‘Գուայդոն հայտարարել է Մադուրոյին իշխանությունից հեռացնելու ավարտական փուլի սկիզբը’

1131

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն տեսաերիզ է հրապարակել, որը տեսագրվել է երկրի ռազմաօդային ուժերի բազաներից մեկում։

Տեսագրության մեջ նա, զինվորական համազգեստով մի խումբ տղամարդկանցով շրջապատված՝ զինվորականներին կոչ է անում աջակցել իրեն և վերջ դնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից իշխանության ուզուրպացմանը։ Դա Գույադոն անվանում է երկրում իշխանափոխության ավարտական փուլը։

«Ներկա պահին ես հանդիպում եմ մեր զինված ուժերի հիմնական ստորաբաժանումների հրամանատարների հետ, որպեսզի «Ազատություն գործողության» ավարտական փուլի մեկնարկը տամ»,- Twitter-ում գրել է Գուայդոն։

Մինչ այժմ զինվորականները հիմնականում պաշտպանում էին Մադուրոյին և հրաժարվում ճանաչել Գուայդոյին, որը հունվարին նախագահի պարտականությունները կատարող էր հայտարարել իրեն։ Նրա այդ կարգավիճակը ճանաչել են ԱՄՆ-ը և ուրիշ շատ երկրներ՝ գործող նախագահ Մադուրոյին կոչ անելով հեռանալ պաշտոնից։

Ռուսաստանը, Չինաստանը և էլի մի քանի երկրներ Մադուրոյին համարում են օրինակարգ նախագահ, իսկ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները՝ պետական հեղաշրջման փորձ։

Գուայդոն «Լա Կառլոտա» ավիաբազայից  Կարակասի բնակիչներին  կոչ է արել հավաքվել ավիաբազայի մոտ։ Reuters-ի փոխանցմամբ՝ բազայի մերձակայքում կրակոցներ են լսվում։

Փոխանցում է BBC-ն։

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարները’
Հաջորդ հոդվածը‘«Միլանի» մարզչի գլխավոր թեկնածուները’