‘Գուրգեն Մարգարյանի եղբայրն ազատ արձակվեց դատարանի դահլիճից ‘

963

Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը՝ Վահրամ Մարգարյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Մարգարյանի դատապաշտպան Կրոմվել Գրիգորյանը: 

«Սպանության հոդվածով ինքն արդարացվել է, մեղավոր է ճանաչվել միայն նռնակի պահով, ինչի համար դատապարտվել է 1 տարի 2 ամսով ազատազրկման», — նշեց փաստաբանը, իսկ մեր այն հարցին, թե իր պրակտիկայում նման դեպքեր եղե՞լ են, որ իր պաշտպանյալին սպանության համար մեղադրանք առաջադրվի, իսկ վերջում նրան դատարանի դահլիճում ազատ արձակեն, պաշտպանը կարճ պատասխանեց՝ շատ: 

Հիշեցնենք, որ Վահրամ Մարգարյանի մեղադրանքն օրերս փոխվել էր: Ի սկզբանե նրան առաջադրվել էր սպանության մեղադրանք, սակայն մեղադրող Արմեն Աֆանդյանը հրաժարվեց այդ մեղադրանքից, և պահպանվեց միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքը (խուլիգանություն և ապօրինաբար զենք կրելը)։ 

Նշենք, որ Մարգարյանն արդեն մեկ տարուց ավելի է, նստած է բանտում: Դատարանը համարել է, որ նա արդեն իսկ կրել է այսօր հրապարակված 1 տարի, 2 ամիս պատիժը:

Նախորդ հոդվածը‘Իրանը մտադիր է լրիվ դադարեցնել նավթի արտահանումը, եթե իր հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառվեն ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի քաղաքապետարանում աշխատանքից ազատվել են 7 բաժնի պետեր և 2 փոխքաղաքապետեր ‘