‘Գրանորություն. Oթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը’

2236

Պատմությունը լայն ճանապարհներ ու հեռարձակ դաշտեր է սիրում, հարահոս, անվերջ շարժման ընթացք ու մեծություն, մեծություն, մեծություն․․․ Պատմության մեջ ամեն ինչ հսկա է, նույնիսկ՝ սխալն ու դավաճանը։ Մեծության զարմանալի առկայությունից հաճախ այնպիսի տպավորություն ես ստանում, որ արձաններն ու սրբապատկերներն են պատմության սարսափազդու գիրքը գրել, որ եթե այդ «անձանց» երակներում արյուն հոսել է, ապա հոսել է հանուն Պատմության թափվելու համար։ Հիրավի՜ անցյալում ամեն ինչ խոշոր է ու վեհ՝ նման գահի կամ եպիսկոպոսյան վեղարի, նման՝ բերանի փակ գրադարանի, որը հին-վտանգավոր գրքերով է լեցուն։ Իսկ, ո՛րն է պատմության մեջ քո տոհմի նշանակությունը․․․ Կրկին՝ մեծություն, մեծություն, մեծություն․․․ Բայց զարմանալիորեն գալիս է մի օր, երբ ժամանակային խոշորացույցն ինքնըստինքյան անէանում է, ու քո դարակազմիկ «տոհմածառը» ուսումնասիրելու դեպքում՝ ի վերջո հանգում ես մի կետի․․․ Կետ, որից պատմության չվերջացող բազմակետն է սկսվում․․․

«Նրա նախնիներն այնքա՜ն թույլ տվեցին միևնույն սխալը, այնքա՜ն կուլ գնացին  միևնույն խայծին, որ վերջում թշնամու բկին անգամ հասավ նրանց հիմարությունը, հոգնեց նրանց հետ պահմտոցի խաղալուց ու լրիվ ջնջեց նրանց հաշվից՝ նրանց երազկոտ թագավորների հետույքներից քրքրված-մաշված գահը դրեց սայլին, և, ով իմանա, Սանկտ Պետերբուրգի ո՛ր ջրխեղդ նկուղում է այն հիմա նեխում… Ահա նման անարգանքներ էր  ֆշֆշացնում  բարձի վրա սրբապատկերի պես դրված ու օձի պես իմաստուն գիրքը մանկության ժամանակ,  ու նա էլ,  ամբողջ  մանկության ընթացքում վերմակի  տակ,  գրպանի լապտերի լույսով կարդում էր  հայրենիքի մահախոսականները, բայց կարգին չէր  ըմբռնում  հայրենիքի  մահվան  պատճառը,  չէր հասցնում պարզաբանել, ավելի  ճիշտ՝  միանգամից ուզում էր ըմբռնել ճշմարտությունն ու շտապում էր, հուզվում էր, քանի որ ամեն պահ կարող էր ներս մտնել հայրը (առանց թակելու), և ինքը չէր հասցնի օձի պես իմաստուն գիրքը պահել բարձի տակ: «Հայրդ չպիտի՛ տեսնի այս  գիրքը»,–  միշտ  հատուկ  զգուշացնում էր գրադարանավար Նիկոլոզը,  բայց Նիկոլոզն արդեն  իզուր է վախենում իր հորից՝ այսօր առավոտյան, չէ, բայց երեկ առավոտյան ինքը  խոհանոցի  կացնով  ջարդեց  սեփական հոր գլուխը»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Oթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը՝ վրացերենից Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Վանա Իշխանը ազատական մամուլի դերի մասին’