‘Գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը հանգիստ է’

816

Հայաստանում իրականացվում է գրիպի և սուր շնչառական վարակների ամենօրյա մշտադիտարկում: Հիմք ընդունելով մշտադիտարկման տվյալները` 2015 թվականի փետրվարի 22-ի դրությամբ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2050-ով:

Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ Հայաստանում 2014 թվականի հոկտեմբերից ուժեղացվել է հսկողությունը գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ:

Անդրադառնալով հանրապետությունում սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշներին` նա նշել է, որ արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծության համաձայն, դրանք ևս չեն գերազանցում սուր շնչառական վարակներով հիվանդացության շեմը, ինչպես նաև դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: «Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում: Նույն իրավիճակն է նաև ստացիոնար բուժում պահանջող հիվանդների շրջանում: Սակայն աշխուժացում է նկատվում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` պայմանավորված 0-2 տարեկան երեխաների դիմելիությամբ»,- ասել է Վանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Մեսսին ձախողել է վերջին տասը 11-մետրանոցներից հինգը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Whoscored.com. Մխիթարյանի գնահատականը ամենաբարձրն է դորտմունդցիների կազմում’