‘Գ. Սահակյանի որդին չի զիջում հորը. Հոսանքը 10 %-ով է թանկացել, պետծառայողների աշխատավարձերն էլ մոտ 100 %-ով բարձրացել է. Տեսանյութ’

1616

Գալուստ Սահակյանի որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, քաղաքական «մտքեր» արտահայտելու առումով, կարծես, փորձում է ոչ միայն չզիջել հորը, այլեւ՝ անցնել նրան:

Մասնավորապես, Yerkir.am-ի հետ զրույցում Սահակյան կրտսերը ուշագրավ մտքեր է հայտնել էլեկտրաէներգիայի թանկացման մասին:
«Կոնկրետ չգիտեմ, թե ինչքան է թանկացել, բայց չեմ կարծում, որ էդ թանկացումը մեծ ազդեցություն ա ունենալու: Եթե 10 տոկոսով թանկացել է, ապա պետական ծառայողների ու քաղծառայողների աշխատավարձերն էլ մոտ 100 տոկոսով է բարձրացել», — ասել է նա: 
Չէ, Արման Սահակյանը թերեւս լավ կանի՝ հայրիկից օրինակ չվերցնի եւ նման հարցերին չպատասխանի, թե չէ՝ անհարմար բան է ստացվում: Նախ, եթե իրենք հոսանքի 10 տոկոս թանկացումը խնդիր չեն համարում, քանի որ գումարի խնդիր չունեն (եւ ոչ միայն այն պատճառով, որ ե՛ւ իր, ե՛ւ իր հոր աշխատավարձերը բարձրացել են մեծ գործակիցներով, այլ նաեւ այն պատճառով, որ գծատեր հայր ու որդին գծերի հաշվին կարող են փակվել այդ գումարները), ապա դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն էլ ե՛ւ/կամ գծատեր են, ե՛ւ/կամ մեծ գործակիցով աշխատավարձի բարձրացում են ունեցել: Բանն այն է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում առկա մոտ 8000 պետծառայողներից միայն մոտ հազարի դեպքում է (նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, նախարարներ, պատգամավորներ), որ աշխատավարձի զգալի բարձրացում է եղել:

Մնացածի դեպքում գործակիցը սահմանվել է 1.5-ից մինչեւ, լավագույն դեպքում ՝ 3.5: Եւ նրանց պարագայում շա՜տ չափազանցված է ասել, թե աշխատավարձերը բարձրացել են 100 տոկոսով: Թերեւս, Սահակյանները կարծում են, որ եթե իրենց գործակիցը բարձր է, նշանակում է՝ կարելի է ասել, որ բոլորի դեպքում էլ մոտ 100 տոկոս բարձրացում է եղել: Եւ բացի այդ, աշխատավարձերի բարձրացում նախատեսվում էր միայն պետական ապարատի աշխատակիցների համար, որոնց դեպքում արդեն իսկ օրենքով ուժի մեջ է մտել սոցվճարների անունով ներկայացած կենսաթոշակային պարտադիր համակարգը: Սա՝ մեկ: Եւ երկրորդ, Հայաստանի բոլոր բնակիչները պետծառայող չեն: Ավելին, պետծառայողները շատ քիչ տոկոս են կազմում: Եւ այնպես չէ, որ 10 տոկոսով միայն նրանց հոսանքն է թանկացել:

Այնպես որ՝ Արման Սահակյանը լավ կանի՝ նման թեմաներով քիչ խոսի: Եւ նույնն էլ խորհուրդ տա  հորը:

Տեսանյութը՝ Yerkir.am-ի

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները որդեգրում են «էշ, մի սատկի՝ գարուն կգա» քաղաքականությունը’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կողմերի կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ խաղաղության հասնելու ուղղությամբ’