‘Գրանորություն. Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը’

2173

․․․Սկսվում է այն պահից, երբ, երբ․․․ 

 Գիտակցական կյանք։ Ամեն անգամ լսում ու փորձում եմ հասկանալ, թե երբվանից, որ կիսավայրկյանից, որ բջիջով է սկսվում, երևի թե`  մարդու սկիզբն ազդարարող պահը՝ Գիտակցական կյանքը։ Ինչն է գիտակցել տալիս գոյության իմաստը կամ, առավել ևս՝ անիմաստությունը։ Ինչ թելերով ես կապվում «ամեն գնով ապրելու» գաղափարին։ Ի՞նչն է ստիպում ապրել համոզիչ՝ հանուն ինչ-որ կարևոր բանի, հանուն կարևորին հավատալու ու էդ կարևորին հասնելու չդադարող ցանկության։ Ու հորինել․․․ Առասպելներ, առասպելներ․․․ Էն ինչը եղել է քեզնից առաջ առասպել, ինչ-որ կավճային իրականություն, որտեղ ապրող մարդիկ ամպերով էին սնվում։ Բայց շեղվեցին․․․

 Վերջ ի վերջո, ո՞ր պահից է սկսվում․․․ Հա, հա՝ գիտակցական կյանքը․․․ Սկսում ես հանրագիտարանները թերթել, հազար ուղղությամբ ճանապարհորդել, գնալ անցյալ ու ետ գալ, ամուսնանալ-բաժանվել, մտովի ամուսնանալ, անվերջ ասել «երբեք» ու հարաբերությունների մեջ ու շուրջը պտտվել, պտտվել, խճճվել․․․ Իսկ պատասխանը՝թեև թաքնված, բայց   ամենուրեք նույնն է․․․ Նշան․․․ Չէ, սա էն ճակատագրական, հավերժ կրոնակա-կուսակցական նշանը չէ․․․ Բայց այնուամենայնիվ՝ նշան․․․ Երևի թե․․․

․․․Սկսվում է հենց էն պահից, երբ չգիտեմ ինչ բնազդով հասկանում ես, որ միշտ Նշանի տակ ես, թեև մինչև վերջ էլ չես գիտակցում՝ Թիրա՞խն ես, թե՞ Նշանառուն․․․

 «Գիտեմ նաև, թե ինչ կաներ, եթե Այովայում լինեինք. եթե կավիճ ունենար, ուրախությունից կուտեր, եթե չունենար, կհարթեցներ բեղերը ճնճղուկի նման բարակ ու սև մատներով, իսկ հետո հանգիստ կասեր. «Գրականությունն էլ ունի իր տառապող հոգիները, ամիգո»։ Նրա համար ամեն բան գրականություն է, իմ խորունկ գետակ, ամեն բան, ասացի, քանի որ ապրում է նշան պատմելու համար, ապրում է իրականությունը բացահայտելու համար, որպեսզի դարձնի այն համոզիչ։ Նա ինձ հաստատ կհավատար, Դորունտինա, քանի որ հենց ինքն էր ինձ ասում, որ Կուկուտայի՝ Հարավային Կուկուտայի բնակիչները սավառնել են գորգերի վրա նստած, և ես նրան հավատացի. պատմում էր մի տատիկի մասին, ով տարել էր իր տասներկուամյա թոռնուհուն գյուղով մեկ՝ փողով վաճառելու, որպեսզի վճարեր թոռնուհու կողմից տանը միամիտ հրդեհից հասցրած վնասի գինը, ասում էր, որ տասնհինգ տարի շարունակ թոռնուհուն վաճառում էր օրական երեսուն տղամարդու, իսկ հրդեհից առաջացած վնասը դեռ հատուցված չէր, քանի մենք Այովայում էինք, նաև ասում էր, որ մի օր իրեն տարել են առաջին անգամ սառույց տեսնելու, և նրա սիրտը դողացել էր վախից և ուրախությունից՝ այդ առեղծվածին կպչելիս, և ես նրան հավատացի, Դորունտինա, ասում էր Մակեդոնիայի իմաստուն ալքիմիկոսների ութերորդ հրաշալիքի մասին, Դորունտինա, ասում եմ, Մակեդոնիայի, ասացի, և ես նրան հավատացի։ Այդ իսկ պատճառով գիտեմ, որ նա էլ կհավատար թիթեռի ու քո մասին պատմվածքին, Դորունտինա, հաստատ կհավատար, բայց այստեղ չէ և արդեն վաղուց նույնիսկ իր Կուկուտայում՝ Հարավային Կուկուտայում չէ»։

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը՝ մակեդոներենից Արմինե Փիլոյան-Վրտեսկայի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները’
Հաջորդ հոդվածը‘Մադլեն Օլբրայթը խոստացել է դժոխք ուղարկել Քլինթոնի հակառակորդներին’