‘Գ. Ջհանգիրյանը ավագանու ընտրությունների և իշխանափոխության «սահմանադրական ճանապարհի» մասին ‘

1342

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով հարցին, թե ո՞վ է ղեկավարելու 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար ՀԱԿ խմբակցության առաջարկով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովը, ասաց. «Նախագծում հստակ գրված է՝ հանձնաժողովն ունենալու է 7 անդամ, հետևաբար՝ նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ձայների մեծամասնությունը՝ առնվազն 4 քվե»:

Իսկ թե ինչո՞ւ ժամանակին ՀԱԿ-ը որևէ ներկայացուցիչ չգործուղեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նախկին հանձնաժողովի կազմում, Ջհանգիրյանը որպես հիմնական պատճառ նշեց այն, որ այն ժամանակ Կոնգրեսի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունք կունենար, ինչն իրենց համար անընդունելի էր:

Ջհանգիրյանն անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին: Հիշեցնելով, որ ՀԱԿ ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը` Ջհանգիրյանը նշեց. «Վահագն Խաչատրյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետը, ընդ որում՝ աշխատել է ծանր տարիներին: Այնպես որ, հաղթանակի դեպքում մեր թեկնածուն լինելու է հենց Վահագն Խաչատրյանը»: Իսկ թե որքա՞ն ձայն կարող է ստանալ ՀԱԿ-ն այս ընտրություններում, Ջհանգիրյանը չմանրամասնեց:

ԱԺ ՀԱԿ պատգամավորը խոսեց նաև ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ Փողերի լվացման վերաբերյալ օրենքում փոփոխությունների նախագծի մասին: Ըստ նրա՝ օրենքը կիրառելու փոխարեն օրենքներն են փոխում:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն կատարել տերմինը, նշեց. «Քանի որ մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունն իր մեջ ամեն ինչ պարունակում է: Ժողովուրդն է իշխանության միակ աղբյուրը, կարող է ամեն ինչ անել, հիմա դա սահմանադրական է, թե ոչ, ինքներդ գնահատեք: Ժողովուրդն ազատ է իրեն տրված իշխանություն ձևավորելու իրավունքի հետ վարվել այնպես, ինչպես ինքն է կամենում»:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Բոլորս էլ պատրաստ ենք Չեխիայի խաղին’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհը փոթորկվել է Իսրայելի նախկին նախագահի ինքնասպանության մասին լուրից’