‘Գ. Սահակյան. Անկախ մոսկովյան հանդիպումից` Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը’

923

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: 
«Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրոմիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահակյանը:

Նա նշել է, թե համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա. հետևաբար՝ Հանրապետականի փոխնախագահը Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին — Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չի սպասում՝ ընդգծելով, թե սա հերթական հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ:

«Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը», — «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Սահակյանը արձագանքել է․  «Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ  — ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումները այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ: Այսպես թե այնպես, դեռևս ինֆորմացիա չկա, որ մենք մտնում ենք Մաքսային միություն: Նույնիսկ եթե որոշակի հանգամանքներ ծնվեն, քանի որ մաքսային սահման չունենք՝ մենք այստեղ որոշակի վերապահումներ կունենանք, կարծում եմ», — ասել է իշխող կուսակցության փոխնախագահը:

Նախորդ հոդվածը‘Համեցեք սեպտեմբերի 32-ին Գյումրի՝ բնակարանամուտի, կամ անունս փոխում եմ՝ դնեմ Գյուլչիթայ’
Հաջորդ հոդվածը‘Յոահիմ Վացկեն՝ Մխիթարյանին. Այժմ դու գիտես, թե ինչու քեզ համար նման գումար վճարեցինք’