‘Գուրգեն Եղիազարյան. Այս շոուին տալիս եմ մեկ շաբաթ. Մամուլ’

1325

Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ անդամ Գուրզեն Եղիազարյանը կանխատեսում էր արել, թե ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին: Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Aravot.am-ը պարոն Եղիազարյանից հետաքրքրվեց՝ նա այժմ է՞լ է այդ կարծիքին: Թերթի զրուցակիցն ասաց, որ ինքը նույն կարծիքին է: Նաև ասաց, թե ինչ կերպ է Ր. Հովհաննիսյանը շնորհավորելու նախագահին, սակայն դա կհրապարակվի այն ժամանակ, երբ Գ. Եղիազարյանի կանխատեսումը իրականություն դառնա:

Հետո էլ ՀԱԿ անդամը մանրամասնեց. «Րաֆֆին աննախադեպ ձայն ստացավ, դրան նա չէր սպասում: Խնդիրը լրիվ այլ հարթությունում է: Նախ՝ չեմ հավատում, որ 51 հազար անվավեր քվեաթերթիկ է եղել, եղել է հինգ անգամ շատ: Հետո մարդիկ ձայն են տվել ոչ թե Րաֆֆիին, այլ ընդդեմ Սերժի: ՀՀ քաղաքացին այլևս չի ուզում այսպես ապրել: Դա իշխանության համար խնդիր չէ: Կարելի է գտնել մի երկու տասնյակ կաշառակեր սրիկա եվրոպացի ու հարցերը լուծել: Մենք գուցե կուսակցություններով պիտի հավաքվենք և Եվրամիությանը մի ուղերձ հղենք ու խնդրենք, որ այդ սրիկաները մեր երկիր չգան ու չապականեն ընտրությունները: Պետք է ձերբազատվենք այդ եվրոպացի կեղծարարներից ու ինքներս մեր բախտը տնօրինենք»:

Վերադառնալով ներքաղաքական հարթություն՝ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ընդդիմադիր դաշտի՝ Ր. Հովհաննիսյանի շուրջ համախմբում: Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Բացառում եմ: Այս շոուին տալիս եմ մեկ շաբաթ: Րաֆֆին երկու հանրահավաք է արել, որտեղ ոչ մի հստակ բան դեռ չի ասել: Չեն երևում նրա հետագա անելիքները:               Անպտուղ հավաքներ են սրանք: Օրինակ՝ ասում է, թե թող Սերժը գա ու հանձնի իշխանությունը: Դա հեքիաթի բնագավառից է և ոչ մի լուրջ էլեմենտ չի պարունակում: Նախ՝ չկա իրավական մեխանիզմը՝ հրապարակում մեկը մյուսին իշխանություն հանձնելու վերաբերյալ: Ասենք թե եկավ, ասաց՝ ներողություն արածներիս համար, կներեք, պարոն Հովհաննիսյան, հիմա գրպանիցս քվեները հանում հանձնում եմ… դա խեղկատակություն է: Պահանջի մեջ արդեն աբստրակտ միտք է դրված: Նույնիսկ նեղություն չի տվել իրեն նստել ու այդ միտքը ձևակերպել: Հուշենք նրան, որ միտքը այնպես ձևակերպի, որ լինի մեր Սահմանադրության շրջանակներում: Թող պահանջի նոր ընտրություններ, պահանջը գրագետ ձևակերպի: Բայց ես չեմ հավատում, որ դա պահանջ է, սա հերթական բլեֆն է: Ես սա պայմանավորվածություն չէի անվանի, քանի որ իշխանությունները հանկարծակիի են եկել, չնայած նախապես պայմանավորվածություն կար: Սակայն այս ողջ գործողությունների համար վերջում Սերժ Սարգսյանը Րաֆֆիին շնորհակալություն պիտի հայտնի, քանի որ մարդիկ, որ արցունքալեցուն աչքերով նայում են Րաֆֆիին, հետո որ հիասթափվեն, երկար խելքի չեն գա… Ավելի քան վստահ եմ, որ մերօրյա գապոն-քահանան չի անցնելու, դա միտված է մեծագույն հիասթափության, քանի որ նրա ուղին դեպի տաճար չի տանում, այլ դեպի դավաճանություն»:

Իսկ զրույցի վերջում Գ. Եղիազարյանը հավելեց. «Ընդդիմադիր դաշտը խորին շնորհակալություն է հայտնում Սերժ Ազատիչին, որ քաղաքական դաշտը հերթով ազատում է քաղաքական աղբից ու ականներից»:   

Նախորդ հոդվածը‘Ռուսական ակումբների տրիումֆը եւ ուկրաինական ակումբների ֆիասկոն’
Հաջորդ հոդվածը‘Պահպանակներ՝ վրան գրված Սամվել Բալասանյան. Մամուլ ‘