‘Գրավաճառներին փողոց են շպրտում ‘

1467

Երեկ Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գետնանցումում իսկական սուգ էր հայտարարված: Բանն այն է, որ այս «տարածքի տերը», ինչպես նրա մասին արտահայտվում էին գետնանցումի գրավաճառները` կա՛մ զգուշությունից ելնելով, կա՛մ իսկապես անձամբ չճանաչելով, վերջիններիս ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է տվել` «փասա-փուսեքը հավաքելու և տարածքը մաքրելու համար»:

Բա հիմա ի՞նչ եք անելու,- հարցնում եմ գրավաճառ Գարիկին:

— Մենք էլ չգիտենք, մոլորվել-մնացել ենք: Չգիտեմ էլ` որտեղ կարող ենք տարածք գտնել: Առանց էդ էլ ցրտի, շոգի անմարդկային պայմաններում ընդամենն օրվա հաց էինք վաստակում` տարածքի վարձավճարը տալու հետ մեկտեղ:

Մոտենում եմ մեկ այլ գրավաճառի:

Ես ձեզ դեռ Վերնիսաժից եմ հիշում: Գուցե վերադառնաք այնտե՞ղ,- ասում եմ:

— Ախր` ո՞ւր վերադառնանք, ո՞նց վերադառնանք: Էնտեղ սաղ իրար գլխի լցված են, գնանք որտե՞ղ կանգնենք, ո՞նց բան ծախենք: Էստեղ մարդաշատ էր. օր ա լինում` թեկուզ եթե մի խոշոր գիրք էլ չենք կարողանում ծախել, բայց գոնե գնալ-գալիս մեկը թեկուզ մի հարյուր դրամանոց ներկելու գիրք էր առնում իր բալիկի համար, որ կարող էր ուրիշ տեղից վերցնել, ու մենք էդ կոպեկներով էինք ապրում: Հիմա ոնց ա լինելու` չգիտեմ, գլուխս պայթում ա, ելք չեմ գտնում:

Ահա: Ընտրություններ կոչվող միջոցառումը նոր է ավարտվել, և գործընթացը նույնիսկ դեռ հրապարակային վիճարկման շրջանում է, բայց մեր բնակչությանը տարատեսակ խոստումներ շռայլած վարչախումբն իր քաղաքականության արդյունքում մարդկանց մի խմբի էլ է փողոցում հայտնվելու առաջ կանգնացրել: Կասեք` վարչախումբն ի՞նչ կապ ունի: Ուղիղ: Որովհետև եթե մեկը կա, ով պիտի բացատրի, թե ինչու և ո՛ր իրավունքով են, ասես սովորական տարածքներ` այս երկրի, մայրաքաղաքի ենթակառուցվածքները սեփականաշնորհվում ու վարձակալության տրվում` միաժամանակ անսահմանափակ իրավունքների շնորհմամբ, կառավարությունն է: Կառավարությունը, ով այս դեպքում էլ, անշուշտ, առաջինն է պատասխանատու այս մարդկանց ճակատագրերի համար:

Խնդրի առնչությամբ, ի դեպ, զրուցեցինք Հայ ազգաին կոնգրեսի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ:

Տիկին Թադևոսյան, նորմա՞լ է, որ կառավարությունը սեփականաշնորհում կամ վարձակալության հիմունքներով գետնանցումները, որ ենթակառուցվածք ենտրամադրում է մարդկանց, ովքեր, ահա, ինպես ուզում` այդպես էլ տնօրինում են դրանք

-Հանրապետության բոլոր ճանապարհները, մայրուղիները, մայթերը, գետնանցումները, այո, ենթակառուցվածքներ են, հանրային սեփականություն, և դրանց մասնավորեցումն աբսուրդ է: Մասնավորապես` գետնանցումների (սովորական, թե մետրոյի) վերաբերյալ երկու բան կարող եմ ասել: Նախ` դրանք ինչ-որ առումով ռազմավարական նշսանակության տարածքներ են, որոնք պատերազմական իրավիճակներում ծառայում են կամ կարող են ծառայել որպես թաքստոցներ: Երկրորդ` մասնավորեցված գետնանցումները, ինչպես ցույց է տալիս փորձը, ավելի մեծ թվով վարձակալների ներգրավման շնորհիվ դառնում են դրանց սեփականատերերի կողմից գերշահույթներ կորզելու միջոց, և, ի վերջո, այդ կառույցները դադարում են ծառայել իրենց հիմնական նպատակին: Պետք է սահմանվեն գետնանցումները առևտրային նպատակներով շահագործելու հստակ կանոններ, որոնցում, առաջին հերթին, հաշվի կառնվեն հետիոտնի շահերը, ապա նաև` հստակ կամրագրվեն բոլոր այն պահանջները, որոնք կբացառեն այսպիսի իրավիճակները:

Այպիսով` սպասում ենք կառավարության արձագանքին: Թե չէ, ինչպես գրավաճառներից մեկն ասաց` «Ստացվում է, որ քվե խնդրելիս կամ գողանալիս կան, իսկ էս պահին անհետացել են»…

Գոհար Սիմոնյան

Հ.Գ. Ի դեպ, մենք շատ այլ հետաքրքիր հարցերի մասին էլ զրուցեցինք տիկին Թադևոսյանի հետ, ինչը կներկայացնենք հաջորդիվ:

Նախորդ հոդվածը‘Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը Վազգեն Սարգսյանին (1998, նոյեմբեր)’
Հաջորդ հոդվածը‘Թաքնված տեսախցիկը դաժան փորձության է ենթարկել նյույորքցիներին (տեսանյութ)’