‘Գրանորություն. Վիլյամ Սարոյանի «Հին երկրից բերած խրատական առակները»’

3910

Առակները հիմնականում «բերվում» են՝ պեղումներում գտնված ցուցանմուշների նման, որոնք, սովորաբար, հանգրվանում են անուն հանած թանգարանների ցուցասրահներում: «Բերված» առակները թվում են զվարճալի, «խոխմա», նույնիսկ՝ կոմիքսային, շարժանկարային էֆեկտ են ստանում: Եվ առակները սկսում են ապրել պեղված տարածքից հեռու՝ հաճախ սպունգի նման կլանելով նոր վայրերի ռիթմային-կենցաղային թրթիռները: Արդյունքում՝ ջնջվում են «ցուցանմուշը» ներկայացնող սառը, արծաթագույն տախտակի վրա նշված առակի իրական բնավայրի մասին տեղեկությունները: Նոր բնավայրի անունն է հայտնվում: Գուցե դիտավորությո՞ւն է: Չգիտեմ: Բայց մի օր՝ հաստատ, ավելի ճիշտ՝ հաստատ մի օր առակի բովանդակությունը դուրս է թռչում շարժանկարային-կոմիքսային շրջանակից՝ աղաղակելով իր իրական «ազգանվան» մասին:

«Թե ինչ է լինում, երբ փորձում ես գոհացնել որոշ մարդկանց:  Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչ լավագույնն էին տալիս, թե՛ ուտելիքի, թե՛ հագուստի և թե՛ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: Մի օր էլ, խիստ զայրացած ու հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

 -Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի»:

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Վիլյամ Սարոյանի «Հին երկրից բերած խրատական առակներ» գիրքը՝ Արամ Արսենյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դադարեցվել է գործարար Հայրապետյանի գործի քննությունը’