‘Գուրգեն Արսենյան. Հայաստանում դիտվում են արտարժույթի ազատ լողացող փոխարժեքի տարօրինակ դրսևորումներ’

1272

Հայաստանում դիտվում են արտարժույթի ազատ լողացող փոխարժեքի տարօրինակ դրսևորումներ: Այս մասին դեկտեմբերի 10-ին տնտեսության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված Կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքով, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարության, արտարժույթի փոխարժեքը ձևավորվում է պահանջարկ-առաջարկ սկզբունքով: Մինչդեռ, մի քանի օր առաջ երկրի բոլոր բանկերն, առանց բացառության, հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, սահմանեցին միատեսակ փոխարժեք` 442,6 դրամ/դոլար: «Եվ դա կոչվում է շուկայի ազատ դրսևորում, երբ հայտնի չէ, թե ինչ պատճառով էր, որ բոլոր բանկերը կանգ առան միևնույն թվի վրա»,-հայտարարել է Արսենյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն ավելի վաղ հաղորդել էր, որ ԿԲ մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը և կհետևի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, շուկայում կիրականացվեն արժութային միջամտություններ: Դեկտեմբերի 9-ին այդ միջամտության արդյունքում ԿԲ-ն շուկայի մասնակից-բանկերին վաճառեց 6 մլն.դոլար, 458,31 դրամ/դոլար միջին փոխարժեքով:

Սակայն, արժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար, ինչին ձգտում է ԿԲ-ն, անհաժեշտ են ոչ միայն ամենօրյա, այլ նաև ավելի լուրջ ծավալների միջամտություններ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Բնապահպանը մատնանշել է 2014 թ. էկոլոգիական խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 19-ը’