‘Գուրգեն Եղիազարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Էդ մարդը երկու ամիս է խոսում է, ոչ մի ավարտուն միտք չի արտաբերել’

1587

Մարտի 1-ին տեսել եմ «Ժառանգության» երկու-երեք անդամի, Րաֆֆի  Հովհաննիսյանը նկարագրում է, որ իր կուսակիցները կանգնել են զորքի, ոստիկանության և ցուցարարների մեջտեղում և թույլ չեն տվել, որ զոհերն ու վիրավորներն ավելի շատ լինեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանն այս կերպ էր արտահայտում իր տարակուսանքը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ:

«Եթե խոսքը մեր 10 սպանված ընկերների ու միայն 182 վիրավոր զինվորների մասին է, էլ չեմ ասում, որ մոտ 300-400 վիրավոր քաղաքացի է եղել, ապա ասեմ, որ այդ ժառանգականները պետք է լինեին մի քանի հազար հոգի, որ կարողանային կանգնել զորքի, ոստիկանության և ընդդիմության միջև: Դրա հետ կապված՝ լուրջ զարգացումներ է տալիս հինգ տարի անց: Շատ զազրելի բան է տարիներ անց խոսել դեպքերի մասին»,- ասաց Եղիազարյանը:

Նա անդրադարձավ այն գնահատականներին, թե «Ժառանգության» առաջնորդը նոր մշակույթ բերեց քաղաքական դաշտ: «Նոր մշակույթը նա՞ է, որ դու հանիրավի «կպնում» ես ընդդիմադիր գործիչներին և չես բացահայտում այս իշխանութունների հազար ու մի սխալը, որը չարիքի է վերածվել մեր երկրի համար»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա գանահատմամբ՝ Շուշան Պետրոսյանն ավելի ազնիվ է իր արտահայտությունների մեջ, քանի որ նա ասում է, որ հինգ տարի Սերժ Սարգսյանը փորձեց աշխատել և չստացվեց, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե այդքանն էլ չի ասում:

«Էդ մարդը երկու ամիս է խոսում է, ոչ մի ավարտում միտք մինչև էսօր չի արտաբերել: Ինչպե՞ս կարող եմ հավատալ մի քաղաքական գործչի, երբ իմ ընկերների արյունը ասֆալտի վրա չչորացած, քառասունքի օրը  իրեն ընդդիմադիր հայտարարած այդ քաղաքական գործիչը գնաց և շնորհավորեց Սերժ Սարգսյանին: Սևազգեստ ես գնացել՝ երկու նախադասություն ասեիր Սերժի երեսին, չասեցիր՝ գայիր հայտարարություն անեիր, որ ես սևազգեստ գնացի, կանգնեցի, որ ողբամ իմ անմեղ զոհերի հիշատակը քառասունքի օրը: Ոչ մի բան չի ասել»,- հայտարարեց Եղիազարյանը՝ անդրադառնալով 2008-ին Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանի բացատրությանը, թե ինքը սևազգեստ է գնացել երդման արարողությանն ու այդպիսով իր բողոքն է հայտնել:

Նախորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. Վրանը կտեղադրենք ժամը 17:00-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գոտիները ձգեք. կյանքը թանկանում է’