‘Գրքի գողը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման ‘

877

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց ՀՀ ազգային գրադարանից և Երևանի պետական համալսարանի գրադարանից առանձնապես խոշոր չափերի գողությունների գործով դատավճիռը: Ըստ այդմ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:

Ամբաստանյալ Երվանդ Ղամբարյանը դատապարտվեց 5 տարվա, ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը չորսուկես, ամբաստանյալներ Վարդան Եղիազարյանն ու Կարեն Հովհաննիսյանը՝ 4-ական տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Հասմիկ Դուրգարյանը դատապարտվեց 5 տարվա պայմանական ազատազրկման՝ նույնքան տարվա փորձաշրջանով, իսկ ամբաստանյալ Աբգար Հովսեփյանը՝ 500 հազար դրամ տուգանքի:

Դատարանը ապացուցված համարեց մեղադրանքն, ըստ որի ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ.-ի հուլիսից մինչև 2011թ-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և այնտեղից գողացել` գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:

Դատարանը հաստատված համարեց նաև մեղադրանքն առ այն, որ Վ. Ազարիաշվիլին «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հ. Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաև հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական եւ աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր: Ըստ մեղադրանքի, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:

Դատարանն առանց քննության թողեց ԵՊՀ և Ազգային գրադարանների քաղհայցերը՝ գործում եղած նյութերի ու տուժողների կողմից ներկայացված քաղհայցերի միջև անհամապատասխանության պատճառով: Դատարանը պարզաբանեց, որ քաղհայցվորները կարող են դիմել դատարան՝ քաղաքացիական գործի շրջանակներում: Հայտնում է Փաստինֆոն:

Նախորդ հոդվածը‘«Միլան» — «Բարսելոնա» Կապելլոյի կոմից «Դրիմ թիմ»-ի ջախջախումն ու նոր Բարսայի սկիզբը’
Հաջորդ հոդվածը‘Վաղը կհրապարակվի նախագահական ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձևաչափի մասին որոշումը’