‘«Գոմեշի մսի» գործը դատարանում է. 5-ից մեղադրյալի աթոռին նստած է մեկը. «Ժողովուրդ»’

1523

Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ մեղադրյալի աթոռին առայժմ նստած է միայն մեկը՝ գործարար Ալբերտ Օհանջանյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի տրոհման պատճառն այն է, որ ՊՆ-ում 2 տարի է դեռ շարունակվում է հաշվարկվել պետությանը հասցված վնասի չափը:

 Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը և էլի մի քանի բաներ: Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը»,–գրում է թերթը։

Որտեղից սկսվեց ամեն ինչ

Դեռեւս 2012թ-ին զինվորները բացահայտել էին, որ ԼՂՀ պաշտպանության բանակում մատուցված ճաշի մեջ եղել է հնդկական գոմեշի սառեցված միս: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ, ինչի շրջանակներում կալանավորվել էր 5 անձ՝ կապանցի գործարար, «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի պետը (փոխգնդապետ), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորը եւ այդ զորամասի պահեստարանի պետը (ենթասպա), ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետը (փոխգնդապետ): Օհանջանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 3-րդ մասով («Խարդախություն, խաբեություն»), իսկ զինվորականները՝ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով` («Անփույթ վերաբերմունք»):

Ավելի ուշ բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխվեց ստորագրությամբ՝ երկրից չհեռանալու մասին:

2 տարի քննեցին

Ու մինչ ՊՆ  Քննչական ծառայությունը շուրջ երկու տարի քննում էր այս գործը, մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, իր միջոցներով ՀՀ ՊՆ կարիքների համար կառուցեց 150 տոննա տարողությամբ, 73.362.390 դրամ արժողությամբ սառնարանային համալիր: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ալբերտ Օգանջանյանն ասել էր, թե  ինքնագլուխ չի գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի գրավոր համաձայնությունը. «Ես հո դա ինքնագլուխ չեմ արել: Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»:

Սակայն ո՛չ արված փոխհատուցումը, ո՛չ էլ նրա հնչեցրած «հովանավորչության» մասին հաղորդումը, որ ինքնագլուխ չի գործել, չփրկեցին գործարար Օհանջանյանին: Այսօր Ալբերտ Օհանջանյանը միայնակ կանգնած է դատարանի առաջ: Նրա գործով առաջին դատական նիստ նշանակված է Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին: Թե ինչ ճակատագիր է սպասվում գործարարին, դեռ վաղ է կանխատեսել: Ըստ մեղադրանքի՝ Օհանջանյանին սպասվում է 4-8 տարվա ազատազրկում: Թեեւ նա հույս ունի, որ փոխհատուցումից հետո մեղադրանքը կմեղմվի:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘«Միկա-ցեմենտը» երկրորդ «Նաիրիտն» է դարձել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Թվերն ընդդեմ Սերժ Սարգսյանի. «Ժողովուրդ»’