‘Գուրգեն Եղիազարյան. Զինդատախազը հաստատ դիպլոմ կունենա, բայց մտածեցի՝ միգուցե մի քանի լեկցիաներից բացակայել է’

1427

Արդեն միջազգային հանրության մահակն է ճոճվում Հայաստանի Հանրապետության գլխին, և հանիրավի պահանջներ են մեզ ներկայացվում՝ ամենայն հավանականությամբ՝ Արցախով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: 

«Պետք է թույլ չտանք, որ դա լինի: Էս ամեն ինչը լինելու է ծանրագույն տնտեսական ճգնաժամի և թանկացումների, ահագնացող հայաթափման ֆոնին, որը գործող իշխանություններին այս ամենի միջից դուրս գալու ոչ մի ելք չի տալիս: Եվ էսքան իմ ասածը բավական չի, մի հատ էլ տեսեք, թե ներսում ինչ մարդակերների «կամպանիա» են սրանք հավաքել, իբր թե ամեն ինչ լավ է, մի հատ էլ տականքների որոշակի խմբեր մարդ են գնդակահարում, հոշոտում, մարդ ուտում»,- ասաց Եղիազարյանը՝ նկատի ունենալով Գորիսի դեպքերը:

Նա նշեց, որ ապշած է զինդատախազի հայտարարություններից: Երբ Սյունիքի մարզպետարանը հայտարարությամբ է հանդես եկել, դա Եղիազարյանին չի զարմացրել, որովհետև այն երկրում, որտեղ պետությունը կայացած չէ, մարզպետարանը կարող է նախաքննության ժամանակ հայտարարություն անել, քիթը մտցնել քրեական գործի մեջ: 

«Զինդատախազը հաստատ դիպլոմ կունենա: Երբ հայտարարություն արեց, մտածեցի, որ միգուցե մի քանի լեկցիաներից բացակայել է: Գուցե կամրախտ է տարել… Որովհետև եթե դասի գնար, լսեր այդ օրվա դասախոսությունը, հաստատ նման մտքեր չէր արտահայտի, էդ մտքերը հո պաղպաղակ վաճառող կինը չի արտահայտում, ասում է զինտադատախազը՝ ուսադիրով, լայն թիկունքով: Ամբուլատոր քարտը նայեք երիտասարդի»,- նշեց նա:

Եղիազարյանին զարմացրել է նաև զինդատախազի այն հայտարարությունը, թե պետք է պարզել՝ հայտնաբերված զենք-զինամթերքն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Եղիազարյանի խոսքով՝ եթե զինդատախազը դասախոսությունից չբացակայեր, կիմանար, որ օրինականությունը հաստատելու համար անհրաժեշտ է հարցնել ՝ էս ինքնաձիգի փաստաթուղթը ունե՞ք դուք: Եթե ունի՝ ուրեմն օրինական է, եթե ոչ՝ «ուրեմն սրիկան զինանոց է պահում այլ նպատակների համար»:

«Առաջարկություն ունեմ Սերժ Սարգսյանին, քանի որ այժմ մեծամասնությունը իրենք են. քրեական օրենսգրքում փոփոխություն կատարի, անօրինական զենքի հոդվածի մեջ հատված ավելացնեն՝ այսուհետ զենք-զինամթերքը ընդդիմադիր գործիչների բնակարաններում հայտնաբերելու դեպքում գործ հարուցել, իսկ տարբեր ստորագույն արարածների բնակարաններից հայտնաբերվածը համարել օրինական»,- առաջարկեց Եղիազարյանը: 

Նա բերեց ընդդիմադիր Հուսիկ Բաղդասարյանի օրինակը, երբ նրա բնակարանից մարտիմեկյան դեպքերից հետո զենք են հայտնաբերել և 16 գրամ փամփուշտ, Բաղդասարյանը ներկայացրել է փաստաթուղթը, ասում են՝ խախտել ես ՀՀ քրեական օրենսգիրքը, ու դատարանը որոշեց, որ պետք է երեք տարի նստի: 

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալին՝ Եղիազարյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ այդ գործով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Տիգրան-միգրան Սարգսյան կապ չունի, խոսքը վարչապետին է վերաբերում, վարչապետն էլ դիմում է գրել դատախազին, որ՝ էս ով տարավ իմ անունով օֆշորում բան գրանցեց, գուցե թուրք-ադրբեջանական հերթական դիվերսիոն գործողության արդյունքում անմեղ մարդուն գցում են կրակը»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘«Օրանժ» ընկերության ղեկավարն ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Այցելել են Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին’