‘Գրանորություն. Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» ժողովածուն’

1774

Տարիները ունեն շեշտեր, ավելին՝ հստակ կետադրական նշաններ, որոնք մարդկանց և ժողովուրդների կյանքում վերածվում են ուղենիշերի: Ցավոք, լինում են ժամանակներ, երբ առավելապես բազմակետերն ու բացականչական նշաններին են գերիշխում: Եվ ամեն ինչ դառնում է առկախված, չլուծված, զգացմունքային-փակ աչքերով «դիտված», անանուն կամ անունը տալու վախից ահաբեկված: Եւ հարյուրամյա մեղքի բազմակետերի ու բացականչական նշանների արդյունքում՝ աշխարհը անհասկանալի ոգիներով, ահ ու սարսափ սփռող տարերային առնետներով ու օձերով է լցվում: Հետո ամեն ինչ կրակի է մատնվում, հուսալքվում է ու ստորաբար դավաճանվում: Եվ միայն մեղքի ընդունումն է վերջակետ դնում անորոշ դարաշրջանին, ու ամեն ինչ Անվան նման դառնում է հասկանալի ու հստակ:

«Կեսգիշերից երկու ժամ էր անցել, երբ նրանք սկսեցին աճել-դուրս գալ հողի միջից: Տղաներն այրեցին դեզերը ու դա որոշ ժամանակով կանգնեցրեց նրանց: Երիտասարդ գյուղապետը մոտեցավ կրակի մոտ կանգնած ոգիներին ու հարցրեց.
-Ի՞նչ է ձեր ուզածը:
-Ասա մեր անունը,- պատասխանեց ոգիներից մեկը:
-Ձեր անունն արգելված է արտասանել,- պատասխանեց հանդուգն երիտասարդը:
-Ասա՛, անվանի՛ր մեզ,- շարունակում էր պնդել ոգին, որին նայելու համար մեծ քաջություն էր պետք:
-Ասա, ասա նրանց,- աղերսեցին ահաբեկված մարդիկ…»:

«Անտարես» հրատարակչության կողմից «XXI.» մատենաշարով լույս ընծայված Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» ժողովածուն հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները 10 օր ժամանակ տվեցին կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘«Genealogy» խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է’