսական շահերը տարածաշրջանում «հասկանալու համար», Ալիևի նմանությամբ հիշել է ՄԱԿ-ի չորս բանաձևերը՝ ափսոսանք հայտնելով, որ ՄԱԿ-ը լծակներ չունի՝ դրանց իրականացումը Հայաստանին պարտադրելու համար, նաև ափսոսանք է հայտնել այն առիթով, որ հայկական պրոպագանդային հաջողվել է սենատում «Ադրբեջանին՝ բռնակալ, իսկ Հայաստանին՝ զոհ ներկայացնելու հարցում»…

Բրայզայի խոսքի ամենաանընդունելի, եթե չասենք՝ խայտառակ «մեխը», սակայն, Ղարաբաղի մասին առհասարակ «մոռանալով» լռելը, Ադրբեջանի նմանությամբ խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտություն ներկայացնելը և, որ ամենավտանգավորն է՝ այն կապելը կամ նույնացնելն է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցին:

Մի բան, որի դեմ Տեր-Պետրոսյանի իշխանությունը ժամանակին այնպես աշխատեց, որ նույնիսկ արցախյան պատերազմի սկզբում հնարավոր եղավ Թուրքիայի հետ քիչ թե շատ նորմալ հարաբերվել և նույնիսկ ցորեն ներկրել դժվար իրավիճակում գտնվող Հայաստանի համար…

Այս իրավիճակն, իհարկե, հետագայում փոխվեց, որովհետև հայր Ալիևին, տարատեսակ բրայզաներին, էրդողաններին և Ռուսաստանում «մշտապես արթուն եղող վարակի օջախներին» հաջողվե՛ց մի հարցը կապել մյուսին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել բացառապես ղարաբաղյան հակամարտությամբ:

Բայց որ «կենացները կքաղցրանային», և Բրայզայի պես կոնկրետ ազդեցության «ճարտարապետներն» այսպես անթաքույց նաև ռուս-ամերիկյա՛ն հարաբերությունները կպայմանավորեին ղարաբաղյան խնդրով, այ սա, թող ներվի ասել, անամոթության գագաթ է…

«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահագները պիտի ավելին անի քաղաքական մակարդակի վրա, որպեսզի բեկում ապահովի Մինսկյան բանակցային գործընթացում: Նախագահ Օբամայի և պետքարտուղար Քերիի անձնական ներգրավվածությունն անհրաժեշտ է, որպեսզի.

ա. քաղաքական օժանդակություն ապահովվի նախագահներ Ալիևի և Սարգսյանի համար, որպեսզի նրանք համաձայնության գան փոխզիջումային լուծման շուրջ, և որը ոչ պոպուլյար կլինի Ադրբեջանում ու Հայաստանում,

բ. Ռուսաստանին համոզել, որ Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունները ենթադրում են Մոսկվայի կողմից անկեղծ ջանքեր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առիթով:

Ցավոք, երկրորդ կետին հասնել անհնար է ներկայիս պայմաններում, որովհետև նախագահ Պուտինն այժմ հակված է ավելի շատ հակամարտություններ ստեղծելուն, քան դրանք լուծելուն»,- «Կավկազսկի վեստնիկ»-ին ասել է Մեթյու Բրայզան:

Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է դիվանագիտությանն ընդմիշտ հրաժեշտ տված այս անձին այդչափ հետաքրքրում  համարյա սառը պատերազմի շրջանակներում տեղավորվող ռուս-ամերիկյան նոր հարաբերությունների սցենարը՝ մեկ, և վերջապես՝ ինչո՞ւ են Բրայզայի տերերն այդքան շտապում:

Չլինի՞ նախկին կապերն օգտագործելով՝ կարդացել է Պետդեպի գաղտնի զեկույցը, որից հրապարակայնացված մի հատվածի համաձայն՝ ԱՄՆ-ին Բուշի օրոք Իրաքում լրացուցիչ ճակատ բացելն արգելած և նույնիսկ այդ պարագայում ԱՄՆ հետախուզական մարմիններից քրդերի վերաբերյալ տեղեկացված, շատ ու շատ բաներում ներված Թուրքիային, հնարավոր է, «զսպաշապիկ հագցնեն» նաև Իրանի՛ օգնությամբ՝ «ընդմիշտ թաղելով օսմանցի դառնալու երազանքը»…

Հնարավոր է՝ այդ դեպքում շատ բան փոխվի, և Բրայզան Ստամբուլում, հիմա կարծես նաև՝ Տալլինում, անգո՞րծ մնա…

Իսկ ընդհանրապես՝ միայն իրական արևմտյան, առաջին հերթին՝ ամերիկյա՛ն արժեքների վրա թքող և հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդը կարող է իր քաղաքացիներին հոշոտող Ալիևի և Հայաստանը «գրպանում դրած» Սարգսյանի համար քաղաքական օժանդակություն պահանջել:

Այնպես որ՝ բարի գալուստ և ցտեսություն, պարո՛ն Բրայզա… 

Նախորդ հոդվածը‘Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները միմյանց հետ ընկերական հանդիպում կանցկացնեն’
Հաջորդ հոդվածը‘«Իլուրը» ցավակցում է Գագիկ Կիլիկյանին’