‘Գրանորություն. Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսների ժողովածուն’

2372

Մարդու դեմքը կաղապար է՝ պլաստիկ ֆորմա։ Ուրեմն․․․ Ո՞ր պահից է սկսվում միֆ կոչված անիրական, հետևաբար՝ անմարդկային երևույթի ծեփել-ծեփրտելը։ Ե՞րբ է մարդը կորցնում իր շոշափելի, միս ու արյունից վարքագիծը և վերածվում արարքների պատառիկներից կազմված արձանի։ Գրիմ, գրիմ, ափսոս էդ բառը գոյություն չունի՝ «գրիմել»․․․ Դեմքը փոխելու, նաև թաքցնելու ամենահեշտ միջոցը, թերևս, շպարն է։ Անբնական, վառվռուն գույներ ու խեղդող հոտ։ Այլ կերպ ասած՝ միֆական կեպար։ Իսկ փաստացի մարդը կամաց-կամաց, երբեմն էլ՝ արագ-արագ վերածվում է միֆի, երբ նրա դեմքով սկսում են  «խաղալ»։ Բնականաբար, յուրաքանչյուր խաղացող դեմք իր դիմագիծն է ավելացնում։ Եթե այս ամենին հավելենք  իշխանական ցենզուրայի պարտադիր ռետուշները, ապա պարզից էլ պարզ է, որ որոշ ժամանակ անց՝ շոշափելի, միս ու արյունից կազմված մարդուց մեծ կտորը միայն․․․ արձանն է մնում։

Բայց բոլոր ցենզուրաները, ասել է թե՝ կայսրությունները հավերժ չեն։ Իսկ փակ դռները նրա համար են, որ մի օր ներսից բացվեն՝ վերծանելու իրական մարդու չընդհատվող շնչառությունը․․․      

«ՀԱՅՐ  – Ինձ զիջում պետք չէ։ Դու իսկապես որ խեղճ չես, տղա, երբեք էլ չես եղել, հիշում եմ, ասում էի՝ այս բանը չի կարելի, կատաղությունից մատս բռնում՝ կծում էիր…

ՀԱՅԿ  –  Չի  կարելի,  չի  կարելի…  Ամբողջ  մանկությունս չի կարելիի տակ է անցել, պատանեկությունս էլ հետը։ Հասմիկի՞ն ինչու դեմ եղաք, չթողեցիք ամուսնանանք։ Տան աղջիկ չի, ման եկած է, կույս չի… Ձեզ ի՞նչ, դուք էիք ապրելո՞ւ հետը։

ՀԱՅՐ  –  Դու էիր ապրելու,  թշվառական, մեզ խայտառակ էիր անելու ամբողջ աշխարհով։

ՀԱՅԿ  – Քո սիրուհիները ձեզ խայտառակ չէի՞ն անում, էն մարմնավաճառները, որ փողոցից վերցնում՝ մտնում էիր հյուրանոցները, խայտառակ չէին անո՞ւմ, թե՞ կարծում ես ոչ ոք չէր տեսնում։

ՀԱՅՐ  – Հակառակը, դա բարձրացնում էր մեր վարկը, տղամարդուն դա վայելում է։ Քո այդ Հասմիկ կոչեցյալը ինձ գայթակղում էր, տեղյակ էլ չես իսկի, այո ­այո, ծունկը քսում էր ծնկիս, երկիմաստ նայում աչքերիս մեջ։

ՀԱՅԿ  – Սուտ է։

ՀԱՅՐ  – Ուզում ես ավելի՞ն ասեմ… ես քնել եմ նրա հետ։

ՀԱՅԿ  – Սուտ ես խոսում։

ՀԱՅՐ  –  Փսլնքոտ։

ՀԱՅԿ  – Սուտ ես ասում, հայր։

ՀԱՅՐ  – Քնել եմ և լավ եմ արել, նա ուզել է, ես ուզել եմ, քնել ենք, լավ էլ քնել ենք՝ սա էլ նշեմ։ Բա չէ, քեզ հետ էր քնելու։ Դու ո՞վ ես, ի՞նչ ես ներկայացնում քեզնից, այ փսլնքոտ, միայն մորդ շոյես, երբ քնած  է, հետո  մտնես  զուգարան՝  ձեռնահարես։

ՀԱՅԿ – Վերջ տուր, հայր, խնդրում եմ, այլապես…

ՀԱՅՐ – Պահ, վախեցնում է։ Դու ո՞վ ես, է՜… դու ոչինչ ես, հասկանո՞ւմ ես, ոչինչ, գնացիր հարուստ երկիր, ինչի՞ հասար, պարտքերի մեջ խրված ես, չէ՞, էլի հույսդ հայրական տան վրա է, ծախես՝ պարտքերդ մարես, փսլնքոտ։

(Հայկը բռնում է հորը, սկսում է խեղդել)

ՁԱՅՆԵՐ – Ինչպիսի ամոթ, հորն է խեղդում, նա խեղդում է իր հորը, ով մեծացրել, կերակրել, պահել է նրան… Չի էլ հիշում՝ հայրն էր, որ նրան փրկեց գետում խեղդվելուց, հայրն էր, որ սատկացրեց իրեն կծող շանը, հայրն էր, որ սպանեց իրեն վախեցնող առնետին…

(Հայկը թողնում է հոր կոկորդը, հայրը հռհռալով չքանում է)»։

«Անտարես» հրատարակչության հրատարակած Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսների ժողովածուն հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ընը նորից սպառնում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհներն անցանելի են’