‘Գուրգեն Եղիազարյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր չէ’

1185

168.am-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ

— Ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից  հայտարարությանը, թե  վաղը մինչև ժամը 17:00-ն ինքը սպասում է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ «Սերժ Սարգսյանը պետք է շնորհավորի հայ ժողովրդի հաղթանակն ու իրեն»:

— Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ելույթն ընդամենը բլեֆի շարունակությունն է, որը սկսվել էր դեռևս քարոզարշավին: Մարդիկ, ովքեր չգիտեն Րաֆֆի Հովհաննիսյանի իսկական դերակատարության մասին, գուցե այս «խրոխտ» հայտարարությունը լուրջ ընդունեն: Երկու-երեք օր համբերեք և կտեսնեք, որ նա կվերադառնա այնտեղ, որտեղից սկսել է: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր չէ և չի կարող ընդդիմադիր լինել: Նա պարզապես որոշակի ծրագիր է իրականացնում:

— Ասացիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի իսկական դերակատարության մասին շատերը գուցե չգիտեն: Ո՞րն է այդ իսկական դերակատարությունը:

— Եթե դուք հետևած լինեիք նրա ողջ ընտրարշավին, կառանձնացնեիք մի հանգամանք, որ նա երբեք չի քննադատել Սերժ Սարգսյանին, ընդհակառակը՝ գովերգել է: Ես չեմ ասում, որ Րաֆֆին պետք է հայհոյեր նրան, բայց Սարգսյանն ունի հարյուրավոր բացթողումներ, չկատարած խոստումներ, իր հետևից թողած  1 մլն 700 հազար աղքատ մարդ: Ու նման մարդուն Րաֆֆին գովում է, թե Արցախի հերոս է, Պողոս է, Պետրոս է… Ես համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նոր, թարմ միտք մտցրեց քաղաքական դաշտ այն առումով, որ ընդդիմադիրները կարող են և սուր չքննադատել իշխանությանը: Կարդացեք նրա քարոզարշավի ժամանակ հնչած ելույթները. դրանցում մի խոսք չկա բռնապետության, աղքատության, պետության անկայունության մասին: Շեշտում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն մարդը չէ, որը կարող է մի բան անել մեր երկրի համար. դրա համար, ինչպես բազմիցս ասել եմ, այս էպոսի հերոսներից ես նախընտրում եմ Սերժ Սարգսյանին:

— Քանի որ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև ավելի ընդունելի եք համարում Սերժ Սարգսյանին, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս նա կարձագանքի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին:

— Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը լուրջ չի վերաբերվի այս ամենին, որովհետև սա անլուրջ հայտարարություն է: Այսօրվա ելույթը լավագույն դեպքում կավարտվի հացադուլով, կամ էլ Սերժ Սարգսյանը նրան մի պաշտոն կտա: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր մարդկանց կհավաքի, հանրահավաքներ կանի, իսկ հետո սուս ու փուս կընդունի Սերժ Սարգսյանի հաղթանակը:

— Ի՞նչ պաշտոնի կարող է հավակնել Րաֆֆի Հովհաննիսյանը:

— Նրա համար լավագույն պաշտոնը Սփյուռքի նախարարության արտաքին հարաբերությունների բաժնի վարիչի առաջին տեղակալն է: Հրանուշի մոտ կաշխատի: Սա լրջագույն պաշտոնն է, թող այդտեղ էլ իր հայրենիքին օգուտ բերի: Իսկ ավելի մեծ պաշտոններ նրան տալ չի կարելի՝ գլուխ չի հանի: Իրեն ուրիշ բան վստահել չի կարելի: Բայց առաջին տեղակալի պաշտոնն էլ կարելի է տալ միայն մեկ ամիս փորձաշրջանով: Հետո չգիտեմ՝ գուցե փորձաշրջանն էլ չանցնի:

— Պարոն Եղիազարյան, նշեցիք, որ իր ելույթն անլուրջ էր: Ի՞նչը Ձեզ լրջություն չի ներշնչում:

— Քայլերի հաջորդականություն չկա: Իր պահանջը չի կարող կյանքի կոչվել, դա բացառվում է: Իր առաջարկը ուլտիմատում է իշխանությունների հանդեպ: Մարտի 1-ին մեզնից ոչ մեկը ուլտիմատումով չի խոսել գործող իշխանությունների հետ, չի ասել, թե՝ վաղը ժամը 5-ին կգաս ու սուս ու փուս կշնորհավորես ինձ: Մենք նման բան չենք արել:

— Չե՞ք կարծում, որ դա համարձակ քայլ է:

