‘Դադարեցվել են Լիսկայի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քննչական գործողությունները’

1436

Մեկուկես ամիս առաջ Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի քննչական գործողությունները դադարեցված են։ Մարզպետի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, ով արդեն վեցերորդ օրն է հետախուզման մեջ է գտնվում, ոստիկանները դեռ չեն հայտնաբերել։ Այս մասին այսօր «Ազատության»-ը տեղեկացրեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Մոտ մեկ ամիս առաջ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախաքննական մարմնից պահանջել էր Սդղի գյոլի աղմկահարույց քրեական գործի նյութերը՝ ճշտելու թե արդյոք ճիշտ քրեական գնահատական է տրվել մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։ Քննչական կոմիտեն, սակայն, նյութերը չէր ուղարկում՝ պատճառաբանելով, որ քննությունն ակտիվ փուլում է, դրա ընդհատումը նպատակահարմար չէ, իսկ դատախազը կարող է գալ և տեղում ծանոթանալ նյութերին։

Սոնա Տռուզյանի խոսքով, քանի որ դատախազը չի եկել, ընդհատել են քննչական գործողությունները, նյութերն ուղարկել Գևորգ Կոստանյանին։

Դատախազությունից առայժմ չեն պատասխանում, թե ուսումնասիրություններն ինչ փուլում են, և երբ գործի նյութերը հետ կուղարկվեն նախաքննական մարմնին։

Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով միջին և ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։

Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով: Վերջինս 2004 թվականին Մայիս Խաչատրյանը դանակի 12 հարվածով սպանել էր 30-ամյա մի երիտասարդի, դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել էր պատժից։ 2010-ին ծանր հանցագործության համար դատապարտված Մայիս Խաչատրյանին ներում է շնորհել Սերժ Սարգսյանը։ 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Նոր Նորքում’
Հաջորդ հոդվածը‘«Ամերիկյան աստվածներ»-ի հեռուստատեսային տարբերակը փնտրում է գլխավոր կերպարի դերակատարին ‘