‘Գոռ Ղլեչյան. «Զոն նայողների» առկայությունը չի վնասում ՔԿՀ ներքին կանոնակարգին’

1655

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում զանգվածային հացադուլի մասին էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին նշվում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրության մեջ:

«Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մեկ կալանավոր է հացադուլ հայտարարելու մասին դիմում ներկայացրել՝ նշելով, որ բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից», — նշված է հաղորդագրության մեջ:

«Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով կալանավայրում տիրող իրավիճակին՝ մասնավորապես ասել էր. «Մենք ներսում ունենք, այսպես կոչված, իրենց աշխարհը ներկայացնող «զոն նայող» հասկացությունը: Բա զոն նայողը չէ՞ր մտնի ընդունելության, ասեր՝ ընկեր պետ, սենց-սենց խոչընդոտներ կան»:

iLur.am-ը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Մխոյանի արած այս հայտարարությանը:

«Դա իրենց ներքին բանն է, կարող է և կա: Եթե իրենք իրենց համար դա ստեղծել են, մենք ինչպե՞ս կարող ենք վերաբերվել, ի՞նչ եք կարծում: Եթե ինչ-որ մի գործողություն քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգին չի վնասում, ինչպե՞ս կարող ենք վերաբերվել», — ասաց Ղլեչյանը:

Մեր այն հարցին, թե չի՞ կարծում, որ քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների» առկայությունը վնասում է ներքին կանոնակարգին, Ղլեչյանը պատասխանեց՝ ոչ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ՔԿՀ-ում զանգվածային հացադուլ չկա:

«Խնդիրը եղել է մարզագույքից օգտվելու հետ կապված: Սառնարանների հետ է կապված խնդիր եղել, որը կլուծվի: Ներքին կանոնակարգային հարաբերություններ են, ինչ-որ իրավական կարգավորման բնույթի հարցեր են ուզեցել լուծել, այն էլ փաստորեն կարգավորվել է այդ հարցը: Հացադուլի մասին հայտարարած դատապարտյալները հենց իրենք էլ հայտնել են, որ բոլոր խնդիրները լուծվել են», — նշեց Սաքունցը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիան առաջին անգամ պարգևատրել է Բեռլինյան պատի տակ գաղտնի անցուղիներ կառուցողներին ‘
Հաջորդ հոդվածը‘Դի Կանիո. Այսօր Անգլիայի գավաթի խաղում հաղթանակը ինձ համար համարժեք կլինի Մադոննայի հետ սեքսին’