‘Գուրգեն Ասատրյան. Իմ հայրենի Նոյեմբերյանում նորից առավոտները խաղաղ չեն բացվում’

1420

Նայում եմ այսօրվա զարգացումներին եւ անմիջապես գիտակացությունս ինձ տանում է դեպի անցյալ: Ողջ մանկությունս ասոցացվում է պատերազմի հետ: Այդ տարիները ստվերի նման ամենուր հետեւում են ինձ ու միշտ տեսիլքի նման այցելում՝ հուշելու համար, որ պատերազմը մարդկության ամենամեծ չարիքն է. մենք մեծ, շատ մեծ գին ենք վճարել խաղաղության հասնելու համար: Իսկ այսօր թշնամին նորից խախտւմ է հրադադարը, խանգարում մեր սահմանների անդորրը: Իմ հայրենի Նոյեմբերյանում նորից առավոտները խաղաղ չեն բացվում:

Սա մեր արտաքին թշնամին է. նրանից այլ բան սպասելի չէ: Այն մեր տրամաբանության շրջանակներում է, դրոշմված է մեր գիտակցության մեջ եւ մենք գիտենք, որ ամեն դեպքում թշնամուն նորից պատվով կհաղթենք: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ որակում պետք է տանք մեր` ներքին թշնամուն, որը խաղաղ պայմաններում անհագուրդ գազանի նման, լափելով երկիրս, վերածել է ավերակների: Հոշոտել, պղծել են բոլոր արժեքները: Այս երկրի, այս հող ու ջրի հետ ոչ մի կապ չունեցողները դարձել են երկրի տերեր: Անհայտ ծագումի մոլախոտերը` տարոնները, շարմազանովներն ու աշոտյանները բուսնել ու տարածվում են լույսից ու արեւից՝ կյանքից ու ապագայից զրկելով մնացյալներին:

Ինձ հանգիստ չեն տալիս սպանված հերոսների բազում հարցեր պարունակող հայացքները, որովհետեւ իրենց երեխաները քաղցած են, իրենց տները կիսախարխուլ են, որովհետեւ իրենց արյունով կերտած հայրենիքը մատնված է սովի ու անտերության, որովհետեւ կռված ու արյուն թափած իրենց հերոս ընկերները հացի ու դեղի գումար չունեն:

Մինչ այս զարգացումները մի ներքին վախ կար մեջս, սակայն համոզվեցի, որ քսաներեք տարվա մեր ամենամեծ ձեռքբերումը Հայոց բանակն է, որ այս վերջին 15 տարիների այլանդակություները չկարողացան կոտրել բանակի ուժն ու մարտունակությունը եւ նա պատվով կատարեց իրեն վստահված սուրբ գործը: Ու սահմանի վրա ապրող մարդիկ էլ թեւութիկունք են բանակի հետ, եւ որքան էլ նրանց սոցիալական ու հոգեկան աշխարհը ծանր է ու դժվար` բոլորը միահամուռ կերպով պատրաստ են դիմակայել թշնամուն՝ իրենց հայրենիքը, տունը, երեխաների ճակատագիրը փրկելու համար: Այդ ամենը 90-ականներին տեսած մարդը այսօր շատ ավելի կշռադատված է նայում այս զարգացումներին: Եվ վստահաբար կարելի է ասել, որ ամենակարեւորը` խուճապ չկա, եւ չի լինի երբեք, անգամ ամենօրյա գնդակոծությունների ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան կրկին հարվածել է լրագրողին (տեսանյութ)’