‘Գրանորություն. Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդը»’

2495

Անազատությունը ցամաքային, օդային, մաշկի, մտքի, վախի ու սարքովի անտարբերության քարե պատնեշներ ունի՝ ցեմենտած, լոզունգային, բռնակալների քարոզչական դիմագծերով ու փշալարով նախշազարդված: Էդ պատնեշները պատերից բացի՝ հսկայական չուգունե տանինքերն ունեն և անգամ ինքնաթիռները չեն կարող անազատության թռիչքային բարձրությունը հաղթահարել: Բոլոր նրանց (պետական ապարատի մարմիններ, ճնշումներից կիսադիակ «մտավորականներ», ինֆարկտը մաշկի մեջ՝ գիտնականներ), ում թույլատրվում է սահմանն անցնել, միևնույն է, ԿԳԲ-յան անմեռ, անտեսանելի թելերով միշտ կապված են սահմանին, անընդունակ՝ տեղաշարժվելու, բառեր արտաբերելու, նույնիսկ օտարերկրյա խանութներում շրջելու: Իսկ երբ մտածելը դառնում է վանդակային՝ ազատության խորհրդանիշները ձևափոխվում, հաճախ հագուստի կաղապար-տեսք են ընդունում: Եվ դու քո չմաշվող, չպատռվող ջինսով մատնացույց լինելու, հալածվելու, փախչելու, մերժվելու, բռնվելու երկար ճանապարհ ես անցնում: Ու նույնիսկ գերեզմանում ջինսով ես «ճանաչվում»:
«-Շատ եմ հոգնել, համ էլ արդեն զզվացրեց:
Ասաց և ընկերոջից ներողություն խնդրեց:
Սոսոն մտածում էր, որ Իրակլին նվիրած ջինսը նկատի ուներ, բայց հաջորդ օրը, երբ իմացավ նրա ինքնասպանության մասին, ամեն ինչ հասկացավ: Սոսոն սկզբում մտածեց, որ Իրակլին գերազանցեց իրենց բոլորին, իսկ հետո ինքն իր վրա բարկացավ, որ թեկուզ մեկ օր շուտ որևէ բան չզգաց, և փոքր երեխայի պես լաց եղավ:
Իրակլի Կոստավայի հուղարկավորությունից հետո Սոսոն Իրակլիի հագած ջինսի աջ ծնկից վերև իննաչքանի արև նկարեց և հագավ: Մինչև մահ հագից չհանեց: Այդ ջինսով էլ թաղեցին նրան բոլորից թաքուն, և այդ ջինսով Նաթիա Մեգրելիշվիլին 15 տարի անց ճանաչեց դիակը…»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդը» վեպը՝ Էսմերալդա Երիցյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Քլունի եւ Ռոբերտսոն փաստաբանների խոսքը` ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով դատավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Վարդանյանը` Ռուստամյանի փոխարեն. ՀՅԴ ԳՄ-ն նոր ներկայացուցիչ ունի’