‘Գվինեական հաղթանակ՝ կոկորդիլոսի չալաղաջով’

2055

Հայաստանը արագ տեմպերով շարժվում է դեպի լուսավոր ապագա, և Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականության շնորհիվ այս տարի Ադրբեջանի պետական բյուջեն ընդամենը ութ անգամ է ավելի Հայաստանի պետական բյուջեից: Հայաստանի պես տնտեսություն ունեցող երկրին` Ադերբեջանի տնտեսության ութապատիկ ավելի լինելու փաստը որևէ վտանգ չի ներկայացնում, քանի որ ադրբեջանցիները կոռուպցիայի մեջ թաղված են, իսկ մեր պաշտոնյաները նույնիսկ իրենց չնչին աշխատավարձերն են դնում պետականության կայացման գործին: Համ էլ՝ ադրբեջանցիների աշխատած փողերից նավթի հոտ է գալիս, իսկ մեր իշխանությունների աշխատած փողերը խոպանից արդար քրտինքով վաստակած և Հայաստան փոխանցված փողերն են:

Այդ ոչինչ, որ ընդամենը երեք հարյուր միլիոն դոլար պարտքի դիմաց՝ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց իր ամբողջ էներգետիկ համակարգի կառավարումը, կարևորը՝ Ռուսաստանը Ադրբեջանին ընդամենը չորս միլիարդի զենք է վաճառել: Կարող էր, չէ՞՝ մի չորս միլիարդի զենք էլ նվիրաբերել, սակայն մեր հմուտ դիվանագիտության շնորհիվ կանխվել է այդ գործարքը:

Որոշ չարախոսներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը օֆշորում միլիոններ ունի, իսկ Սաշիկ Սարգսյանն էլ Հայաստանում գործող բոլոր բիզնեսների մեջ իր փայն է ուզում, սակայն դրանք ստոր հերյուրանքներ են, որոնք ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին: ՀՀ նախագահը, վարչապետը և մնացած պաշտոնյաները իրենց ունեցվածքը կտակ են ստացել իրենց նախնիներից, հիմնականում՝ զոքանչներից ,և տեղն եկած տեղը այդ գումարներով նվիրաբերություններ են կատարում Մոնտե Կառլոյում, Լաս Վեգասում և Բադեն Բադենում:

Կարևոր չէ, որ Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում և Իրանում գազը կիսով չափ էժան է, քան Հայաստանում, կարևորը՝ մեր արդյունաբերությունը այնպես է աշխատում, որ ոչ միայն մրցունակ է տարածաշրջանային երկրների տնտեսություններին, այլ նաև «Գրանդ Քենդիի» պոնչիկ և ծծովի կոնֆետ է արտահանում այլ երկրներ:

Եվս մի քանի տարի, և ՀՀ քաղաքացիները ամբողջությամբ կտիրապետեն սառցի վրա քայլելուն, և Երևանի քաղաքապետը տարին մեկ անգամ կենտրոնական փողոցներում աղ լցնելու վրա գումարներ ծախսելու խնդիր չի ունենա: Դրա շնորհիվ  Հայաստանի  բնակչությունը պինգվիններից հետո կլինի միակ կենդանի էակը, որը կարողանում է ազատ տեղաշարժվել սառույցի վրայով:

Հայաստանում տնտեսական աճը հասել է այնպիսի աստիճանի, որ խանութներում կոկորդիլոսներ և ընձուղտի «դոշի քիթ» է վաճառվում:  Սա միայն ու միայն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հմուտ և արհեստավարժ քաղաքականության արգասիքն է:

Նույնիսկ Ֆորբսն է այս տարի հաստատել մեր տնտեսական հաջողությունները:  Չնայած տնտեսական աճի ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների թվում Գվինեան մեզանից առաջ է, և մենք զբաղեցնում ենք պատվավոր երկրորդ տեղը, սակայն ամեն ինչ դեռ առջևում է:  Չէ՞ որ այս տարվա ստացած արդյունքներով՝ մեր ետևում ենք թողել Գանային և Զիմբաբվեին, ու մեր իշխանությունները նպատակ են դրել, հաջորդ տարի անցնելով Գվինեայից՝ զբաղեցնել պատվավոր առաջին տեղը:

Մենք արդեն առաջին տեղն ենք զբաղեցնում բնակչության քանակին բաժին ընկնող արտագաղթի թվով, և մեկ տարին բավարար ժամանակ է, որպեսզի տնտեսական ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների թվում էլ առաջատարը լինենք:

Ամեն ինչ դեռ առջևում է, և Ապահով Հայաստանը դեռ նոր բարձունքներ է գրավելու:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Գազի պայմանագիրը հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող գործընթաց է’
Հաջորդ հոդվածը‘2013-ին իշխանությունների 13 հիմնական ձախողումները` ըստ Արամ Մանուկյանի’