‘Գևորգ Կոստանյանը պնդում է, որ Պերմյակովը պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում’

1369

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վ. Պերմյակովին այսօր Հայաստանի քննիչները մեղադրանք են առաջադրելու, և նա պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Վերջինիս հավաստմամբ՝ նախաքննության և դատավարության ընթացքում մեղադրյալը գտնվելու է ՀՀ տարածքում և արդարադատության առաջ կանգնելու է նույնպես ՀՀ տարածքում: Այսքանով հանդերձ՝ Կոստանյանը տարբերակել է ՀՀ տարածքը և ՀՀ իրավապահ մարմինների իրավազորությունը՝ նշելով, որ Պերմյակովը գտնվում է ՀՀ տարածքում, բայց Ռուսաստանի իրավազորության ներքո: Մինչդեռ Կոստանյանը հստակ չպատասխանեց՝ որ դատարանի առաջ է կանգնելու՝ Հայաստանի՞, թե՞ Հայաստանում տեղաբաշխված Ռուսաստանի 5-րդ կայազորային դատարանի:

Գևորգ Կոստանյանը նշեց նաև, որ դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը, այդ թվում և զենքը, գտնվում են ՀՀ իրավապահ մարմինների մոտ: Փորձաքննությունները նույնպես կիրականացվեն ՀՀ փորձագիտական կենտրոններում:

Ինչ վերաբերում է կասկածյալին հայտնաբերելու գործին, Կոստանյանը ասաց, որ դա տեղի է ունեցել փոխօգնության արդյունքում, սակայն անուղղակի կերպով հաստատեց, որ կասկածյալը, այդուհանդերձ, գտնվում է ռուսական իրավապահ մարմինների իրավազորության ներքո՝ նրանց կողմից հայտնաբերվելու և ձերբակալվելու հետևանքով:

Անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների պահանջին՝ 6 մարդու սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պրեմյակովին անհապաղ հանձնել հայկական իրավապահ մարմիններին, տեղափոխել նախնական կալանքի վայր ու դատը իրականացնել Հայաստանում, գլխավոր դատախազը նշեց, որ նման բազմամարդ կամ ոչ բազմամարդ հավաքները չեն կարող անդրադառնալ քրեական գործի քննության վրա:«Մենք իրականացրել և իրականացնում ենք մեր գործառույթները՝ անկախ որևէ հանրահավաք լինելու փաստից և անկախ որևէ պահանջից»,- ասաց Կոստանյանը:

Գործի նախաքննության մասին խոսելիս Կոստանյանը ընգծեց, որ նախաքննությունը կընթանա Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրություններին համապատասխան` երկու երկրների օրենսդրական ակտերի համադրմամբ:

Դատախազը չցանկացավ մեկնաբանել ռուսաստանցի իրավապահների այն որոշումը, համաձայն որի՝ Պերմյակովին սպանության համար մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենգրքով: «Ես չեմ կարող ասել, թե ռուսաստանցի իրավապահներն ինչու են իրեն մեղադրանք առաջադրել սպանության փաստի կապակցությամբ, ես չեմ կարող մեկնաբանել իրենց կայացրած որոշումները»,- հայտարարեց Կոստանյանը:

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Ավետիսյաններին (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայում հատուկ դրություն է մտցվել’