‘Գողական հավաքը և ոտնատակ տրված պետականությունը’

3936

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները տեղեկացնում են Երևանում ընթացող «օրենքով գողերի» մեծ հավաքի մասին, իսկ ՀՀ համապատասխան մարմինները համառորեն չեն արձագանքում այս տեղեկությանը: Այլ կերպ ասած՝ ոչ հերքում են, ոչ հաստատում:

Հավաքի մասին գրում է ոչ միայն հայկական մամուլը, այլ նաև ռուսականն ու ադրբեջանականը: Ընդ որում՝ այս փաստը ադրբեջանցիների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել: Ադրբեջանական մամուլը շեշտում է, որ Հայաստանն այնքան է թուլացել, որ տասնյակ և հարյուրավոր հեղինակություններ հանգիստ հավաքվում են Երևանում:

Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «օրենքով գողերը» Երևանում քննարկում են հարցերի բավական մեծ շրջանակ: Քննարկում են այնքան հանգիստ, կարծես հավաքված լինեն գիտնականներ կամ գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ:

Ի դեպ, ըստ համառ լուրերի՝ հավաքը նախատեսված էր ՌԴ մայրաքաղաքում, բայց իրավապահները հասկացրել են, թե կձերբակալեն հավաքի բոլոր մասնակիցներին, ինչից հետո, այսպես կոչված՝ օրենքով գողերը սկսել են նոր հավաքատեղի փնտրել: Երբ հասկացել են, որ իրենց որևէ երկիր չի պատրաստվում ընդունել, կանգ են առել Երևանի վրա: Ինչպես տեսնում ենք, նրանք չեն սխալվել: Այստեղ նրանց որևէ մեկը չի էլ անհանգստացնում:

Հետաքրքիրն այն է, որ գողերի այս հավաքը զարմացրել է ռուսական մամուլին, վրացիներին, ադրբեջանցիներին, բոլորին, բայց ոչ հայաստանյան հանրությանը, որի համար նման հավաքը անակնկալ չի էլ կարող լինել, եթե հաշվի առնենք հայաստանյան իշխանությունների քրեականացված լինելը: Միայն Լիսկայի վերանշանակումը մարզպետի պաշտոնում բավական է, որ ՀՀ քաղաքացին նման հավաքը արդեն նորմալ համարի:

Դժվար է հավատալ, որ հավաքի հովանավորը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Նման կարգի հավաքները դժվար թե անցկացվեն ոստիկանապետի մակարդակով: Անշուշտ, առանց Սերժ Սարգսյանի գիտության՝ հազիվ թե նման հավաք կայանար: Ստացվում է, որ ոստիկանապետին հարվածի տակ դրեցին: Եւ այստեղ տեղին կլիներ, եթե անհարմար և նվաստացած վիճակում հայտնված ոստիկանությունը հանդես չգար ծիծաղաշարժ հայտարարությամբ:

Ոստիկանության տարածած հայտարարությունը մեր իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է:

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ:

Տեղեկատվությանը նաև հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին: Մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»:

 

Ու մարդու ազատ տեղաշարժման իրավունքից խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք Հայաստանում մարդու իրավունքները խախտվել ու խախտվում են այնպիսի մասշտաբներով, որ կնախանձեր որևէ այլ բռնապետություն: Հարյուրավոր քաղբանտարկյալներ պահած, մարտի 1-ին քաղաքացիներին սպանած իշխանությունը այսօր քրտնաթոր ստանձնել է քրեական աշխարհի փաստաբանությունը: Ավելի լավ կլիներ, եթե ոստիկանությունը լռեր, քան նման խայտառակ հայտարարություն տարծեր՝ փորձելով իր վրա բևեռել հանրային քննադատությունը: Պարզապես, այս հայտարարությունից հետո իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչու հանկարծ չցանկացան տոները Հայաստանում անցկացնել հայտնի գիտնականները, դերասանները և երգիչները, և ինչու նման ցանկությամբ լցվեցին քրեական աշխարհի հեղինակությունները:

Ոստիկանությունից այլ հայտարարություն չէինք էլ սպասում: Լրատվամիջոցները վկայում են, որ հավաքի կազմակերպիչներից մեկը Արմեն Կանևսկոյի եղբայրն է: Այն նույն եղբայրը, որը 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվորեն աջակցում էր Աղվան Հովսեփյանի եղբորը:

Այնպես որ՝ կարող ենք արձանագրել, որ այս հավաքը կայացավ Երևանում, քանի որ այսօր ՀՀ իշխանության գլխին են կանգնած հենց «գողական» դեմքերը: Եթե այդպես չլիներ, եթե իշխանության գլխին լինեին պետական մտածողություն ունեցող մարդիկ, ապա որքան էլ այլք ցանկանային հավաքն այստեղ անցկացնել, որքան էլ նման ցանկություն ունենային հանցաշխարհի ներկայացուցիչները, ապա նման ժողով Հայաստանում չէր լինի:

Նախորդ հոդվածը‘Լարսում ձնաբքի պատճառով երկու հայաստանցի է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Անցյալ տարի Հայաստանը ավելի քան $48.3 մլն-ի մարդասիրական օգնություն է ստացել’