‘Գրանորություն. «Ռոբին Հուդ» միջնադարյան լեգենդը’

2008

Ե՞րբ է սկսվում, առավել ևս ավարտվում․․․ Ավարտվում․․․ Սկսվում․․․ Ի՞նչը․․․ Էստեղ համապատասխան բառ է պետք․․․   Բառի զգացողություն, համանիշ կամ չգիտեմ ինչ։ Չէ, հստակություն է պետք, առավել ևս՝ այլ բառով երևի թե հնարավոր չէ նկարագրել այն երևույթը, որը բոլորի մոտ, պարտադիր, նույնությամբ  սկսվում, բայց միանգամայն տարբեր կերպ, տարբեր ժամկետներում է ավարտվում։ Ուրեմն՝ ե՞րբ է սկսվում, առավել ևս՝ ավարտվում ռոբինհուդությունը։ Ո՞ր պահին է հասունանում վերևում կանգնած անարդարի հանդեպ ըմբոստությունն ու «անտառ», ժամանակակից լեզվով՝ փողոց ու հրապարակ «փախչելու» մտադրությունը։ Չնայած՝ սկիզբը քիչ թե շատ կանխատեսելի է։ Առավել հետաքրքիր է ռոբինհուդության ավարտը։ Ի՞նչ ածականներ կարելի է սոսնձել այս երևույթի վերջը բնութագրելու համար․ խելամտությո՞ւն, իրատեսությո՞ւն, հասունությո՞ւն, մանկամտությունից ազատագրո՞ւմ, եղունգ ունես՝ գլուխդ քորի՞, թե՞․․․ Ռոբինհուդությունից, իհարկե, առաջինը հրաժարվում են բոլոր ժամանակների միջակ կուսակցականները՝ պալատականներ, ինկվիզիտորներ, չեկիստներ․․․ Հրաժարվում եմ անտառը կտրելու, փողոցները փակելու ու հրապարակները անվանափոխելու դառը մտադրությամբ։ Ու ի՞նչ․․․ Կտրում, փակում, ջնջում են, մինչև նոր անտառային «միջավայրում» կրկին չի հայտնվում․․․  Էստեղ կրկին համապատասխան բառ է պետք․․․

«Պառավը  նետվեց  գետնին և  փաթաթվեց Ռոբինի ծնկներով։

–Ես քեզ մեծ վտանգի առաջ եմ կանգնեցնում,–հեկեկաց նա,– բայցևայնպես, քաջ գիտեմ, որ դու խիզախ և հավատարիմ սիրտ ունես։ Աստված օրհնի քեզ,  ո՛վ բարի Ռոբին։

Ռոբինը հորդորեց նրան, որ տուն գնա, և խոստացավ փրկել որդիներին։

Ապա գնաց իր մարդկանց մոտ և ծանոթացավ միջադեպի մանրամասներին։

– Տղե՛րք, մենք պետք է ազատենք այրու երեք որդիներին,–ասաց Ռոբինը։

Խումբը սկսեց պատրաստություն տեսնել, մինչդեռ Ռոբինն առանձնացավ՝  ծրագրելով, թե ինչպես կարելի է ամենալավ ձևով փախցնել նրանց։ Հանկարծ  նկատեց մի ուխտավորի, որը համարձակ քայլերով մոտեցավ Ռոբինին և խնդրեց նրա օգնությունը. գիտեր, որ Ռոբինը սովորաբար օգնում է խեղճ ուխտավորներին։

– Հե՛յ, հիմա՛ր ծերուկ, ի ՞նչ  նորություն կա,– ասաց Ռոբինը։– Քեզ եմ հարցնում, ի ՞նչ նորություն կա։

– Նոթինգեմում երեք մարդու մահվան են դատապարտել,– պատասխանեց  ուխտավորը։–Սրանից էլ մեծ նորությո՞ւն։

Մի լավ միտք ծագեց Ռոբինի գլխում։

– Ծերո՛ւկ, արի փոխենք մեր շորերը,–ասաց նա,– ես քեզ քառասուն արծաթ շիլլինգ  կտամ։

– 0՜, քո շորերը լավն են,– գոչեց ուխտավորը,–իսկ իմը՝ հին։ Չի  կարելի ծերուկիս այդպես հեգնել։

– Իսկ ես չեմ հեգնում։ Արի փոխենք մեր շորերը։ Ա ՛ռ քեզ քսան ոսկի։

Ուխտավորը համաձայնեց»։

«Անտարես» հրատարակչության կողմից «Կողմնացույց» մատենաշարով հրատարակված «Ռոբին Հուդ» միջնադարյան լեգենդը՝ անգլերենից Պ․ Մեսրոպյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Պենտագոնը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկությությունները’
Հաջորդ հոդվածը‘Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է’