— Չէ: Համարձակ քայլ կլիներ, եթե շարունակություն ունենար, իսկ շարունակություն չի ունենա: Ասենք՝ ժամը 5-ին չեկավ ու չասեց. ի՞նչ ես անելու, տղա՛ ջան: Դու արդեն արել ես քո ընտրությունը. իշխանությանը դիմել ես, որ քեզ պաշտպանեն: Մի հատ հարցրեք՝ ումի՞ց պետք է պաշտպանեն: Երբ նախագահի թեկնածու էր, ասում էր, որ պաշտպանության կարիք չունի: Իսկ հիմա, երբ պատվավոր երկրորդ տեղում է, պաշտպանվում է: Շարունակություն այս ամենը չի ունենա, որովհետև նա կընդունի իր պարտությունը: Վեր կկենա ու կասի՝ «Ես այն մարդը չեմ, որն արնահեղություն պետք է գցի հայ ժողովրդի մեջ: Դա հաշվի առնելով՝ ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին»:

— Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Ազատության հրապարակը մարդաշատ էր, չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանի բացասական պատասխանը կարող է բողոքի զանգվածային ակցիաների պատճառ դառնալ:

— (Ծիծաղում է.- Տ.Մ.): Դա երգիծանքի ոլորտից է: Ժողովրդի հիմնական կողմնորոշիչն առաջնորդն է: Եթե նա բացակա է, ժողովուրդը հենց այնպես չի հավաքվում: Ես չեմ եղել, չգիտեմ՝ ինչքան մարդ կար, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ զանգված հավաքելու ի վիճակի չէ, Սերժ Սարգսյանի իշխանությունը լրջագույնս վտանգված է, որովհետև Րաֆֆին իրականում գուցե ավելի շատ ձայն է հավաքել,  դրանք ընչազուրկների ձայներ են, որոնք չեն տեսել այլընտրանք՝ առաջադրված թեկնածուների շարքում: Իշխանությունն այս առումով պետք է զգույշ լինի, որովհետև նստած է վառոդով լիքը տակառի վրա, որի վրա իրականացնում են այս ընտրությունների հրավառությունը: Հնարավոր է` պայթյուն լինի, սոցիալական պայթյուն: Երբ ՀՀ քաղաքացին իր ձայնը տալիս է Չակ Նորիսին, Չեբուրաշկային կամ էլ պոռնոաստղ Քիմ Քարդաշյանին, ուրեմն սա հուսալքության ճիչ է:

— Րաֆֆի Հովահաննիսյանը հայտարարեց նաև, որ «Մարտի 1-ը մինչև հիմա չի լուծվել, և Դատախազություն պետք է հրավիրվեն բոլոր երեք նախագահները՝ պատասխան տալու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը»:

— Նա ձիու քայլ է կատարում. այն մարդն է դարձել, որ երեք նախագահներին պատասխանատվության է ենթարկում: Ինքն իրեն հռոմեական արբիտրի կարգավիճակ է տվել: Սա էժանագին ժանրից մեկ հատված է: Այս հայտարարությունը կարող եմ համեմատել միայն դիակապտության հետ: Րաֆֆիի իզութոզն այնտեղ չի եղել, բայց որոշում է՝ ո՞ւմ դատի տա, ո՞ւմ՝ չէ: Սա ցույց է տալիս միայն Րաֆֆիի հաբռգածության աստիճանը: Այս էյֆորիայի մեջ նա անգամ չի հասկանում, թե ում մասին՝ ինչ է խոսում: Ինքը չափն անցնում է՝ առանց հասկանալու, առանց տրամաբանելու, թե ի՞նչ է անում: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ի՞նչ գործ ունես: Դատի ես տալիս մյուս երկու նախագահներին, դատի տուր: Բայց չէ: Նրանցից վախենում է. չի կարող: Մի քիչ շատ շուտ է. ոտքերը դեռ ամպոտ են երևում: Շուտով ինքն էլ, ժողովուրդն էլ կընդունեն ընտրությունները, ու Րաֆֆին կդառնա խաղաղ, լսող պատանի:

— Փաստորեն չե՞ք միանա «Ժառանգության» հանրահավաքներին:

— Ոչ միայն ես չեմ միանա, այլև կոչ կանեմ իմ ընկերներին, ում հետ ընդդիմության ճամբարում երկար տարիներ պայքարել ենք՝ չմասնակցել այդ հավաքներին: Դրանք տևելու են երկուսից երեք օր, որից հետո լինելու է խորը հիասթափություն:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ նախագահի հավաստմամբ «Կարֆուրը» կգա Հայաստան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չեն հանդիպել’