‘Գործադուլին միացել են 117 փաստաբաններ’

1319

2013թ. հունիսի 10-ին և 11-ին հայտարարված գործադուլին էլեկտրոնային եղանակով միացել են 117 փաստաբաններ: Նրանք, ինչպես հայտնի է, դժգոհում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու»` ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճից: Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են գործադուլ, որի ընթացքում չեն մասնակցելու դատական նիստերի և այլ դատավարական գործողությունների: Գործադուլի նպատակն է, ըստ հայտարարության հեղինակների, իշխանության բոլոր ճյուղերի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա, հաղրդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Փաստաբանները ճիշտ մեկ տարի առաջ բողոքի ակցիայի՝ դատադուլի էին դիմել, սակայն իշխանության վերին ատյաններից հնչած խոստումներից ու հավաստիացումներից հետո որոշել էին սպասել խնդրի լուծմանն ուղղված քայլերին, հետագա զարգացումներին: Սակայն մեկ տարվա ընթացքում որևէ փոփոխություն չարձանագրելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճի մեջ` փաստաբանները որոշել են նորից դիմել գործադուլի՝ նրանք երկու օրով դադարեցնելու են իրենց մասնակցությունը բոլոր գործերով՝ քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարություններ, կամ նախաքննության ընթացքում որևէ քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցություն:

Ի դեպ, Վճռաբեկ դատարանի գործելաոճից դժգոհ են ոչ միայն փաստաբանները, այլև Սահմանադրական դատարանը, որի որոշումները Վճռաբեկ դատարանը չի կատարում: Մասնավորապես, նախօրեին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տարակուսանք էր հայտնել նոր հանգամանքների հիմքով քրեական և քաղաքացիական գործերով դատական ակտերի վերանայման վերաբերյալ ՀՀ դատական դեպարտամենտի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված փաստաթղթերում առկա բազմաթիվ տարօրինակ ձևակերպումների առնչությամբ: «Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը և, կներեք արտահայտությանս համար, այսպես կոչված այս մարմինը գտնում են, որ դատարանը նույնիսկ իրավունք ունի նոր հանգամանքի հիմքով դատական ակտը չվերանայել, այսինքն՝ դատական ակտ իրենք հասկանում են դատական ակտի եզրափակիչ մասը»,- նշել էր ՍԴ նախագահը:

Ըստ Գ.Հարությունյանի՝ իրեն մասնավորապես զարմացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի 2012թ. ընդունված որոշումը, որն առնչվում է ՍԴ-ի նախորդ որոշումներին և վերաբերում է ՍԴ-ում ներկայումս քննվող քաղգործերով վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու սահմանադրականության հարցին:

Գ.Հարությունյանի գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման մեջ կան «առնվազն արտառոց դատողություններ, ռևիզիայի է ենթարկվել ՍԴ-ի որոշումը, փորձել են իրավական դիրքորոշումներ արտահայտել՝ մեկնաբանելով մեր որոշումը և, ըստ էության, սողանցքներ գտնելով այդ որոշումը շրջանցելու համար»: Դատարանը նաև իրեն վերապահել է նորմի սահմանադրականությունը գնահատելու լիազորություն, արել «դատողություններ, թե դատարանը չի կիրառել այդ դրույթը, որը ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, կամ գտել է, որ այդ դրույթն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, և Վճռաբեկ դատարանը կարող է ակտը չվերանայել և ամբողջությամբ թողնել ուժի մեջ»:

 

Նախորդ հոդվածը‘Կուրսանտի սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘Տեսախցիկները պահենք նրանց վրա. Մամուլ’